կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-23 11:04
Իրավական

Ըստ ոստիկանության` վարորդների հոգեվիճակի խաթարումը կարող է մարդկային կյանքեր արժենալ

Ըստ ոստիկանության` վարորդների հոգեվիճակի  խաթարումը կարող է մարդկային կյանքեր արժենալ
ՀՀ Ոստիկանությունը տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հուլիսի 22-ին` ժամը 11.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում,  մի խումբ անձինք  խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, դուրս գալով  երթևեկության բանուկ   գոտի` երթուղային միկրոավտոբուսների դիմապակիներին փակցրել են տարբեր բնույթի կոչեր: Այս գործողություններով հիշյալ անձինք ոչ միայն խախտել են հասարակական կարգը, այլև,  ցավոք,  անտեսել այն իրողությունը, որ ուղևորափոխադրումներ իրականացնող  վարորդի  բարոյահոգեբանական վիճակով է պայմանավորված  մեր քաղաքացիների անվտանգությունը, իսկ նման հոգեբանական վիճակում   վարորդի երթևեկելը կարող է հանգեցնել անցանկալի, անգամ` ողբերգական հետևանքների:
Եվ նույնիսկ այս պայմաններում  ոստիկանության ծառայողները հանդուրժողական վերաբերմունք են դրսևորել «Հավաքների մասին» ՀՀ օրենքի  պահանջների խախտումով անցկացված հավաքի մասնակիցների նկատմամբ`  բացատրելով նրանց գործողությունների ոչ միայն  անօրինական լինելը, այլև հնարավոր բոլոր վտանգավոր հետևանքները: 
Չնայած դրան, հավաքի առանձին մասնակիցներ չեն ենթարկվել ոստիկանների հորդորներին և օրինական պահանջներին, փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողներին` խոչընդոտելով վարորդների աշխատանքին, ինչը և կանխվել է  ոստիկանության ծառայողների կողմից:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ  ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների  հոգեվիճակի  խաթարումը կարող է մարդկային  կյանքեր արժենալ:
Ոստիկանությունը կոչ է անում հարգել համակեցության կանոնները և ձեռնպահ մնալ  երթևեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսևորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության»: