Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության միտում դեռ չի դիտվում: Այս մասին երեկ Արցախում լրագրողներին հայտնեց Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:
Նրա խոսքով` նախորդ ամիսների համեմատ, լարվածության նվազման որոշակի միտում կա: «Ժամանակ առ ժամանակ լարվածության աճ է նկատվում, սակայն եթե համեմատելու լինենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, ապա լարվածությունը մի քանի անգամ նվազել է բոլոր առումներով: Կարելի է ասել` դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել են, արդեն դրանք չկան, վերջին անգամ եղել են փետրվարյան դեպքերը: Իսկ ինչ վերաբերում է տարբեր տրամաչափերի զենքերից արձակած կրակոցներին, ապա դրանք էլ մի քանի անգամ նվազել են»,- հայտնեց Մնացականյանը:
Նրա խոսքով` 2016 թվականի համեմատ, մի քանի անգամ քիչ է արձանագրված խախտումների քանակը: «Մեր կողմից տրված պատասխանները նպատակային են, տրվել են այնպիսի պատասխաններ, որ նման հարվածներ հասցնելու փորձ չձեռնարկեն: Աշխատել ենք այնպես անել, որ նրանց կրած վնասն ավելի շատ լինի, քան նրանց կողմից մեզ հասցվածը»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողությունների վերսկսումը, Լեւոն Մնացականյանը պատասխանեց. «Իհարկե, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի առաջնագծում լարվածությունը միշտ պահպանվի: Գնալով աշխատելու է, որպեսզի մեզ վնասներ հասցնի, մենք էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի համարժեք պատասխան տանք եւ անհրաժեշտության դեպքում, երբ նպատակահարմար գտնենք, վերջնական հարված հասցնենք»: