կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-23 15:48
Հասարակություն

Ադրբեջանն առաջնագծում նոր մարտավարական հնարքներ է կիրառում

Ադրբեջանն առաջնագծում նոր մարտավարական հնարքներ է կիրառում

Ապրիլի 24-ին ընդառաջ` Ադրբեջանն առաջին գծում նոր մարտավարական հնարքներ է կիրառում, ինչի հետևանքով իրավիճակն առավել սուր բնույթ է ստանում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

 

«Ադրբեջանական դիվերսիոն խմբերը, ներթափանցելով հայկական հենակետերի թիկունք, ականներ են տեղադրում, որոնց պայթյունը հեռակառավարման եղանակով է իրականացվում: Թիկունք ներթափանցելու և ականներ տեղադրելու պրակտիկան Ադրբեջանը նախկինում ևս կիրառել է, սակայն ներկայումս դրանք տեխնիկապես և որակապես այլ մակարդակով են իրականացվում: Ադրբեջանը, որպես կանոն, փորձում է ներկայացնել իր հաջողված գործողությունները, որի վերջին օրինակը ՊԲ զինվորական մեքենայի նկատմամբ իրականացվածն էր, սակայն, բնականաբար, ոչինչ չի ասում ձախողված գործողությունների և հատկապես` սեփական կորուստների մասին»,- ասաց փորձագետը եւ հավելեց, որ այս օրերին հայկական դիրքերում ուժեղացված մարտական հերթապահություն է իրականացվում:

 

«Ընդ որում՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ դիվերսիոն գործողություններ է իրականացնում՝ կայքերում ու սոցցանցում տարածելով իր օպերացիաների տեսանյութերը: Սա Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտնի ելույթի տրամաբանության շրջանակներում է, երբ նա, ըստ էության, հայտարարում էր, թե «թքած ունի» միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունների վրա՝ դրանք ներկայացնելով որպես «թղթի կտոր»,- նշեց փորձագետը:

 

Ըստ Աբրահամյանի` Ադրբեջանի ակտիվությունը միայն ապրիլի 24-ի գործոնով չէ պայմանավորված, ինչը նշանակում է, որ սահմանային անվտանգության հարցը պետք է ողջ տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահել: «Սահմանագծի տեխնիկական հագեցվածության հարցն առաջնային է, պետք է ճանապարհներ գտնել առաջին գիծը վերազինելու և նորագույն տեխնոլոգիաների միջոցով առավել արդյունավետ պահպանություն իրականացնելու հարցում: Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդը բավական ակտիվ է` ականանետեր, նռնականետեր են կիրառվում, դիպուկահարները օրուգիշեր առաջին գծից չեն հեռանում, իսկ դիվերսիոն խմբերը մշտապես ներթափանցման փորձեր են իրականացնում»,- ասաց նա: