կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-21 16:38
Առանց Կատեգորիա

Ատել պետք չէ, նույնիսկ` թուրքերին

Ատել պետք չէ, նույնիսկ` թուրքերին

Պաշտոնական հայտարարություններից եւ օրվա լրահոսից առնվազն ենթադրելի է դառնում, թե ինչպես է անցնելու ապրիլի 24-ը, բայց մենք ոչինչ չգիտենք ապրիլի 25-ի մասին:

 

Մենք պետք է որոշենք, թե ինչ ենք անելու, բայց այնպես, որ մինչեւ հիմա արածի նման չլինի, քանի որ այն, ինչ մինչեւ հիմա ենք արել, Թուրքիային չի ստիպել ճանաչել Ցեղասպանությունը, հետեւաբար` մեղմ ասած, այդքան էլ արդյունավետ չի եղել:

 

Այս կապակցությամբ երեկ «Պոզներ» հաղորդման ժամանակ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը մեզ մի մեսիջ է տվել` ապրիլի 25-ից ինչպես ապրելու մեսիջը: Պատասխանելով Պոզների հարցին, թե` Դուք Ձեր ընտանիքում խոսո՞ւմ էիք Ցեղասպանության մասին, Ազնավուրն ասել է. «Ոչ, մենք այդ թեմայով առհասարակ չէինք խոսում: Մենք թուրքերին էլ չէինք ատում: Մայրս ու հայրս մեզ սովորեցնում էին չխաբվել եւ սուտ չասել»: Ահա եւ բանաձեւը:

 

Մինչեւ հիմա մենք միայն խոսում ենք Ցեղասպանության մասին` այս թեման դարձնելով բանուկ փողոցի ասֆալտի պես մի բան: Մտավախությունը, որ եթե չխոսենք, ապա սերունդները ո'չ կհիշեն, ո'չ կպահանջեն, հերքվում են Ազնավուրի տեսակով. մարդու ընտանիքում այդ մասին չեն խոսել, առհասարակ, բայց մարդն այսօր Ցեղասպանության հետ է ասոցացվում միջազգային մամուլում:

 

«Թուրքերին էլ չէինք ատում» հատվածը եւս անչափ կարեւոր է այս ամբողջության մեջ: Առհասարակ, ատել պետք չէ, նույնիսկ` թուրքերին: Երկու պատճառով` ատելությունը գուցե մեզ առաջ գնալու ուժ է տալիս, բայցեւ կորացնում է այդ ճանապարհին:

 

Հետեւաբար, մենք ոչ թե պետք է մեղադրենք, հաճախ` վիրավորենք, մերժենք այն թուրքերին, ովքեր ընդունելով, որ դա ցեղասպանություն էր, միեւնույն ժամանակ ընդգծում են, որ նաեւ պատմություն էր, այլ պետք է աշխատենք նրանց հետ, եթե, իհարկե, մենք ուզում ենք, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը:

 

Եվ երկրորդ` Ցեղասպանության տարիներին հայերին ցեղասպանվելուց փրկել են բազմաթիվ թուրքեր, գոնե նրանց, հետեւաբար` բոլոր թուրքերին մենք ատելու պատճառ չունենք:

 

Եվ ամենակարեւորը` «չստել եւ չխաբել»: Ազնավուրը սա միայն Ցեղասպանության մասով չի ասում, ուրեմն միայն թուրքերին չի ասում, նրա թիրախում անգամ Երեւան չժամանող «չանաքքալեիստները» չեն, այլ մենք:

 

Չստելով ու չխաբելով` մենք կարող ենք ուժեղ պետություն կառուցել, ինչը Ցեղասպանության միջազգային եւ վերջնական ճանաչման միակ ճանապարհն է, բայց միայն չստելն եւ չխաբելը ճանաչման համար բավարար չեն, պետք է նաեւ չխոսել այդ մասին եւ չատել թուրքերին:

 

Բայց այս ամենը` ապրիլի 25-ից, մինչ այդ դեռ ոչ լրիվ 4 օր կա` Ցեղասպանության մասին շատ խոսելու, թուրքերին որքան ուժ ունենք ատելու եւ, իհարկե, իրար, ինքներս մեզ խաբելու ու ստելու համար:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