Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոս Անջելեսի քաղաքական խորհրդի անդամներ Փոլ Գրիգորյանը, Միթչ Օ’Ֆարելը, Փոլ Քորեթսն ու քաղխորհրդի նախագահ Հերբ Վեսոնը համատեղ բանաձև են ներկայացրել՝ աջակցություն հայտնելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 154-րդ «Ճշմարտություն և Արդարություն» անվանումով բանաձևին, տեղեկացնում է Asbarez-ը:
Քաղխորհրդի բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և ստիպել Թուրքիայի կառավարությանը ճանաչել փաստերն ու Ցեղասպանության շարունակվող հետևանքները:
Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը սկսվել է ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից հայ մտավորականների, քաղաքական գործիչների և հոգևորականների ձերբակալությամբ, ինչին հետևել են տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային ջարդերն ու աքսորը` դեպքեր, որոնք կրկնվել են Հոլոքոստի ժամանակ, Կամբոջայում, Ռուանդայում, Հարավային Սուդանում և մնացած այլ ցեղասպանությունների ընթացքում: 1915-1923 թթ.-ին իրականացված Ցեղասպանության հետևանքով շուրջ 2 միլիոն հայ աքսորվել է, 1.5 միլիոնը սպանվել, 500 հազար վերապրածներ տեղահանվել են, և վերացվել է հայերի 3000-ամյա ներկայությունն իրենց պատմական հայրենիքից:
Հայոց ցեղասպանությունը լայնորեն ճանաչված է պատմաբանների և ցեղասպանագետների կողմից որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն և հաջորդող ցեղասպանությունների նախատիպ: Հայոց ցեղասպանությունը փաստագրված է անհաշիվ վկայություններով, որոնք առկա են Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Վատիկանի և այլ երկրների ազգային արխիվներում:
Լոս Անջելեսն աշխարհում հայկական ամենամեծ համայնքներից մեկի և Ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների տունն է: Կենսական նշանակություն ունի, որ ԱՄՆ կառավարությունը պատշաճ կերպով ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ոչ միայն ելնելով բարոյական սկզբունքներից, այլև օգնի կանխել ապագայում նման վայրագությունները:
«Ճշմարտություն և Արդարություն» բանաձևը, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ներկայացրել են կոնգրեսական Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյուիդ Վալադաուն և Ֆրենկ Փելոնը, առաջարկում է նոր մոտեցում ԱՄՆ ջանքերին` խթանելու հայ-թուրքական հարաբերությունները:
Քաղխորհրդի բանաձևը կոչ է անում նախագահ Օբամային պաշտպանել մինչ ընտրվելն արած իր իսկ հայտարարությունն առ այն, որ «Հայոց ցեղասպանությունն անհիմն պնդում, անձնական կարծիք, կամ տեսակետ չէ, այլ լայնորեն վկայված փաստ, որ հաստատվում է պատմական անթիվ ապացույցներով»:
Բանաձևը կոչ է անում Օբամայի վարչակազմին ճնշում բանեցնել Թուրքիայի նկատմամբ` լիարժեք ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստերն ու շարունակվող հետևանքները, գրված է քաղխորհրդի անդամների ներկայացրած բանաձևում:
Այն ապագայում կուղարկվի Քաղխորհուրդ՝ քվեարկության համար: