կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-03 17:30
Առանց Կատեգորիա

Նառա Վարդանյանի «Արգելված պտուղ»-ի «համտեսը»` փետրվարի 5-ին

Նառա Վարդանյանի «Արգելված պտուղ»-ի «համտեսը»` փետրվարի 5-ին

Փետրվարի 5-ին, ժամը 17-ին «Ականաթ» սրճարանում /Կողբացի 28/ տեղի կունենա արձակագիր Նառա Վարդանյանի' «Արգելված պտուղ» գրքի շնորհանդեսը:

 

***
Մի պարկ կյանք /հատված` պատմվածքից/



Դե, պատերազմը երկար տևեց, էդ ընթացքում շատերը նյարդայնացան, շատերը խելագարվեցին: Բայց քանի որ իմ մանկության մեջ պատերազմից առաջ ու հետո տեսած մարդիկ նույնն էին, փոփոխությունները դժվար էր նկատելը:

 


Չորրորդ հարկի Աստղիկ տատի միակ տղան մեր շենքի ջահելներից առաջին զոհն էր: Աստղիկը որդու հետ Սումգայիթից հազիվ էր փախել. ամուսնու ականջները կտրել էին, կնոջ ու որդու առաջ կրակել: Որդու զոհվելու օրը չորրորդ հարկից մինչև բակ ավլեց: Լուռ ավլում էր: Բերեցին բակում եռագույնի տակ՝ մոմի նման տղայի վրա Աստղիկը լացեց, լացեց, տարան Եռաբլուր: Աստղիկը հաջորդ օրը ավելը ձեռքին չորրորդ հարկից մինչև բակ ավլեց: Հարևաններն ասացին՝ խելագարվել է, բայց երբ տեսա, որ ամեն օր մեկը Աստղիկի համար տաք ճաշ է եփում ու իջեցնում, մյուս օրը որոշեցի ավելը ձեռքիս միանալ Աստղիկ տատին: Աստղիկի ձեռքին մի պարկ կար: Երկուսով լավ փոշի բարձրացնելով ավլում էինք: Ասացի՝ Աստղիկ տատ, տուր պահեմ մեշոկդ: Չարացած վրաս նայեց, հրեց ինձ: Հարևանները մորս ասացին՝ երեխուն հեռու պահի խելագարից:

 


Հետո աշուն էր, հետո ձմեռ, պատերազմների ժամանակի անտանելի եղանակները: Էդ տարիներից միայն քաղցած աշունն ու ցուրտ ձմեռն եմ հիշում: Աստղիկը մաքրելու տարածքներն ընդլայնել էր: Տուն այլևս չէր գնում: Լռել էր: Ով ինչ հարցնում էր, ապշած՝ հարցնողի դեմքին էր նայում: Չորս տարիների ընթացքում կռացած և նույն շորով ամբողջ թաղամասի բակերն էր մաքրում, մինչև չորրորդ հարկերը և օր օրի փոքրանում էր: Կռացած ավլելուց մեջքին կուզ գոյացավ: Ապրիլի կողմերը Աստղիկն արդեն միայն մեր բակում էր քնում՝ ձեռքի պարկը գլխի տակ: Առավոտյան դպրոց գնալիս տեսա կուզի կողմից շորը պատռվել է, կուզի վրա վերք է բացվել ու վերքին ճանճեր են հավաքվել: Մայիսի վերջերին՝ հրադադարից հետո, տղամարդիկ վերադարձան: Աստղիկը տեսել էր վերադարձող նիհար, տխուր-ուրախ տղամարդկանց, ծիծաղել, ծիծաղել ու բակում հորս ձեռքը բռնել, մինչև մեր տուն եկել էր: Մենք ուրախացած, հորս շուրջն էինք պտտվում, իսկ պառավը հորս ձեռքը բաց չէր թողնում: Հետո բացեց սև պարկը: Պարկում մեռած որդու շորերն էին: Շորերը, լուռ, հորս առաջ դրեց: Ասեց՝ որդուս նման ես, քեզ համար եմ պահել, կհագնես: էդ օրն առաջին անգամ հայրս դեմքն առավ ափերի մեջ ու հոնգուր-հոնգուր լացեց: Ես էդպիսի բան չէի տեսել: