կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-30 16:55
Առանց Կատեգորիա

Երբ է Ղազախստանին ասվելու այն, ինչին արժանի է

Երբ է Ղազախստանին ասվելու այն, ինչին արժանի է

Դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին: Ըստ այդ մասին նախագահականից տարածված պաշտոնական հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը, դեսպանին շնորհակալություն հայտնելով երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար, նաև գոհունակություն է հայտնել «միջազգային կազմակերպությունների ու ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության» կապակցությամբ: Իր հերթին, դեսպան Բոզժիգիտովն էլ ասել է, թե «Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունն ընթանում է փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա»:

 

Դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպաններին ընդունելը և նրանց հետ հրաժեշտի հանդիպում ունենալը, իհարկե, դիվանագիտական արարողակարգի մաս է, և բնական է, որ այլ դեսպանների նման նաև Ղազախստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը պետք է արժանանար նախագահի ընդունելությանը: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ խոսքը վերաբերում է թե' ԵՏՄ-ում և թե' ՀԱՊԿ-ում գործընկեր համարվող երկրի դեսպանին:

 

Սակայն արարողակարգային պրոցեսներն էլ ինքնանպատակ չեն: Դեսպանի հետ այդ առիթով հանդիպումը նաև առիթ է ձեռքի հետ, նրա ներկայացրած երկրին որոշակի ուղերձներ հղելու, հարաբերությունների իրական կարգավիճակն ու բնույթը գնահատելու համար: Դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանը դեսպան Բոզժիգիտովին փակ դռների ետևում ի՞նչ է իրականում ասել կամ ասե՞լ է այն, ինչ իրականում մտածում է հայ-ղազախական հարաբերությունների մասին, թե՞ ոչ, բայց այն հաղորդագրությունը, որը տարածվել է այդ հանդիպման կապակցությամբ, հայ-ղազախական հարաբերությունների իրական որակի հետ որևէ կապ չունի, առհասարակ: Այդ տեքստն ընթերցելիս թվում է, թե այն գրավել է ոչ թե Ղազախստանի և նրա նախագահի կողմից վերջին` առնվազն երկու տարվա ընթացքում շարունակաբար նվաստացվող Հայաստանի, այլ Բելառուսի կամ նույնիսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմում:

 

Միջազգային կազմակերպությունների ու ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության մակարդակից գոհունակություն հայտնելիս նախագահը գուցե նկատի է ունեցել բոլոր միջազգային կազմակերպությունների շրջանակներում ԼՂ հարցում Աստանայի՝ բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշում ունենա՞լը՝ չնայած Հայաստանի հետ անվտանագության և տնտեսական միևնույն գոտում և միևնույն կազմակերպություններում գտնվելու հանգամանքին: Հատկապես` ՀԱՊԿ-ի շրջանակներում Սերժ Սարգսյանը մի քանի անգամ առիթ է ունեցել կազմակերպության անդամ մյուս երկրներին հրապարակավ հորդորելու միջազգային այլ ձևաչափերում չանել միմյանց շահերին հակասող հայտարարություններ ու գործողություններ և առաջնորդվել միասնական դիրքորոշումներով: Հորդորներն առաջին հերթին ուղղված են եղել այդ պարիտետը պարբերաբար խախտող և Հայաստանի հետաքրքրությունները ոտնատակ անող Ռուսաստանին և Ղազախստանին: Աստանան ոչ մի միջազգային ձևաչափում իր գործողություններն ու որոշումները Հայաստանի հետ փոխգործակցության տրամաբանությունից չի բխեցրել: Եվ առնվազն տարօրինակ է, թե ինչ է նախագահը նկատի ունեցել իր գոհունակությունը երկու երկրների փոխգործակցության մակարդակից հայտնելիս:

 

Բայց եթե պաշտոնական Երևանը անգամ այս պայմաններում գոհունակություն է հայտնում, ապա ինչո՞ւ դեսպան Բոզժիգիտովը չպետք է իրեն թույլ տար հայտարարելու, թե երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ընթանում է փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա: Հավանաբար, դեսպանի կարծիքով` եվրասիական տնտեսական գոտում ինտեգրացիոն գործընթացները, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար Նազարբաևի կողմից Բելառուսի և Ռուսաստանի նախագահներին Ղազախստան հրավիրելը և Սերժ Սարգսյանին «մոռացության մատնելը» կամ անտեսելն է Հայաստանի նկատմամբ հարգանքի դրսևորումը: Եվ եթե այսպիսի հարգանքի է արժանի Հայաստանը, ապա պատկերացնել միայն կարելի է, թե նմանատիպ «հիացմունքի» ինչ դրսևորումներ կարող են Երևանի նկատմամբ լինել Աստանայի կողմից:

 

Գուցե Սերժ Սարգսյանն իսկապես դեսպանին ասել է մտքին եկածը, իսկ հաղորդագրությունը նման տոնայնությամբ ու ոճով շարադրելը պարզապես ծխածածկույթի դեր է կատարում: Համենայն դեպս, ուզում ենք հավատալ, որ իրականում այդպես է եղել: Եթե նույնիսկ այդպես է, համենայն դեպս, չէր խանգարի որոշակի ուղերձներով նաև հասարակությանը ցույց տալ, որ պետական իշխանության համար Ղազախստանի ցուցաբերած՝ իսկապես Հայաստանի ժողովրդի արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքը, հենց այնպես, դեմքի լայն ժպիտով չի ընդունվում:

 

Գևորգ Աղաբաբյան