կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-26 13:34
Հասարակություն

Նաիրիտցիների վանկարկումներին միանում են նաև Բաղրամյանով երթևեկող ավտոմեքենաների վարորդները

Նաիրիտցիների վանկարկումներին միանում են նաև Բաղրամյանով երթևեկող ավտոմեքենաների վարորդները

Նախագահի նստավայրի առջեւ հավաքվել են  «Նաիրիտ»-ի ավելի քան 1000 աշխատակիցներ:  Նրանք վանկարկում են՝ «աշ-խա-տա-վարձ»: Որպես համերաշխության նշան` նրանց արձագանքում են Բաղրամյան պողոտայով երթևեկող մեքենաների վարորդները՝ ազդանշաններով:

 

Նաիրիտցիները, որոնց մեծ մասի տարիքը 50-ն անց է, պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը: Yerkir.am-ի հետ զրույցում նրանք նշեցին , որ «Նաիրիտ»-ի բոլոր աշխատակիցները (2000-ից ավելի) ստացել են ծանուցումներ այն  մասին, որ փետրվարի 6-ից իրենք ազատվում են աշխատանքից, ձևավորվելու է նոր աշխատակազմ, և հայտնի չէ, թե աշխատակիցներից քանիսի հետ և ում հետ դարձյալ կկնքվեն աշխատանքային պայմանագրեր:

 

«Հիմա մենք պահանջում ենք մեր աշխատավարձերը, որ հետո սկսենք աշխատանք փնտրել ու մեր ընտանիքը մի կերպ պահենք»,- ասաց նաիրիտցիներից մեկը:

 

Հետաքրքրական  է, որ նաիրիտցիների մեծ մասը հրաշալի գիտի Աշխատանքային օրենսգրքի այն հոդվածները, որոնք վերաբերում են աշխատանքից ազատմանը և աշխատավարձի ուշացմանը: Նրանք հղում են կատարում օրենքներին՝ ասելով, որ աշխատավարձի ուշացման համար նախատեսված են տուգանքներ, իսկ դրանք ներկա պահին հսկայական չափերի են հասնում: Հնարավոր է, որ մի խումբ նաիրիտցիների թույլ տան մտնել նախագահական նստավայր՝ իրենք պահանջները  ներկայացնելու: Ներկա պահին, չնայած ցուրտ եղանակին, հարյուրավոր նաիրիտցիներ դեռևս կանգնած սպասում են՝ վանկարկելով «աշ-խա-տա-վարձ»: