կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-25 10:52
Աշխարհ

Ամեն մի հայի ձեռքի մեջ մի սպի է, բայց…

Ամեն մի հայի ձեռքի մեջ մի սպի է, բայց…

..Երկրագնդի  որ   անկյունն էլ   գնաս,   կհանդիպես  նրան : Եվ  նա  քեզ   կպատմի    իր  գլխով  անցածը:  Կխոսի  իր  մասին,  պապի  մասին,  կորցրած   ազգականներից  մեկի մասին:   Իսկ   եթե   չհավատաս, նա  ցույց  կտա  իր  կամ   թոռնիկի  ձեռքը,   ստիպված  կլինես  հավատալ,  քանզի   ամեն   մի  հայի   ձեռքի  մեջ  մի սպի  է.  Որից  դեռ  արյուն  է  կաթում……                               

 Վահե Քաչա

 

 

Այս պատմությունը մի գերդաստանի պատմություն է, որի «կաղնեպապը» եղեռնից մազապուրծ մի հայ է, մեկը  նրանցից, ովքեր  ուրիշի  արտը քար չէին գցել, ովքեր…..

 

Իսկ  պատմությունն այս սկսել եմ ուզում անցյալից, առանց  որի ներկան ճիշտ չի ընկալվի, իսկ ապագան անորոշ ու մշուշոտ կերևա……

 

Կիլիկիայի Հաճն քաղաքում ծնված ջրաղացպան Խաչատուրը, որը սիրված, հարգված անձ էր, սիրով էր կատարում իրեն բաժին ընկած  գործը, աղում էր աղունը, անտրտունջ  ճանապարհում յուրաքանչյուրին ու վարձատրվում նրանց օրհնանք–բարեմաղթանքներով:

 

Երբ  հավաքվում էր   Խաչատուրի  ընտանիքը`  թվով  9 հոգի,  թունդ  էր  առնում  սիրտը,  փառավորվում   հոգին,  ու   ձեռքերն ու  հայացքը   երկնավորին  էին   ուղղվում,  փառք տալիս  Աստծուն:   Այդպես  էլ   կշարունակեր   ապրել   Խաչատուրի   ընտանիքը,  եթե…

 

Մեկը  ցորեն էր բերել աղալու ու հենց նրանից էլ  իմացավ գույժը… Այն ինչպես կրակ շանթեց հոգին… Սկզբում չհավատաց, չցանկացավ   հավատալ,  բայց…  Թալեաթի  կամակատարը`Նազմը բեյը, հրաման էր տվել…

 

«Հայ ազգը պետք է արմատախիլ արվի, մեր հողի վրա անգամ մի մարդ չպետք է մնա, հայ անունը պետք է մոռացվի»:

 

Ջուրը  ջրաղացի վրա թողեց, աղունը`ամբարում, տան դռները կրնկի վրա բաց ու …

 

1915  թիվն  էր ոսոխը  վրա  տվեց:

 

Ողջ  քաղաքի բնակչությունը, մեծ, թե  փոքր ենիչերիների խմբերի կամայականություններին, կտտանքներին հանձնվեց… Թափառական  գումակը հանգրվանեց արաբական  Տեր Զոր անապատում:

 

Գաղթականները «տեսակավորվեցին»: Գեղեցիկ հայուհիները «նախատեսված» էին հարեմների ու թուրք մեծամեծերի համար,  երեխաները պետք է թրքանային, իսկ «ոչ պիտանիները» էն աշխարհ գնային:

 

Ջրաղացպան Խաչատուրը կարկամել էր, հայացքը երկինք պարզել … «Գերդաստանիցս գոնե մի նմուշ մնա»:

 

Արաբ  հարուստ մի մարդ  նրան բարի առաջարկ արեց. մեկ տղան ու աղջիկը տալ իրեն`գոնե դրանց փրկելու համար: Ստիպված  էր` չարիքի  փոքրագույնն  էր:

 

Վայնասունի մեջ որդին մորը չէր գտնում, մայրը` ծծկերին…

 

Դժոխք, քաոս… Մինչև 1919 թվականը…

 

***


Մի  կառք հայտնվեց: Եկվոր աստիճանավորը  հայտարարեց, թե  սուլթանը տապալվել է, Մուստաֆա Քեմալը ձեր կյանքը ձեզ  է  բաշխում: 

 

Ավելի քան 30 հազարանոց քաղաքից 6000-ն էլ չվերադարձավ: Ջրաղացպան  Խաչատուրի ինը երեխայից չորսը մնաց…

 

Իսկ  Վարդուհին  ու Վարդավառ որդին բարի արաբի մոտ էին… 

 

Որտեղ  էին….

 

1920 թվական:

 

Նորից  բռնի  տեղահանում:  Խաչատուրն ու իր համաքաղաքացիները դիմադրում  էին, ինչպես կարող էին, բայց կատարվեց անասելին…

 

Խաչատուրի որդու` Նազարեթի  աչքի  առաջ խոցվում են մայրը, հայրը, երկու քույրն ու եղբայրը…  Դիմադրում են մինչև վերջին  փամփուշտը,  ապա` հազիվ 800-ը  մի  կերպ  փախչում, ով  ուր  կարող  էր:

 

Տան  միակ  ճրագը` Նազարեթը, հանգրվանում է Կիլիկիայի Ջիհան քաղաքում, որտեղ էլ ամուսնանում է Մեյբուլի հետ: 

 

Առայժմ  կոտորածի  վտանգը  չկար, քանի  որ ֆրանսիական  զորքերի  տնօրինության տակ  էր:

  

1921  թվական  Նորից  գաղթ… ու  այս  անգամ Խաչատրյանների նորաստեղծ  ընտանիքը փորձում է հաստատվել Սիրիայում: 

 

Նազարեթը բնակարան է կառուցում փայտի մնացորդներից.   Վարսավիր էր:  Այդ  տանն էլ  1922թ-ին ծնվում է առաջնեկը, որը կնքվում  է պապի անունով` Խաչատուր:

 

Աստծո կամքով և ի հեճուկս բոլոր տեսակի ֆեմալների  ու թալեաթների, ջեմալների  ծնվում են Մանուկը, Զոհրապը, Ազատը, Պարգևը,  Գիրգորը, Հակոբը, Սամվելը… «Հորս խոսքն էր`հայերի թիվը պիտի շատացնենք…»,-  ասում էր կնոջը:

 

-Նորից  պետք է  տեղահանվենք,-  ասում էին կինը, արդեն չափահաս երեխաները:  Մինչև…

 

Թափառականի  ցուպն առած, միանգամից  փոխելով Ամերիկա գնալու մտադրությունը, Նազարեթ Խաչատրյանն ուղղություն է վերցնում Հայաստան`հետևում թողնելով հարազատ վայրերը, սրտերում`կարոտ ու  թախիծ: Իսկ առջևում փրկության  ափն  էր,  իր երկիրը՝ Հայաստանը…

 

1947 թվական  «Պոբեդա»  նավը  Բեյրութից   հայրենիք  բերեց Խաչատրյանների 10 հոգուց բաղկացած ընտանիքը: 

 

Խաչատրյան  գերդաստանը    աճել  ու  բազմացել է` 8 զավակ, 33 թոռ, 100  ավելի  Խաչատրյաններ,  որոնք   դարձան շինարար ու կառուցեցին, դարձան բժիշկներ ու բժշկեցին.  ցանեցին,  հերկեցին,   կրթեցին,  պաշտպանեցին  և  նպաստեցին  այսօրվա  Հայաստանի  կերտմանը և վաղվա հզոր հայրենիքի կայացմանը:

 

Ա.Դավթյան