Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
3-ամյա Գրիգորը սպասում է ականջի խխունջային իմպլանտի ներպատվաստման վիրահատությանը և արդեն մասնակցում է նախավիրահատական պարապմունքներին: «Որքան մոտենում է վիրահատությունը, այնքան ավելի հաճախ նույն ճանապարհն անցած մարդկանց հետ շփման, նրանց ամենօրյա խորհրդատվության կարիքն ես զգում»,- ասաց երեխայի մայրը` Աննա Ասրյանը:
Երեկ «Էրեբունի» ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականաջաբանության բաժանմունքում հանդիպում էր ականջի խխունջային իմպլանտ կրող երեխաների, նրանց ծնողների և ոլորտի մասնագետների հետ: Սա պարբերական հանդիպումներից մեկն էր, որը կազմակերպվել էր գերմանական «Լենհարդ» հիմնադրամի կողմից: Միևնույն խնդիրն ունեցող երեխաների ծնողները հանդիպում են փորձի փոխանակման և ոլորտին առնչվող հիմնական մասնագետների հետ` անմիջականորեն շփվելու, մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք շփվելու նաև վիրահատված երեխաների հետ: Մտածելու շատ բան կա, սակայն, երբ տեսնում ես 10 տարի առաջ վիրահատված երեխայի, ով այսօր ազատորեն լսում և խոսում է, գնում է սովորական դպրոց, հասկանում ես, որ քո փոքրիկի ունեցած հնարավորությունն իրական է»,- ասաց Աննա Ասրյանը:
Հանդիպմանն օնլայն մասնակցում էր նաև «Լենհարդ» հիմնադրամի հիմնադիր-ղեկավար Մոնիկա Լենհարդը: Նա պատասխանեց ծնողների հարցերին, կոչ արեց ավելի ակտիվ լինել` խոստանալով հիմնադրամի հնարավորության սահմաններում աջակցել երեխաների զարգացմանն ու խնամքին:
Նշենք, որ վերջին վեց ամսվա ընթացքում «Լենհարդ» ակադեմիան տասը երեխայի նվիրել է նոր՝ 4-րդ սերնդի freedom խոսքի պրոցեսոր (իմպլանտի արտաքին մասն է, որ վիրահատված անձը մշտապես կրում է իր հետ): Այս դասի պրոցեսորները, ապահովելով ավելի մաքուր և հստակ ձայն, միաժամանակ անհամեմատ թեթև են և նվազ ծախսատար: Նոր պրոցեսորները ստանալուց հետո ծնողները հանդիպում էին առաջին անգամ, ուստի հարցերի հիմնական թեման հիմնականում նոր պրոցեսորի առանձնահատկություններն ու դրա հետ աշխատելու նրբություններն էին:
Խոսքի պրոցեսորները երեխաներին են տրամադրվել «Լենհարդ» ակադեմիայի նախաձեռնած «Խոսքի պրոցեսորներ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում: Ըստ նախագծի` հիմնադրամը Գերմանիայում հավաքագրում է պետության կողմից տեղացի երեխաներին տրամադրված օգտագործման համար պիտանի պրոցեսորները, որոնց կարիքը շահառուներն արդեն չունեն, և տրամադրում հայաստանցի մանուկներին: Ծրագիրն օգնում է չնչին ռեսուրսներով ձեռք բերել միջինը 6-8 հազար եվրո արժողությամբ սարքավորումը, որը կարելի է օգտագործել մինչև 5 տարի:
Միջոցառմանը ներկա էր նաև հանրապետության գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը: «Նմանատիպ միջոցառումները կարևոր նշանակություն ունեն: Ծնողների համագործակցությունն ու փորձի փոխանակումը լիարժեք արդյունքի հասնելու կարևոր նախապայմաններից է, որովհետև խխունջային իմպլանտ կրող երեխայի հետ աշխատող թիմում մասնագետների կողքին իր կարևոր դերակատարությունն ունի երեխայի ծնողը»,- ասաց նա:
Նշենք, որ ՀՀ-ում խխունջային ներպատվաստում առաջին անգամ կատարվել է 2004 թվականին` պրոֆեսոր Շուքուրյանի կողմից: Մինչ օրս վիրահատվել է 72 մարդ, որոնցից միայն 11-ը մեծահասակներ են, ովքեր լսողությունը կորցրել են մեծ տարիքում՝ խոսելու ունակությունը զարգացնելուց հետո: Մյուս 61-ը մինչև 5 տարեկան երեխաներ են, որոնք մինչև իմպլանտը խոսել չեն կարողացել:
Այս դեպքում նշվում է, որ երեխաների խլության դեպքում խխունջային իմպլանտի ներպատվաստումը ցանկալի է կատարել մինչև հինգ տարեկանը, երբ դեռ խոսքի կենտրոնը զարգացման փուլում է: Իսկ դրանից հետո, եթե նույնիսկ երեխան վիրահատվի և սկսի լսել, ապա դժվար թե սովորի խոսել, իսկ եթե կարողանա էլ, ապա մեծ դժվարությամբ կլինի դա: