կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-30 18:08
Մշակույթ

Հասկացա, թե ինչքան համր է ձեր ձայնը Թուրքիայի համար. Ֆաթիհ Աքըն

Հասկացա, թե ինչքան համր է ձեր ձայնը Թուրքիայի համար. Ֆաթիհ Աքըն

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան է ժամանել գերմանաբնակ թուրք ռեժիսոր, Վենետիկի փառատոնի մրցանակակիր Ֆաթիհ Աքընը: Հայաստանում կցուցադրվի նրա` Ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմը:

 

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Աքընը նշեց, որ ֆիլմը նկարահանելու ժամանակ հասկացել է, որ աշխարհի մի շարք երկրներում կան մարդիկ, ովքեր գաղափար անգամ չունեն Ցեղասպանության մասին: Նա  տեղեկացրեց, որ մի քանի ամիս առաջ ֆիլմը սկսել են ցույց տալ նաև Թուրքիայում` ամենամեծ կինոթատրոններում:

 

«Երկու տարի առաջ նման բան անել չէինք էլ կարող, իսկ այսօր մի քիչ փոխվել է իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ այնտեղ մարդիկ անարգել խոսում են Ցեղասպանության մասին: Ամենալավն այն է, որ երբ երիտասարդները ֆիլմի ավարտից հետո դուրս էին գալիս կինոդահլիճից, ասում էին` գրողը տանի, մենք չենք էլ իմացել այդ մասին, ու վստահ եմ, որ նրանց հաջորդ քայլը որոնողական համակարգերում «Ցեղասպանություն» բառը փնտրելն է եղել: Իսկ ես ֆիլմի շնորհիվ հասկացա` ինչքան համր է ձեր ձայնը Թուրքիայի համար»,- ասաց կինոռեժիսորը:

 

Ֆիլմի սցենարի համահեղինակն է /Աքընի հետ/ Մարտիկ Մարդինը, ով նշեց, որ Աքընի առաջարկը` Ցեղասպանության թեմայով մի սցենար գրել, նախ դժկամությամբ է ընդունել: Հետո, սակայն, խոստովանեց, թե Աքընին, կարծես, Աստված էր ուղարկել:

 

«Ես նրան ասացի` այս գործը հանգիստ են անում, ու սկսեցի գրել: Ինձ թվում է` վատ գործ չի ստացվել, ավելին` այն սքանչելի է ինձ համար: Կուզեի ասել նաև, որ սա իմ տեսած ամենաանկեղծ ֆիլմն էր Ցեղասպանության մասին, քանի որ Աքընն ուզում էր ոչ միայն սցենար, այլ ֆիլմ, որի հիմքում մարդկային ճակատագիրն ու անկեղծությունը կլինի»,- ասաց Մարդինը:

 

«Սպի» ֆիլմի գլխավոր հերոսը Նազարեթ Մանուկյանն է, ով Ցեղասպանությունը վերապրածներից մեկն է: Նազարեթը Ցեղասպանության հետևանքով կորցնում է ողջ ընտանիքը և երկար ջանքերից ու փնտրտուքներից հետո գտնում միայն իր աղջիկներից մեկին:

 

15,5 մլն եվրո բյուջեով եւ 138 րոպե տևողությամբ «Սպի» դրամայի նկարահանումները սկսվել են 2013 թ. մարտին և իրականացվել Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ժապավենի պրոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը եւ Արամ Մովսեսյանը: Ֆիլմում դերերով հանդես են եկել Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Արևիկ Մարտիրոսյանը, Ակըն Գազին, իսկ գլխավոր հերոսին մարմնավորել է ֆրանսիացի (ծագումով ալժիրցի) դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օդիարի «Մարգարեն» ֆիլմում: