կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 18:29
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհվածի մայր․ «Կարելի էր, չէ՞, հարգել ազգի վիշտը, մայրեր կան, որոնք մինչ օրս փնտրում են իրենց զավակներին»

Ոչ ոք դեմ չէ, որ ազգն ապրի այս արհավիրքից հետո, բայց դրա համար ժամանակ է պետք։ Մենք հայ ազգ ենք ու ունենք ազգային դիմագծին բնորոշ չգրված օրենքներ, թող հարգեն, գոնե մեկ տարի՝ մինչեւ նոյեմբերի այն չարաբաստիկ օրը, որ վերջ դրվեց պատերազմին․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմում զոհված հերոս Վահե Եղիկյանի մայրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայանալիք «գունագեղ եւ մասշտաբային» միջոցառման գաղափարից վիրավորված ու զայրացած՝ 2020 թ․ Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով գործող իշխանության ներկայացուցչի հետ հանդիպում, որպեսզի հասկանան ծրագրի բովանդակությունն ու էությունը։

«Մենք ուզում ենք տեսնել տվյալ միջոցառման ծրագիրը, մենք դեմ ենք տոնախմբությանը․ տարին չի բոլորել մեր տղաների, մայրեր կան, որոնք մինչ օրս փնտրում են իրենց երեխաներին։ Կարելի էր, չէ՞, հարգել նրանց, ազգի վիշտը։ Ցավոք, կառավարությունը կայացնում է որոշումներ, որոնք ոչ մեկի սրտով չեն։ Մենք կողմ ենք, որ միջոցառման գումարները փոխանցվեն մեր զինվորների ու վիրավորների կարիքները հոգալուն, կարիքավոր ընտանիքներին։ Ամեն օր լինելու է տարելից, ո՞նց եք պատկերացնում ծնողների վիճակը, երբ տոնախմբություն տեսնեն»,- ասաց նա։

Զոհվածի մայրը շեշտում է՝ ամեն օր զոհեր ենք ունենում, մինչեւ այսօր հուղարկավորություններ ունենք Եռաբլուրում, միջոցառման գաղափարը նորմալ չէ։

«Հասարակությունը տարանջատել են սգավորների եւ ցնծացողների։ Այո՛, ոմանց համար ասես ոչինչ չի եղել»,- նշեց նա։

Պատերազմում զոհված մեկ այլ հերոսի՝ Ժորա Մարտիրոսյանի մայրն էլ ասաց, որ մինչեւ վերջ գնալու  են, եթե շարունակեն անարգել իրենց եւ իրենց զոհված տղաներին։

«Մեր տղերքն իրենց կյանքով բոլորի կյանքն են ապահովել՝ նրանց, ովքեր այսօր ուղղակի քայլում են, ապրում ու շնչում։ Մենք ունենք հարցեր ու ակնկալում ենք հստակ պատասխաններ։ Մեր կողքին 190-ից ավելի ծնող կա կանգնած, նրանք հարկ եղած դեպքում ներկա կլինեն»,- ասաց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան