կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-25 05:36
Հասարակություն

Գնացքով երթեւեկող ուսանողները կօգտվեն զեղչերից

Գնացքով երթեւեկող ուսանողները կօգտվեն զեղչերից

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքետ Շայդուլինը փետրվարի 24–ին համաձայնագիր են ստորագրել 2011–2015 թթ. սոցիալ-տնտեսական համագործակցության մասին. տեղեկացնում է քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Փաստաթղթով նախատեսվում է քաղաքամերձ և քաղաքային երկաթուղային տրանսպորտի զարգացման համալիր ծրագրի մշակում, տրանսպորտային հանգույցի ստեղծում՝ երկաթուղային տրանսպորտի և մետրոյի, քաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

 

Նախատեսվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բազայի հիման վրա իրականացնել Երևանի մետրոպոլիտենի և քաղաքային էլեկտրատրանսպորտի շարժակազմի վերականգնման աշխատանքներ։ Բացի այդ` 25 -50% զեղչեր են սահմանվելու երկրի ներսում գնացքով երթևեկող ուսանողների համար:

 

Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ` «Հարավկովկասյան երկաթուղին» տեխնիկա-տնտեսական հաշվարկներ կներկայացնի Մանկական երկաթուղու ընդլայնման (նոր շինարարության) նախագծի վերաբերյալ։

 

Համագործակցության շրջանակներում կողմերը կուսումնասիրեն Երևան-Հրազդան-Երևան ուղղությամբ երթևեկող էլեկտրագնացքի համար «Ալմաստ» գործարանի մոտակայքում ուղևորային կառամատույցի կահավորման հնարավորությունը։

 

Երևանի քաղաքապետարանի հետ կդիտարկվի նաև համատեղ բժշկական հաստատության ստեղծման հնարավորությունը՝ հետագայում այն ժամանակակից բուժարանի վերափոխելու նպատակով, որը բժշկական ծառայություն կմատուցի ինչպես մայրաքաղաքի բնակչությանը, այնպես էլ ընկերության աշխատակիցներին։

 

Ընկերությունը կաջակցի նաև մայրաքաղաքի Կարապենցի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում մասնագիտական դասընթացների կազմակերպմանը և համակարգչային դասարանի ստեղծմանը։