Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում առաջիկայում կմեկնարկի համայնքների խոշորացման գործընթացը: Դեռևս 2011 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանություն էր ստացել համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը: Ըստ կառավարության՝ համայնքների խոշորացման արդյունքում էապես կնվազեն ծախսերը:
Առաջիկայում կիրականացվեն համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագրեր՝ նախապես այդ համայնքներում անցկացնելով տեղական հանրաքվե: Այս տարի պետք է իրականացվի 3 պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Շինուհայր, Տավուշի մարզի Դիլիջան համայնքներւմ: Տեղեկացնենք, որ մայիսի 17-ին նախատեսվում է տեղական հանրաքվե նշանակել Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր համայնքները Թումանյան քաղաքի կազմում միավորելու հարցով: Մյուս նախագիծը վերաբերում է Սյունիքի մարզում հանրաքվե անցկացնելուն՝ Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ և Քաշունի համայնքները Շինուհայրի կազմում միավորելու նպատակով: Իսկ Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք համայնքներն առաջարկում են միավորել Դիլիջանի կազմում:
Թեմայի առնչությամբ՝ Yerkir.am-ը զրուցեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ:
-Պարո'ն Գիլոյան, համայնքների խոշորացման ծրագիրն ի՞նչ կտա մեր երկրին, և արդյոք կկայանա՞ այն:
-Մենք այսօր արդեն իսկ ունենք խոշորացված համայնքի մոդել: Մեր երկրի բնակավայրերի թիվը հազար է, բայց համայնքների թիվը՝ 915: Մենք ունենք 61 համայնք, որոնք բազմաբնակավայր են: Տարբեր մարզերում էլ ունենք նման համայնքներ: Հստակ առաջ ենք գնում, դրա համար երեք պիլոտային ծրագիր է դեռևս: Վրաստանի պես չենք անում և մի գիշերում ամբողջ երկիրը խոշորացնում: Ամեն ինչ հաշվարկված է:
-Ի՞նչ միջոցներով է ծրագիրը կայանալու:
-Միջոցները թե' պետական բյուջեից են, թե' միջազգային դոնոր կազմակերպությունների ներդրումներից:
-Խոշորացված համայնքների կառավարման համակարգն ի՞նչ վիճակում է հայտնվում: Ըստ էության` բազմաթիվ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը: Կառավարումը դառնում է միակենտրոն:
-Կառավարման համակարգը դառնում է մեկ ընդհանուր տարածք: Մենք ունենք հայեցակարգով հաստատված չափորոշիչներ և սկզբունքներ, այդ համայնքները պետք է ընդհանուր սահման ունենան: Գյուղապետերի սուբյեկտիվ կարծիքը կա այստեղ: Նրանք ասում են, որ տեղեկանքի համար մեր բնակիչը պետք է մի քանի կիլոմետր գնա և այլն: Ի սկզբանե ասեմ՝ ծրագիրը նախատեսում է, որ պետք է լինի կենտրոնական իշխանություն: Համայնքի ղեկավարը բոլոր բնակավայրերում ունենալու է ներկայացուցիչ, որի պաշտոնում կարող է լինել հենց այն գյուղապետը, ով կորցրել է իր պաշտոնը: Այս դեպքում նույնիսկ կարող եմ ասել, որ ներկայացուցչի աշխատավարձը քսան տոկոսով բարձր է լինելու: Սա հայեցողական պաշտոն է, վարչական ներկայացուցիչ է, որին մենք բազմաթիվ լիազորություններով ենք օժտելու: Վարչական ներկայացուցիչ է լինելու, ով էլ կարգավորելու է այդ հարցերը: Կախված համայնքի մեծությունից՝ կարող է նաև մասնագետ լինել՝ համայնքային ծառայող: Մի տեղ կարող է այդ մասնագետը լինել հողաշինարար, մի տեղ` գյուղատնտես և այլն: Ամեն գյուղից նաև ավագանի պետք է ընտրվի, այսինքն՝ քվոտա է լինելու, որպեսզի գյուղացին չասի` մենք ավագանիում ներակայացված չենք: Շատ կարևոր նկատառում անեմ, որ այդ համայնքի ներկայացուցիչը պետք է լինի տվյալ համայնքի բնակիչ: Այդ մարդը պետք է ժողովրդի կողմից հարգված մարդ լինի:
-Պարո'ն Գիլոյան, կասե՞ք, թե այդ դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու դպրոցների, հիվանդանոցների և մնացած այլ կառույցների կառավարման հարցը:
-Խոշորացնելուց հետո, երբ համայնքը հասկանա իր տեսլականը, այդ ժամանակ էլ պարզ կլինի: Դպրոցների հարցը մի փոքր այլ է: Նայեք` ունենք գյուղեր, որտեղ կա երեք աշակերտ և վեց ուսուցիչ: Մենք այս խոշորացման պիլոտները որ անում ենք, արդյունքում դպրոց չի խոշորանում: Նախ նշեմ, որ մինչհամայնքային ճանապարհները մենք վերանորոգել ենք: Մեր հայեցակարգի չափորոշիչներից մեկն էլ հենց այն է, որ պետք է առնվազն գրունտային, նորմալ անցանելի ճանապարհներն լինեն: Պիլոտային ծրագրի համաձայն՝ մենք լուծելու ենք նաև մինջհամայնքային ճանապարհների խնդիրները: Միկրոավտոբուս ենք գնելու աշակերտներին տեղափոխելու համար:
-Հանրաքվեի հարցն ինչպե՞ս է լինելու: Ասես անտեսվում են հանրաքվեի արդյունքները:
-Սահմանադրության 110 հոդվածի համաձայն՝ այդ հանրաքվեից հետո, եթե կառավարությունը որոշի, որ պետք է համայնքները խոշորացվեն, վարչատարածքային կառավարման համակարգում պետք է փոփոխություններ արվեն: Այնպես չէ, որ անտեսվելու են հանրաքվեի արդյունքները, այդ օրենքների փաթեթին կցվելու են նաև հանրաքվեի արդյունքները: Այնտեղ գրված է, որ հանրաքվեի արդյունքերը պարտադիր չեն, բայց մենք մեր ներսում ունենք մի նկատառում, որ հանրաքվեի արդյունքները պետք է լինեն դրական, քանի որ հակառակ ժողովրդին որևէ բան չենք ուզում անել:
Լուսինե Հակոբյան