Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պեկինում ստորագրված` հայ-չինական համատեղ հուշագիրը հայաստանյան որոշ շրջանակներ դարձրել են քննադատության առարկա՝ պետական այցով Չինաստանում գտնվող Սերժ Սարգսյանին մեղադրելով Հայաստանի պետական շահը ոտնահարելու մեջ:
Հիմնական փաստարկը հռչակագրի 2-րդ կետն է, որում խոսվում է թայվանական և ԼՂ հիմնահարցերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մասին: Ըստ այդմ՝ հայկական կողմը «հաստատում է մեկ Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը»։
Դրա դիմաց Չինաստանը ԼՂ հարցում հանդես է գալիս միայն «հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն»։
Մեղադրանքն այն է, որ կողմերի ստանձնած հանձնառությունները համարժեք չեն: Եթե Հայաստանը թայվանյան հարցում փաստացի ամբողջությամբ պաշտպանում է պաշտոնական Պեկինի տեսակետը և իր վրա պարտավորություն վերցնում առաջնորդվել դրանով, ապա ԼՂ հարցում Չինաստանի հանձնառությունը խիստ ընդհանրական է և անորոշ, հետևաբար` նաև Պեկինին մանևրելու հնարավորություն է տալիս: Սա գնահատվում է որպես զիջողականություն ԼՂ հարցում, քանի որ, ըստ մեղադրանքների տրամաբանության, դրանով Երևանը հանդես է գալիս ժողովուրդների, տվյալ դեպքում` Թայվանի ինքնորոշման իրավունքի դեմ՝ պաշտպանելով Չինաստանի տարածքային ամբողջականությունը:
Երբ խնդրին մոտենում ենք այս տեսանկյունից, ստացվում է, որ Երևանը հակասում է անցած տարի ՄԱԿ-ի ԳԱ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող հայտնի բանաձևին իր դեմ քվեարկությանը: Ինչևէ, զուտ հասկացությունների համեմատությունն իսկապես նման տպավորություն թողնում է:
Սակայն նման մոտեցումը խիստ մակերեսային է: Իրականում, Թայվանի պարագայում ինքնորոշման իրավունքի խնդիր չկա: Թայվանի հիմնահարցը նման չէ աշխարհում առկա որևէ այլ հակամարտության: Այն հիմնված է ոչ այնքան Չինաստանից Թայվանի անկախացման ցանկության, որքան մայրցամաքային Չինաստանի նկատմամբ Թայվանի կղզու վրա գործող Չինաստանի Հանրապետության ունեցած իրավունքների վրա: Բանն այն է, որ մինչև 1970-ականները, ներկայիս Չինաստանը ներկայացնում էր հենց այն քաղաքական ռեժիմը, որը հետագայում հաստատվեց Թայվանում՝ մայրցամաքային Չինաստանի կառավարումը և միջազգային հարաբերություններում այն ներկայացնելու իրավունքը թողնելով ՉԺՀ իշխանություններին: Կղզում երբեմն քննարկվում է անկախացման հարցը, սակայն դրա վերաբերյալ դիրքորոշումները միարժեք չեն:
Եվ պատահական չէ, որ աշխարհում ընդամենը 23 երկիր է ճանաչել այդ կղզի-պետության անկախությունը՝ չնայած նրա հետ բազմաթիվ երկրների ունեցած սերտ, Պեկինի վերահսկողությունից փաստացի դուրս տնտեսական հարաբերություններին: Թերևս, դա է պատճառը, որ առ այսօր ինքնորոշմանն ուղղված որևէ իրավական պրոցես կղզում չի ծավալվել՝ ի տարբերություն ԼՂ-ի, որտեղ ինքնորոշման իրավունքն իրացնելու համար 1991թ. ընտրեց միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի՝ հանրաքվեի ճանապարհը:
Իսկ 2014թ. Հայաստանը ՄԱԿ-ի ԳԱ-ում ուկրաինական բանաձևի շրջանակում ոչ այնքան դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչմանը, որքան Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական ճանաչելուն, որովհետև իրականում բանաձևը հենց դրան էր ուղղված: Երևանի դիրքորոշումը խարսխվում էր հանրաքվեի` որպես ինքնորոշման իրավունքի իրացման մեխանիզմը ճանաչելու մոտեցման վրա, քանի որ հենց դրա վրա է կառուցված ներկայիս ԼՂ Հանրապետությունը՝ անկախ նրա ճանաչված կամ չճանաչված լինելուց:
