կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 19:23
Սպորտ

Հայկական ֆուտբոլի խնդիրներն ու ՀՖՖ նախագահի «գաղտնի» ասուլիսը

Հայկական ֆուտբոլի խնդիրներն ու ՀՖՖ նախագահի «գաղտնի» ասուլիսը

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի է ունեցել  ՀՖՖ Գործկոմի նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:  Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին «Գանձասար» ֆուտբոլային ակումբի մարզիչների և ֆուտբոլիստների կողմից ներկայացված դիմումների, ինչպես նաև ստեղծված արտակարգ իրավիճակի քննարկումը, մանկապատանեկան առաջնությունների կազմակերպման կանոնակարգման և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործընթացում կատարվելիք փոփոխությունների առաջարկը և այլն:  Կայքի հաղորդմամբ՝ ՀՖՖ Գործկոմի նիստից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է  լրագրողների հարցերին:

 

Որքան էլ տարօրինակ է, ՀՖՖ Գործկոմի նիստը լուսաբանելու համար հրավիրվել են միայն մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, իսկ նիստից հետո Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է հենց այդ մի քանի ՝ նախընտրելի լրագրողների հարցերին: Հատկանշական է, որ այս մասին ՀՖՖ մամուլի ծառայությունը նախապես պատշաճ կարգով չի ծանուցել  ԶԼՄ-ներին տեղի ունենալիք միջոցառման և հատկապես՝ ՀՖՖ նախագահի ասուլիսի մասին:  

 

Ինչո՞ւ: Ի՞նչ ունեին ՀՖՖ-ում թաքցնելու մարզասեր հասարակությունից,  կամ ինչպե՞ս  են  ստանում լրատվամիջոցները  «ցանկալի» և «ոչ ցանկալի»  որակավորումը: Հիշեցման կարգով նշենք,  որ Ռուբեն Հայրապետյանի նախորդ ասուլիսի մասին  էլ ՀՖՖ մամուլի ծառայությունը  ԶԼՄ-ներին տեղյակ պահեց ասուլիսի մեկնարկից մոտ 4 ժամ առաջ: 

 

Ի դեպ, ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութից երեւում է, որ ՀՖՖ նախագահը  մի քանի լրատվամիջոցների  ներկայացուցիչների հետ զրույցում  խոսել է միայն գործկոմի նիստում քննարկված որոշ թեմաների մասին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ ՀՖՖ նախագահը չի ցանկանում, որ ասուլիսին ներկա լինեն «ոչ ցանկալի» լրատվամիջոցների  ներկայացուցիչներ, քանի որ այս կերպ ավելի հեշտ կլինի շրջանցել հայկական ֆուտբոլի առկա խնդիրների մասին թեման:  Իսկ հայկական ֆուտբոլի, հատկապես` ներքին առաջնության խնդիրների մասին կարելի է երկար խոսել:

 

Ըստ երևույթին` ՀՖՖ ղեկավարի և նրա ծառայակիցների համար հայկական ֆուտբոլում առկա խնդիրների պատճառը հենց լրագրողներն են: Նրանք են մեղավոր այդ ասպարեզում ստեղծված «գաղջ մթնոլորտի» համար, և բնական է, եթե նրանք, այսինքն՝ մենք, տեղյակ չլինենք ոչնչից, չլուսաբանենք, խնդիրները չբարձրաձայնենք, լուծումներ չփնտրենք, ապա  հայկական ֆուտբոլում վիճակը այլ կլինի: Շատ ծանոթ իրավիճակ է:

 

Հիշո՞ւմ եք, ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին  Հյուսիսային Կորեայի թիմը, ըստ հյուսիսկորեական մամուլի, եզրափակիչում ջախջախիչ հաղթանակ տոնելով,  դարձավ Աշխարհի չեմպիոն: Այսպես շարունակվելու դեպքում մերոնք հաստատ ժամկետից շուտ  ձեռք կբերեն Եվրոպայի առաջնության եզրափակիչում խաղալու իրավունքը: Իսկ գուցե արդեն Եվրոպայի չեմպիո՞ն ենք: Ասեք` իմանանք, պարոնա'յք, կիսեք ձեր ուրախությունը հանրության հետ: Չէ՞ որ մեր հասարակությանը հաղթանակները օդ ու ջրի պես անհրաժեշտ են: Ասեք` իմանանք, ուրախանանք: Էգոիզմը լավ բան չէ:  

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի