կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-16 17:00
Քաղաքական

Ծառուկյանը ներկա չի եղել ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստին

Ծառուկյանը ներկա չի եղել ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստին

Այսօր ԲՀԿ-ն կրկին քաղխորհրդի նիստ է անցկացրել, որին մասնակցել են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը և այլք:

 

Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց Վահան Բաբայանը: Նա նշեց, որ տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի աշխատանքային նիստ, քննարկվել են բազմաթիվ հարցեր, եղել են մի շարք առաջարկներ ու տարբերակներ, թե ինչ գործողություններ պետք է լինեն, եթե Գագիկ Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից:


«Եթե մեր կուսակցության առաջնորդին զրկեն պատգամավորական մանդատից, քննարկվել է նստացույցի և նույնիսկ` հացադուլի տարբերակ, բայց դա քննարկվող տարբերակներից միայն մեկն է եղել: Մենք ունենք նամակ ԱԺ նախագահից, որը խնդրել է տրամադրել լրացուցիչ պարզաբանումներ` Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ կապված»,- ասաց Վահան Բաբայանը:


Նա նշեց, որ փետրվարի 20-ի հանրահավաքը ուժի մեջ է, և այդ հանրահավաքի վերաբերյալ ամենժամյա ռեժիմով տեղի են ունենում քննարկումներ:

 

Նշենք, որ շենքից դուրս եկավ նաև ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, ով չպատասխանեց լրագրողների հարցերին: Իսկ Վահան Բաբայանի խոսքով` ԲՀԿ քաղխորհրդի նիստին այլ կուսակցություններից չեն մասնակցել:


«Ամսի 20-ը ուժի մեջ է, մենք մեր քաղաքական գիծը տանելու ենք օրենքի տառին ու Սահմանադրությանը համապատասխան, առանց վիրավորանքների, վարկաբեկումների, քանի որ Հայաստանում պետք է ձևավորվի նոր քաղաքական մշակույթ, որը զերծ է մնալու մարդկանց անձնական վիրավորանքներ հասցնելուց»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ արվելու է ամեն ինչ, որ երկիրը զերծ մնա ցնցումներից:


Հարցին`Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին, Վահան Բաբայանը պատասխանեց. «Իհարկե, լինելու է»:


Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, որ հունվար ամսվա բացակայությունները ԱԺ նախագահը հարգելի է համարել, Վահան Բաբայանը հաստատեց այդ տեղեկությունը` հավելելով, որ բոլորն էլ հասկանում են, թե ով էր պատճառը, որ բացակայությւոնների հարցը հիմա բարձրացվեց, այն դեպքում, երբ հունվար ամսին այդ բացակայությունները հարգելի էին համարվել:


Լրագրողները հետաքրքրվեցին` Արագած Ախոյանից բացի, էլի՞ կան պատգամավորները, որոնք դիմում են ներկայացրել ԲՀԿ-ից դուրս գալու մասին, Վահան Բաբայանը նշեց. «Այս պահին չկան դիմումներ: Արագած Ախոյանը միակ պատգամավորն էր, որը այս պահին դիմում է գրել ԲՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ»:

 

Մեր հարցին, թե ի՞նչ գնահատական է տրվել Արագած Ախոյանի այդ քայլին, Վահան Բաբայանը պատասխանեց. «Բնական է, որ բացասական: Քաղաքական թիմը չի կարելի լքել ամենածանր պահերին: Կարելի է կուսակցություններ փոխել` ըստ գաղափարների կամ ըստ հայացքների, բայց այս ծանրագույն շրջանում, երբ ԲՀԿ-ն իր քաղաքական գիծն է առաջ տանում, կարծում եմ, դա ճիշտ քայլ չէր»:

 

Նշենք, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստին Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում: