Միասին կարող ենք
կարևոր
1381 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-14 11:49
Հասարակություն

Քանի մայրեր երեխաների հետևից իրենց նետեցին գետը, քանի հաշմանդամ ու ծեր մնացին կես ճանապարհին. բռնագաղթված շահումյանցին՝ 1992 թվականի այս օրերի մասին

Քանի մայրեր երեխաների հետևից իրենց նետեցին գետը, քանի հաշմանդամ ու ծեր մնացին կես ճանապարհին. բռնագաղթված շահումյանցին՝ 1992 թվականի այս օրերի մասին

Բռնագաղթված շահումյանցի Լյուդմիլա Մելքումյանը հուզիչ պատմությամբ նկարագրել է, թե ինչպես է 1992 թվականի այս օրերին Շահումյանի ազգաբնակչությունը լքել իր հայրենիքը.

«Ուղիղ երեսուն տարի առաջ , հունիսի 13-ին շահումյանցին լքեց իր հողը, լքեց` պարտադրաբար, ոչ իր կամքով...

Հաղթահարելով չորս տարվա շրջափակման, ամենօրյա կրակոցների, պայթյունների, գրադների, սահմանամերձ շրջաններում մշտական մարտական գործողությունների դժվարությունները, շահումյանցու մտքով անգամ չէր անցնում, որ կարող էր այդպիսի իրավիճակում հայտնվել...

Մեզ մոտ, առավել եւս սահմանամերձ գյուղերում ապրողների համար, սովորական էր ահազանգերի ժամանակ ապահովության նպատակով կանանց ու երեխաներին այլ գյուղ տեղափոխելը: Վերջին մի տարվա ընթացքում հենց այդպես գյուղից գյուղ տեղափոխվելով մենք արդեն Գաղթութից հասել էինք Գյուլիստան: Գրեթե մի շրջանի ժողովուրդ տեղավորված էր այդ փոքրիկ ու հրաշագեղ գյուղում, բայց թե ո°նց, ինչ պայմաններում, մենակ Աստված գիտեր: Տները չէր հերիքում բոլորին տեղավորելու համար, մի ընտանիքում հինգ, վեց եկվոր ընտանիք էր ապրում, գարաժներն անգամ զբաղված էին: Բայց ասեմ որ, գյուլիստանցիները սրտացավորեն, հարազատորեն սատար էին կանգնել իրենց հայրենակիցներին (որը, ցավոք սրտի չենք տեսնում Հայաստանում` արցախցիների հանդեպ)...

Հանգամանքների բերումով մենք տեղավորվել էինք Սեյրանյան Բենիկի հարկի տակ, տղան` Ռաշիդը մեզ ճանաչելով տարավ իրենց տուն: Երբ հինգ հոգով մտանք էդ տուն, ես սկզբում քիչ մնաց կամովին հրաժարվեմ եւ ուրիշ տուն փնտրեմ:

Բազմանդամ ընտանիք էր, չորս սերունդ էր ապրում էդ տան մեջ, մեծ տատիկ , կիսուր կեսրար, երկու որդիները իրենց ընտանիքներով, բայց Դոնար տոտան մեզ այնպիսի ժպիտով դիմավորեց, որ նույնիսկ ամաչեցի իմ մտքերից...

-Ազատ տուն չկա, լավ եք արել, որ մեր տուն եք եկել, երկու հարսը չլինի, թող երեքը լինի ու տարավ մեզ մի փոքրիկ սենյակում տեղավորեց: Ես միշտ էլ Գյուլիստան գյուղի գեղեցկությամբ հիացած եմ եղել , էդ տան դիմացն էլ լեռներ են, բառերով աննկարագրելի գեղեցկությամբ, մեր լեզվով ասած, ոչ ուտես, ոչ խմես, մենակ թմաշա անես (նայես), ինձ թվում էր, թե դրախտ եմ ընկել, մոռացել էի, որ տնից տեղից ընկած` դեռ մեր հողում փախստական եմ...

Ամսից ավելի ապրեցինք այդ հրաշալի, պատվարժան, հայկական ավանդական օջախում, տան բոլոր անդամները համերաշխ, սիրով, ամեն մեկը գիտեր իր գործը, առավոտից իրիկուն անաղմուկ աշխատանք էր եռում էդ տանը, փոքրիկները անգամ շատ խելոք էին: Մեծ տատիկը, մի 90 տարեկան կլիներ, չէր հասկանում, թե ինչու է իրենց տանը էդքան մարդ ապրում, նրան խնամում ու պահում էին մի փոքր երեխայի նման: Էդ ընտանիքում ես ինձ օտար չէի զգում , մի կոշտ բառ, մի խեթ հայացք չէր եղել , դեռ ավելին, հարսները` Էլզան ու Իրման, որ մի ճաշ էին պատրաստում, մեր երեխաներին էլ էին տալիս, Դոնար տոտան միշտ օգնում էր իրենց թոնրին հաց թխենք... Ես երբեք չեմ մոռանում այդ հյուրընկալ ընտանիքը` իր բոլոր յուրահատուկ անդամներով...

Հունիսի 12-ը սովորական օրերի նման մի օր էր, ուղղակի էդ օրը ուղղաթիռներ, ինքնաթիռներ մի տեսակ շատ կար օդում, բայց ասեցին որ վախենալու ոչինչ չկա, էդ օրը դիրքերում մարտական գործողություններ են լինելու` այսինքն սահմանները առաջ են տալու:

Շրջկենտրոնից դեպի գյուղ բերող ճանապարհը էդ տան կողքով է անցնում, ես նկատում եմ որ ճանապարհը էդ օրը մի տեսակ մարդաշատ է դառել, պայուսակներով, ծանրոցներով մարդիկ են շարունակ գալիս անցնում, դե բոլորին հո չե՞նք ճանաչում, որ մի բան հարցնենք: Հետո էդ անցորդներից մեկը ինձ ճանաչելով ասում է, այ բալա, շրջանը քոչած քնումա, դու լվացք ես փռում (ես էլ չնայած վախենում եմ էդ ինքնաթիռների ձեներից, դրսում լվացք եմ փռում), մինչեւ հիմա տեղը չեմ բերում ով էր էդ կինը, զարմանքով ասում եմ, որտե°ղ են քնում, դե իմ կարծիքով Գյուլիստանը վերջի կետնա, դրանից հետո էլ տեղ չկա գնալու: Էդ կինը ասում է ` վե'րջ, թորքերը արդեն մտել են Ղարաչինար, անուններա տալիս, թե ում են սպանել, ում են մորթել, ում են կրակել...

Ես մնացել եմ շվարած` միթե՞ էդ ասածները ճիշտ են, չեմ ուզում տանեցիներին ասել էդ վատ լուրը (համ էլ մտածում եմ, կարող է սուտա), բայց շատ անհանգիստ եմ: Էդ օրն էլ պատահականորեն ամուսինս էլ է Գյուլիստանում (նա գրեթե միշտ Ղարաչինար էր լինում, էդ օրը ոչխարի հերթը մերն էր, դրա համար էր էդտեղ) ու էդ խառը պահին հանդումնա: Քիչ անց գույնը կորցրած Ռաշիդը մտնում է տուն եւ ասում շուտ շուտ հավաքվեք, գնում ենք Նապատ մի գիշերով, ոչինչ մի վերցրեք, երեխաներին տաք հագցրեք, վաղը հետ ենք գալու...

Այ էդպիսի անսպասելի ու խառը պայմաններում Գյուլիստանից դուրս ենք եկել (բեռնատար մեքենաներով մարդկանց հանում էին գյուղից), էդ խեղճ 90 տարեկան տատին, որ տեսել էր բոլորը հագնվում են, մի նոր շալ ուներ, վերցրել էր ու երեւի մտածում էր, որ մի լավ տեղ ենք գնում ...

Բենիկ դյադյան ու ամուսինս ոչխարների, կովերի հետ ավելի ուշ հասան Նապատ ու ասեցին, որ շրջանը արդեն թուրքի ձեռքին է, դավաճանաբար հանձնված է...

Շրջանի մի ամբողջ բնակչություն հավաքված էր Նապատում, ոմանք ահագին ուտելիքների պաշարներով, ոմանք էլ գրեթե ոչինչ չէին վերցրել, ով ոնց պատահել ա, դուրս ա եկել: Հիշում եմ, էդ օրը մի կին մոտեցավ մեզ եւ խնդրեց որ թույլ տանք մեր այծը կթի, կիսուրս ասեց էդ այծը, էդ դու, ինչ ուզում ես արա, բայց ինչի՞ մեջ ես կթելու, աման չունենք, էդ կինը հագի կալոշները հանեց, մի լավ թափ տվեց, կալոշների մեջ կթեց` թուքին անիծելով, ինքն իրեն խոսելով, բա ի՞նչ անի, թողնի մի ամսական երեխան սովից մահանա՞, մորը կաթը վախից ցամաքելա...

Սկզբում խոսակցություններ կար, որ Հայաստանից ինքնաթիռներ են գալու ժողովրդին հանեն, հետո ժխտեցին էդ ասածները, հետո պարզվեց, որ մենք անտերության ենք մատնված, Գյուլիստանից էլ թուրքերը արդեն Նապատի վրա էին գրադներ արձակում...

Նապատը եղավ շահումյանցու վերջին օրվա վերջին հանգրվանը, էդտեղից արդեն սկսվեց դժոխքի ճամփան, գնում էինք անհույս` չիմանալով թե ուր, երեք օր ու գիշեր ոտքով այնքան քայլեցինք, որ կոշիկ էլ չդիմացավ, անձրեւն էլ մի կողմից էր հեղեղի նման թափվում, մի փոքր սխալ ու անուշադիր շարժում ու կարող ես սայթաքել ու ընկնել ձորը, ճամփան շատ նեղ էր ու մենակ մարդիկ չէին քայլում, մեկը իր կովն էր տանում, մյուսը էշի վրա նստեցրած իր հիվանդ մորը, մեկ ուրիշը` ոչխարները...

Ոչ ոք ոչ մեկի հետ չէր խոսում, անզգայացած քայլում էին, շարունակ մտածելով թե երբ կվերջանա էդ ճանապարհը...

Քանի գետ անցանք թե նույն գետն էր, չգիտեմ, քանի քանի կյանք խլեց էդ կատաղած գետը, քանի քանի մայրեր երեխաների հետեւից իրենց նետեցին գետը, քանի քանի հաշմանդամ ու ծեր մնացին կես ճանապարհին, ինչեր ասես որ չտեսանք այդ ճամփին, բայց ոչ լացում էինք, ոչ կարեկցոմ, ոչ խոսում, քար էինք կտրել, ասես բոլոր զգայարանները մեռել էր մեր մեջ...

Տեղանքը իմացող մարդկանց օգնությամբ վերջապես հասանք Հաթերք, հետեւում թողնելով մեր պապական հայրենիքը, մեր չքնաղագեղ Շահումյանը, մեր օջախները, մեր կյանքի մի մասը...

Ու այսօր, այսքան տարի անց, համոզված եմ, որ ամեն շահումյանցի մտքերով Շահումյանում է` իր տանը, իր այգում, իր աշխատանքի վայրում, իր հարազատի կողքին կամ... գաղթի ճանապարհին` անորոշության մեջ քայլում են, քայլում, քայլում՝ լուռ ու գլխիկոր, անիծելով իրենց բաժին աշխարհը...

Լ. ՇԱՀՈՒՄՅԱՆՑԻ

13. 06. 2022թ.»։