Այս իմաստով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության և հայ-չինական հռչակագրով ստանձնած պարտավորությունների միջև հակասություններ գտնելը նման է դատարկ սենյակում սև կատու որսալուն: Բայց խնդրին, իհարկե, այս պարզ իրողությունները չեն: Երբ Հայաստանը դեմ քվեարկեց ուկրաինական այդ բանաձևին, նույն շրջանակներն իշխանություններին անմիջապես մեղադրեցին պետական շահերին դավաճանելու մեջ՝ հայտարարելով, թե դրանով Հայաստանն իր դեմ է հանում միջազգային հանրությանը, պաշտպանում ռուսական ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ ,և որ այդտեղ Հայաստանին առաջնորդողը բոլորովին էլ ինքնորաշման իրավունքը պաշտպանելու հարցը չէր:
Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, որևէ այլ երկրի, տվյալ դեպքում` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չճանաչելն էլ է համարվում դավաճանություն Հայաստանի պետական շահերին, ճանաչելն էլ (ըստ հնչող մեղադրանքի)՝ Չինաստանի պարագայում: Տղերքի համար, կարևորը, փաստորեն, ցանկացած դեպքում դավաճանություն գտնելն է` անկախ հանգամանքներից: Մինչդեռ թվում էր, թե գոնե Չինաստանի պարագայում նման խնդիր չպետք է լիներ:
Որովհետև տևական ժամանակահատվածի կտրվածքով առաջին անգամ փորձ է արվում, օգտագործելով չինական հզոր գործոնը, գոնե մասամբ վերականգնել ժամանակի ընթացքում մաս-մաս հանձնված ինքնիշխանությունը, ինչ-որ իմաստով կատարել անդառնալի թվացող սխալների սրբագրում: Հռչակագիրն և համաձայնագրեր ստորագրելն, իհարկե, դեռ չի նշանակում, որ այդ հայցը իշխանությունն անպայման լուծելու է: Դա ցույց կտա ժամանակը, որը կպատասխանի այն հարցին՝ այս ամենը ֆիկցիա՞ է, ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնելու պրիմիտիվ փո՞րձ, թե՞ իսկապես խնդիր է դրվել դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, անվտանգության համակարգի ապահովումը: Բայց չնկատել, որ այս հռչակագիրը և այս այցը ստեղծում են նման հնարավորություն, տալիս են նման գործիքներ, ուղղակի կուրության դրսևորում է, որից խուսափելու լավագույն միջոցն այս դեպքում հռչակագրի տեքստը գոնե մեկ անգամ մինչև վերջ կարդալն էր: Եթե փորձեին դա անել՝ իրավիճակին բացարձակապես անտեղյակ լինելով առանձին դետալներ կոնտեքստից կտրելու փոխարեն, այդ տեքստում կկարդային նաև 8-րդ կետի վերջին պարբերությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. «Կողմերը պատրաստ են համապատասխան ձևով շարունակել պրակտիկ փոխգործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական պատվիրակությունների փոխայցելությունները, զինվորական կադրերի պատրաստումը, ռազմական օգնության ցուցաբերումը և այլն»:
Երևանին չարժե հիշեցնել, որ այսօր իր և ԼՂՀ-ի անվտանգության ապահովելուց ավելի մեծ ու կարևոր պետական շահ Հայաստանը չունի: Եվ չնայած կան բաներ, որոնց մասին ավելի լավ է բարձրաձայն չխոսել, սակայն եթե մարդիկ դժվար են ըմբռնում, ապա պետք է հիշեցնել, որ պետական շահը երբեմն ոչ թե նույնիսկ թույլ է տալիս, այլև պարտադրում է միջազգային իրավունքի նորմերին քարացած հավատարմություն հայտնելու, սկզբունքայնություն խաղալու փոխարեն նաև դրանք մեկնաբանել յուրովի: Եթե ոմանք դա դեռ չեն հասկացել, ապա չէր խանգարի ծանոթանալ «real politik»-ի հայաստանյան լավագույն գիտակի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետներին, ով հատկապես այդ շրջանակների համար դասականի համարում ունի:
Գևորգ Դարբինյան