կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-18 13:56
Հասարակություն

Թուրքը մեզ էշերի հետ լծեց սայլին, որ իրեն բլուրը բարձրացնենք

Թուրքը մեզ էշերի հետ լծեց սայլին, որ իրեն բլուրը բարձրացնենք

«Հայրական տատս` ծագումով Կարսից, հաճախ էր պատմում իր հետ կատարվածը, որն ինձ է փոխանցել հայրս.

 

«7 տարեկան էի: Ծնողներիս, հարազատներիս կորցրած` քույր ու եղբայր (եղբայրս այդ ժամանակ 12 տարեկան էր) մոլորված քայլում էինք` չիմանալով մեր անելիքը: Հանկարծ մեր կողքին կանգնեց մի սայլ` բեռնավորված պարկերով: Վրան նստած էին 2 հոգի: Նրանցից մեկն իջավ, մոտեցավ մեզ: Հույս արթնացավ. երևի ուզում է օգնել մեզ` որբուկներիս: Բայց… Կատարվեց անհավատալին: Մեզ էշերի հետ լծեց սայլին, ինքը նստեց վրան և պահանջեց այն բարձրացնել փոքրիկ բլրակը: Հևում էինք, տնքում, բայց չէինք համարձակվում ձայն հանել, հակառակվել. անհոգի մարդը կարող էր գործի դնել ձեռքի մտրակը: Ընկնում էինք, վնասում ձեռքներս ու ոտքներս, բայց անմիջապես կանգնում էինք ու շարունակում սայլը քաշել բլրակն ի վեր:

 

Արդեն սայլը իջեցնում էինք բլրակի հակառակ կողմը, երբ սայլի վրա նստած մյուս մարդը իջավ, մեզ ազատեց անասնական կապանքներից, սայլից քարշ տալով իջեցրեց այն մարդանման էակին ու սկսեց վայրենաբար ծեծել: Ապա դառնալով մեզ` հայերենով նկարագրեց ճանապարհը, որով կարող էինք միանալ գաղթականների խմբին: Քույր ու եղբայր վախեցած, ձեռք ձեռքի տված վազում էինք ու չէինք համարձակվում անգամ հետ նայել: Փա՛ռք աստծո, հասանք մեր բախտակիցներին:

 

Երկար ժամանակ նստած` ոչ մի բառ չէինք փոխանակում: Անցել են տարիներ, բայց մտապատկերիցս չի հեռանում այդ ահասարսուռ տեսարանը: Մինչ օրս մեզ անհայտ է այդ երկրորդ մարդու ծագումը. հա՞յ էր, թե՝ թուրք: Մի բան է միայն պարզ, որ եթե ծնվել ես «մարդ» կոչումը ճակատիդ, կապ չունի, թե որ ազգից ես»: