կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-19 13:10
Հասարակություն

Գիտաժողով Զմմառում` «Հայոց ցեղասպանությունը և արխիվները» խորագրով

Գիտաժողով Զմմառում` «Հայոց ցեղասպանությունը և արխիվները» խորագրով

Զմմառի վանքում կայացել է «Հայոց ցեղասպանությունը եւ արխիվները» խորագրով մեկօրյա գիտաժողով՝ կազմակերպված Զմմառի միաբանության և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի կողմից: Գիտաժողովին մասնակցել են Լիբանանում Պապական նվիրակը, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը, լիբանանյան համալսարանների իրավագիտության և պատմության ֆակուլտետների ղեկավարներ և դասախոսներ:

 

Բացման խոսքով հանդես է եկել Տեր Ներսես Պետրոս ԺԹ. Կաթողիկե հայոց պատրիարքը, ով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում կարևորել է արխիվները՝ որպես ճշմարտության բացահայտման և հավաքական հիշողության պահպանման կարևոր գրավական:

 

Առաջին զեկուցումով փարիզաբնակ պատմաբան, պրոֆեսոր Հարություն Գեւորգյանը ներկայացրել է Եղեռնին վերաբերող, հատկապես` օտարերկրյա արխիվների  արժեքավոր նյութերը, այդ նյութի ուսումնասիրվածությունը, դեռևս շատ կարևոր անելիքները, որոնց զգալի մասը, նրա կարծիքով, պետք է բաժին ընկնի պատմաբանների երիտասարդ սերնդին։

 

Պրոֆեսոր Վահրամ Շեմմեսյանն իր զեկույցում անդրադարձել է Միջին Արևելքի հայկական արխիվներին՝ մեկ առ մեկ նշելով բոլոր այն արխիվները, որտեղ ուսումնասիրություններ է կատարել Հայոց ցեղասպանության առնչությամբ, եւ առանձնացրել է Կահիրեի, Երուսաղեմի Հայոց պատրիարքության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Հալեպի եւ Բաղդադի Հայ Առաքելական առաջնորդարանների արխիվները, որտեղ փաստագրական մեծ նյութ է ամփոփված:

 

Հետաքրքիր և բովանդակալից զեկույցով հանդես է եկել Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Մայր ցուցակի և Ձեռագրագիտության բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանը, ով անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատճառով կորսված ձեռագիր-մատյաններին, որոնց թիվը հասնում է շուրջ 30.000-ի: «Շատ փոքր թվով ձեռագրեր են փրկվել Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից: Վանքերից և եկեղեցիներից բռնագրավված ձեռագրերի մի մասն այսօր գտնվում է թուրքական պետական գրադարաններում և արխիվներում: Անկարելի է հստակ ասել, թե որքան հայ կրոնական սպասք և եկեղեցական իրեր են կորստի մատնվել»,- ասել է նա:

 

Գիտաժողովի վերջին զեկուցողը Հայր Անդրանիկ Ծ. Վրդ. Կռանյանն էր, ով ներկայացրել է Մարտինի հայ կաթողիկե առաջնորդ Իգնատիոս Արք. Մալոյյանի կյանքը:

 

Լիբանանում կայացած այս գիտաժողովը մեծապես կարևորվում է դեռևս չհայտնաբերված և չուսումնասիրված արխիվային նյութերի առումով, քանզի հայ ժողովուրդն այսօր լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած` որպես ազգ, և պատասխանատու է իր պատմության վավերաթղթերի և արխիվային նյութերի համար: Գիտաժողովը նաեւ ուղղակի եւ անուղղակի կոչ է երիտասարդ գիտնականներին եւ ուսումնասիրողներին՝ ավելի մեծ թափով լծվելու այս կարևոր աշխատանքին: