Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս է եկել մեծամասնականով ընտրված երեք պատգամավոր, ևս տասնմեկ պատգամավոր դուրս է եկել ԲՀԿ կուսակցությունից:
«Անկախ ամեն ինչից` մնում ենք երկրորդ ամենամեծ խմբակցությունը ԱԺ-ում: Մենք այժմ գործում ենք ընդդիմադիր դիրքերում: Իհարկե, չենք կարող հաշվի չառնել, որ ներքաղաքական դաշտում իրավիճակ է փոխվել: Կան մինչև 2017-ը առաջ շարժվելու պայմաններ և հնարավորություն` ոչ մի բան չբացառելով»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում չդադարող խոսակցություններն այն մասին, որ ԲՀԿ-ն գործելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանի կուրացիայի ներքո, և արդյո՞ք քննադատելու են վարչապետին, Միքայել Մելքումյանը նախ նշեց, որ իրեն զարմացնում է այդ հարցը:
«Ես արդեն որերորդ անգամ տարբեր հարցազրույցներում մերժում եմ այդ հարցադրումը՝ համարելով զավեշտալի: ԲՀԿ-ն մնում է, որպես քաղաքական դաշտի երկրորդ մեծության կայացած ուժը: Մենք որևէ հովանավորության կարիք չունենք, մենք ինքներս կարող ենք հովանավորել քաղաքական ուժի, ինքներդ գիտեք, չեմ ուզում փակագծեր բացել: Բայց եթե ուշադիր եք իմ ելույթներին, ես քննադատում եմ: ԲՀԿ-ն շատ հասցեական քննադատում է: Մերկապարանոց քննադատությունները մերժում եմ, որովհետև դրանք պետք է հիմնվեն խոր մասնագիտական հիմնավորումների վրա, անցել են այդ ժամանակները, որ պետք է անել անհիմն քննադատություններ»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկա պահին քննադատում է ԿԲ քաղաքականությունը, որը հիմնվում է գնաճի նպատակադրման վրա, մինչդեռ Հայաստանում այնպիսի վիճակ է, որ խոշոր ձեռնարկությունները գրավի տակ են ու չեն կարողանում արտահանել իրենց արտադրանքը:
Քննադատելով ԿԲ-ին` քննադատում են կառավարությանը` ըստ պատգամավորի: «Եթե համարում եք, որ պետք է անձերին քննադատենք, մերկապարանոց հայտարարություններ անենք, անձամբ ես դա չեմ ընդունում: Այլևս պետք է լուրջ մոտեցումներ ու առաջարկություններ անենք: Ընդդիմությունն էլ պետք է քաղաքական կամք ունենա ու չհիասթափվի ճանապարհի կեսից: Ես իմ հայրենիքը սիրում եմ, բայց ես չեմ սիրում պարտվող ըդդիմություն»,- ասաց պատգամավորը: