կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 13:57
Իրավական

Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Yerkir.am-ի տեղեկություններով` այսօր կտրուկ վատացել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) առողջական վիճակը: Նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկների հսկողության տակ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը հայտնեց, որ այժմ գնում է ՔԿՀ` իր պաշտպանյալին տեսակցելու:

 

Նշենք, որ Հակոբյանը արյան ճնշման  և սրտի հետ կապված խնդիրներ ունի: Նախկին պատգամավորի պաշտպանները  դիմել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը` Հակոբյանին պատշաճ բուժօգնությամբ ապահովելու խնդրանքով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ Հակոբյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է: «Կալանավորի  խնդրանքով անգամ քաղաքացիական հիվանդանոցից է բժիշկ այցելել և ստուգել նրան, ինչի արդյունքում պարզվել է, որ էական խնդիրներ չունի»,- ասաց մեր զրուցակիցը:


Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Վերոնշյալ հոդվածները վերաբերում են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, ապօրինի ձեռնարկատիրությանն օժանդակելուն, ինչպեսև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելուն:

 

Ի դեպ, այսօր Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է: