կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-27 15:22
Իրավական

Նախկին պաշտոնյայի որդու նկատմամբ բռնություն կիրառելու մասին հաղորդում է ներկայացվել ՀՔԾ

Նախկին պաշտոնյայի որդու նկատմամբ բռնություն կիրառելու մասին հաղորդում է ներկայացվել ՀՔԾ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն քննության ընթացքում իր պաշտպանյալից բռնությամբ ցուցմունք կորզելու դեպքի վերաբերյալ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Զաքարյանը:

 

Նշենք, որ Գնել Թևոսյանն ինստիտուտի պետի` արդեն պաշտոնանկ եղած տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է:

 

 Ավելի վաղ yerkir.am-ը հայտնել էր, որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, գործի բացահայտման ընթացքում խորթ մեթոդներ, մասնավորապես՝ բռնություններ են կիրառվել գործով մեղադրյալների և վկաների նկատմամբ: Մեր տեղեկություններով, սակայն, այս գործով մյուս երեք մեղադրյալների պաշտպանները խորթ մեթոդների վերաբերյալ չեն պատրաստվում հաղորդում ներկայացնել ՀՔԾ, ավելին` որոշ մարդիկ կարծում են, որ սա այն գործերից է, որի բացահայտման ժամանակ կուրսանտներին «պատժելն» արդարացված է:

 

Հիշեցնենք, որ զինծառայող Հ.Բարսեղյանին սպանելու կասկածանքով կալանավորվել են համածառայակիցներ՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Գնել Թևոսյանը և Նորիկ Սահակյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշնելով: Հիշյալ գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` քննչական խմբի ղեկավարն է ՀՀ քննչական կոմիտեի 4-րդ կայազորային քննչական բաժնի պետ Արթուր Ասատրյանը: