|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մարտի 2-ից 4-ը ժամանակահատվածում հերթական ամենամյա այցով Երևանում է գտնվում ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) իրականացման առաջընթացը գնահատող ՆԱՏՕ-ի խումբը:
ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների համատեղ կազմակերպած այցը նպատակաուղղված է ԱԳԳԾ և ՊՎԳ ծրագրերով Հայաստանի և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխհանձնառությունների վերստուգմանը, համագործակցության և օժանդակության լրացուցիչ հնարավորությունների ի հայտ բերմանը: ՀՀ պաշտպանության նախարարության մասով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը քննարկվել է աշխատանքային խմբերի միջև լիագումար հանդիպումների և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ մտքերի ամփոփիչ փոխանակման տեսքով:
Քննարկումների ժամանակ ուսումնասիրվել են ԱԳԳԾ և ՊՎԳ նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքները: Հատկապես ուշադրություն է դարձվել ռազմակրթական ու անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների, փոխգործունակության ամրապնդման և միջազգային խաղաղապահության շրջանակների ընդլայնման, ինչպես նաև պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կանանց դերակատարման բարձրացման ուղղությամբ պաշտպանության նախարարության գործադրած ջանքերին: