|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Եվրոպական 22 երկրներից մոտ 400 կազմակերպություն կոչ են անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրանք իրենց ստորագրությունն են դրել մի նամակ տակ, որը պատրաստել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը:
Նամակը Սպիտակ տուն է ուղարկվելու ապրիլի 3-ին` Օբամայի՝ Թուրքիա այցելության նախորդ օրը:
«Եվրոպայի հայերը, ինչպես նաեւ ժողովրդավար եվրոպացիները կշարունակեն խստորեն դիմադրել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը, քանի դեռ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը, քաջալերում է ռասիզմը եւ գործի է դնում փոքրամասնություններին հալածող օրենքներ»,- ասվում է նամակում:
Նշվում է, որ Օբամայի` Ցեղասպանությունը ճանաչելու խոստման կատարումը կնպաստի նաեւ Թուրքիայում ժողովրդավարացման զարգացմանը եւ կխթանի հայ-թուրքական հաշտեցման գործընթացը:
Նամակը եզրափակվում է խոսքերով, որ «ԱՄՆ-ի կողմից ցանկացած նահանջ կընկալվի որպես հանցակցություն Ցեղասպանություն իրականացրած Թուրքիային,որը շարունակում է իր արյունոտ գործողությունները»:
«Նախագահ Օբաման հնարավորություն ունի ցույց տալու,որ իտարբերություն իր նախորդների, քաջալերում է բարոյական պատասխանատվությունը, հարգանքը, արդարությունը եւ ճշմարտությունը: Իսկ եթե ԱՄՆ-ը չճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, ապա մեծ հիասթափություն կպատճառի մարդկանց, եւ ակնհայտ կլինի, որ նա շարունակում է իր նախորդների վարած քաղաքականությունը»,- ասել է Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը: