կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 16:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ասում ենք՝ գոնե 17.6 %-ով նվազագույն աշխատավարձը բարձրացնենք, որ մարդիկ է՛լ ավելի աղքատ չլինեն. Թադևոս Ավետիսյան

Նվազագույն աշխատավարձ ստացողը գոնե պետք է աղքատ չլինի՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը  Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծի քննարկման ժամանակ:

Դա նույն խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի առաջարկած նախագիծն էր, որով  նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից հասցվում էր 80 հազար դրամի:

Թադևոս Ավետիսյանն ասաց, որ ներկայում օրենքով սահմանված 61 հազար դրամ նվազագույն զամբյուղը 2021 թվականի վերջին ավելացել է 20 %-ով և հասել է 75 հազար դրամի:

«Եթե Մինչև 2022 թ ավարտը այս կառավարության և ԿԲ-ի խոստացած գնաճը լինի 5.5 %, ապա մենք ունենալու ենք 23 % նվազագույն զամբյուղի արժեքի աճ։ Մենք ասում ենք 17.6 %-ով գոնե նվազագույն աշխատավարձի անվանական չափը բարձրացնենք, որ մարդիկ էլ ավելի աղքատ չլինեն և չգործի այն բանաձևը, երբ ամեն հաջորդ օր ավելի աղքատ են լինում, քան նախորդ օրը»,-ասաց պատգամավորը:

Պաշտոնական վիճակագրությամբ 300 հազար մարդ ստանում է մինչև սպառողական զամբյուղի արժեքը հասնող աշխատավարձ․ 300 հազարը Հայաստանի աշխատողների կեսն է, ասաց պատգամավորը, հետևաբար արձանագրում ենք, որ ՀՀ-ի աշխատողների մոտ կեսը չափավոր աղքատներ են:

Ավետիսյանը համաձայն չէ Կառավարության պնդման հետ, որ նվազագույն աշխատավարձը բարձրացնելիս գործազրկության աճ կլինի․ ասաց՝ Աղվան Վարդանյանն առաջարկում է աշխատավարձի անվանական չափը գոնե բարձրացնել 17.6 %-ով, որպեսզի խզումը շատ չավելանա և 300 հազարը չդառնա 400-500 հազար:

«Երբ կառավարությունը 2020-26 թվականների ծրագրով նախատեսել է նվազագույն աշխատավարձը հասցնել 85 հազար դրամի, ապա ստացվում է, որ այն ընդամենը բարձրանում է 25 %-ով, իսկ եթե նույնիսկ ձեր խոստացած գնաճն ապահովեք, ապա մինչև 2026 թ. այն ամենաքիչը 35 % միջին գնաճ է լինելու և 60%՝ սննդամթերքի գնաճ: Այսինքը 35 % իրական աշխատավարձն իջնելու է և դուք նախատեսել եք անվանական աշխատավարձը բարձրացնել 25 % ու ասում եք՝ սոցիալական պետություն ենք, կառավարություն ենք, մարդկանց մասին ենք մտածում»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:

Նախագծով Աղվան Վարդանյանն առաջարկում էր նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերում ևս փոփոխություններ կատարել, ըստ որի՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 478 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 534 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 800 դրամ:

Նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 80 հազար դրամի բարձրացնելու մասին Աղվան Վարդանյանի նախագիծը  հանձնաժողովի ՔՊ-ական անդամները մերժեցին: Փաստորեն, Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

Մանրամասն՝ տեսանյութում․