կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-20 11:10
Հասարակություն

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը. The New York Observer

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը. The New York Observer

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

The New York Observer պարբերականն իր խմբագրական հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, ինչպես նաև տեղեկացրել է Նյու Յորքում ապրիլին տեղի ունենալիք գիտաժողովի մասին, որը փորձելու է բարձրացնել հայերի դեմ գործված հանցագործության մասին իրազեկվածությունը: Հոդվածը ներկայացնում ենք ստորև:

 

1944 թվականին, երբ նացիստները շարունակում էին Եվրոպայի հրեաների կոտորածը, Լեհաստանից հրեա փախստական Ռաֆայել Լեմկինը գործածության մեջ դրեց մի նոր բառ՝ «ցեղասպանություն»: Այս նոր բառը նա սահմանում էր որպես «ազգային խմբերի ոչնչացում՝ հիմնված մշակութային, լեզվական, ազգային պատկանելության և կրոնի հողի վրա»:

 

Եվրոպայում տիրող շարունակական կոտորածը մեծ ազդեցություն է թողել նրա մտածողության վրա: Նմանատիպ ազդեցություն էր թողել նաև մեկ այլ սարսափելի իրադարձություն, որը մինչ նրա գրելը, գրեթե մոռացված էր. խոսքը 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածների մասին է:

 

Այս տարի լրանում է 20-րդ դարի ամենամռայլ իրադարձություններից մեկի՝ տարիներ շարունակ օսմանյան թուրքերի կողմից հետապնդված 1.5 մլն հայերի սպանության 100-րդ տարելիցը: Տարածաշրջանում գերիշխող քրիստոնյա հայերի համայնքը դարեր շարունակ կրել է Օսմանյան տիրապետության խտրականության և չարիքի տառապանքը: 1914 թվականի պատերազմի մեկնարկով թուրքական կառավարությունը հայերին դասեց իր հավանական թշնամիների շարքում՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ: Սկսած 1915 թվականի ապրիլից՝ հայերին հավաքում, արտաքսում, երթերով տանում էին սիրիական անապատի համակենտրոնացման ճամբարները: Հայերին հարյուր հազարներով սպանում էին, իսկ գույքը՝ առգրավում: Երեխաներին թունավորում էին, սակայն մահերն արդարացնում որպես բնական խնդիրների հետևանք:


Ապրիլին Նյու Յորքում տեղի կունենա համաժողով, որն ուղղված է դար առաջ հայերի հանդեպ իրականացրած հանցագործության իրազեկության բարձրացմանը, ինչին ջանասիրաբար փորձում է խոչընդոտել թուրքական ղեկավարությունը: Սակայն, քանի որ համաժողովն ընթանալու է «Պատասխանատվություն 2015» խորագրով, կազմակերպիչները քաջ գիտակցում են չարիքն իր անունով կոչելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Լեմկինը, իհարկե, գիտակցում էր դա: Հարց է՝ կունենա՞նք մենք նրա քաջությունն ու համոզվածությունը:

 

Ցեղասպանության մեղավորները թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հույս ունեն, որ Լեմկինի վրդովմունքն այլևս նորաձև չէ, այն զիջել է վախին և իրականությանն առերեսվելու դժկամությանը: Ոչ ոք, իհարկե, չի կարող ուսումնասիրել Առաջին համաշխարհայինի ընթացքում հայերի ճակատագիրը և հանգել եզրակացության, որ Օսմանյան կայսրության իրականացրած այդ ահռելի հանցագործությունը ցեղասպանություն էր:

 

Ապրիլի 24-ից Նյու Յորք ժամանող բանախոսները հույս ունեն հանցագործներին պատասխանատվության ենթարկելու դար առաջ իրականացրած 1.5 մլն մահերի համար: Սակայն, դժբախտաբար, անգամ նրանց խոսելու ընթացքում Սիրիայում, Իրաքում, Նիգերիայում և Լիբիայում արյունարբու ահաբեկիչները հպարտությամբ ցեղասպանություն են իրականացնում: Աշխարհը շարունակում է դիտել, հանցագործությունները՝ մնալ անպատիժ, իսկ հանցագործները՝ հպարտանալ իրենց թափած արյունով:

 

Մենք սովորելու շատ բան ունենք: