կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-18 13:15
Աշխարհ

The New York Times-ն իր խմբագրականում կոչ է անում Օբամային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

The New York Times-ն իր խմբագրականում կոչ է անում Օբամային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայտնի The New York Times պարբերական ուշագրավ հոդված է հրապարակել Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության և դրա հետևանքների մասին: «Թուրքիայի քմահաճ ամնեզիան» վերնագրված հոդվածը ներկայացնում ենք ստորև:

 

Հաջորդ ուրբաթ` ապրիլի  24-ին, հայերն ամբողջ աշխարհում նշելու են Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների  100-րդ տարելիցը, որն այժմ լայնորեն ճանաչված է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Լայնորեն, այսինքն` Թուրքիայից դուրս, որի կառավարությունը եւ թուրքերի մեծամասնությունը շարունակում են կատաղի հարձակումները նրանց վրա, ովքեր խոսում են Ցեղասպանության մասին:

 

Երբ Հռոմի պապն օգտագործեց այդ եզրույթը ուրբաթ օրը հայ զոհերի հիշատակին մատուցած պատարագի ժամանակ, Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին, եւ կառավարության նախարարը խորամանկորեն նշեց, որ Հռոմի պապը արգենտինացի է, իսկ «Արգենտինայում Հայկական սփյուռքը վերահսկում է մամուլն ու բիզնեսը»: Նույնիսկ նախքան Եվրոպական խորհրդարան`ի չորեքշաբթի ընդունած բանաձեւը, որով կոչ է արվում Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նաեւ «հայերի հետ իրական հաշտեցման» գնալ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այն, ինչ եվրոպացիներն ասում են,  «իր մի ականջից մտնում, մյուսից դուրս է գալիս»:


Թուրքիայի բռնած դժվար ուղին հատկապես ցավալի է, քանի որ նախորդ տարի պարոն Էրդողանը, կարծես, շարժվում էր դեպի ավելի հաշտվողական դիրքորոշում` ցավակցելով հայ զոհերի ժառանգներին և առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողով` ուսումնասիրելու պատմական ապացույցները: Նման հանձնաժողով չստեղծվեց, և այս շաբաթ պարոն Էրդողանը վերադարձավ Թուրքիային` որպես միջազգային զրպարտության զոհ ներկայացնելու ուղուն.  «Բացառվում է, որ Թուրքիան իր վրա ցեղասպանության նման բիծ ունենա»:


Ինչ վերաբերում է հայերին,  որոնցից միլիոնավորները Հայաստանի Հանրապետությունից դուրս` ամբողջ աշխարհում, սփյուռք են ձևավորել, պահանջելով կործանված Օսմանյան կայսրությունում իրենց նախնիների զանգվածային սպանությունների, մահվան երթերի եւ համակենտրոնացման ճամբարների գոյության իրողության ճանաչու, որոնց ընթացքում զոհվել է 1.5 միլիոնը, տասնամյակներ շարունակ դա համարել են իրենց գլխավոր առաքելությունը: Թեեւ Թուրքիան խոստովանել է, որ շատ հայեր են մահացել, սակայն պաշտոնական բացատրությունն այն է, որ դա եղել է տհած պատերազմի տհաճ դրվագ, այլ ոչ թե մարդկանց ոչնչացնելու կանխամտածված փորձ, այլ կերպ ասած` ցեղասպանություն չէ: Հակառակը պնդելը հանցագործություն է Թուրքիայում` «թուրք ժողովրդին վիրավորելու» փորձ, եւ անհանդուրժելի, երբ ասվում է օտարերկրացիների կողմից:

 

Ասածս այն է, որ Թուրքիան չի կարող ազատվել այն բեռից, որը կասկածներ չի թողնում, որ Առաջին աշխարհամարտի տարիներին եւ դրանից հետո հայերի դեմ  կազմակերպված արշավ է իրականացվել: Պարոն Էրդողանը անցյալ տարի ճիշտ ուղու վրա էր, երբ կոչ արեց  անկախ հանձնաժողով ստեղծել, եւ դժվար է հասկանալ, թե ինչու է նա այժմ ետ քայլ արել: Որքան երկար թուրքերը հրաժարվեն ուսումնասիրել եւ ճանաչել այդ պատմությունն` ամբողջությամբ, այնքան ավելի մեծ վնաս կհասցվի Թուրքիայի միջազգային հեղինակությանը:


Միացյալ Նահանգները չպետք է համակերպվի այդ մերժողական կեցվածքի հետ: 2008-ին` իր նախագահական քարոզարշավի ընթացքում, Բարաք Օբաման հայտարարել էր. «Որպես նախագահ` ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»: Սակայն, ինչպես իր նախորդներընա չէր ուզում վշտացնել ՆԱՏՕ-ի իր կարևոր դաշնակցին:


Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելը կարեւոր է, բայց Միացյալ Նահանգները պետք է առնվազն միանա Եվրոպայի եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի քայլին` հասկացնելու համար պարոն Էրդողանին, որ ամենամեծ վտանգը Թուրքիային հասցվում է ոչ թե որեւէ մեկի արտասանած «ցեղասպանություն» բառից, այլ 100 տարի առաջ կատարվածը ճանաչել հրաժարվելուց»: