կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 21:23
Քաղաքական

Վրաստանում կայացել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Վրաստանում կայացել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

 Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Թբիլիսիում ու Վրաստանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ: 

«Ապրիլի 23-ին Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ հայ և վրացի նկարիչների ստեղծագործությունների՝ «Կոմիտասը և վիշտը» խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։

Ապրիլի 24-ին Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։

Ապրիլի 25-ին Թբիլիսիի կաթոլիկ եկեղեցու Պողոս-Պետրոս մայր տաճարում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին, որը կազմակերպվել էր Վիրահայոց թեմի և Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից, Վրաստանում կաթոլիկ եկեղեցու աջակցությամբ:

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր ելույթում նշեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Խոսելով Կոմիտասի մասին` նա նշեց, որ վերջինս իր կենդանության օրոք դարձավ Հայոց ցեղասպանության և հայի չմոռացվող ցավի խորհրդանիշներից մեկը։

Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը: Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի լարային երաժշտության քառյակի (պրոֆեսոր Էռնստ Առաքելով) և ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Մարիաննա Ասրիևայի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները։

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական սերն ու բարեմաղթանքը»,- նշված է հաղորդագրության մեջ։