կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-12-23 18:20
Առանց Կատեգորիա

Արտահերթ իշխանափոխությունը հետաձգվում է

Արտահերթ իշխանափոխությունը հետաձգվում է

Երեկ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարաանը, պատասխանելով առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին հարցին, ասել է, թե հաջորդ տարի իրադարձությունները հիմնականում կապված են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: «Դա չի նշանակում, որ քաղաքական գործընթացները դադարի մեջ կլինեն, գարնանից հետո ավելի բուռն փուլ կմտնենք»,- ասել է նա:

 

Բաղդասարյանը փաստացի նախանշել է, որ ներկայիս քաղաքական «թայմ աութը», որը ԲՀԿ-ն վերցրեց նախորդ ամիս Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մասին իր դիրքորոշումը միայն 2015թ. փետրվար-մարտ ամսին հայտնելու մասին հայտարարությունից հետո, տևելու է ոչ թե մինչև մարտ ամիսը, այլ գործնականում մինչև սեպտեմբեր: «Պաշտոնապես» դա կպատճառաբանվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողությունների պատշաճ ապահովմամբ՝ հաշվի առնելով դրանց նկատմամբ միջազգային հանրության ակնկալելի ուշադրության պայմաններում իշխանության համար մղվող ներքին ճղճիմ կռիվներով օրվա խորհուրդը չնսեմացնելու անհրաժեշտությունը:

 

Չի բացառվում, որ նախագահը հենց այդ հաշվարկով էլ մինչև մարտ ամիսն է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումը հայտնելու համար ժամկետ վերցրել: Եթե այդպես է, ապա նախագահին մնում է սահմանած ժամկետի ավարտին որևէ լղոզված պատասխանով սահմանադրական հանրաքվեի հետ կապված պլանների շուրջ անորոշությունը պահպանելու հնար գտնել: Իսկ դա հենց այն է, ինչ նախագահը կարողանում է անել ամեն ինչից լավ:

 

Պետք է ենթադրել, որ Բաղդասարյանը զուտ անձնական տեսակետը չէ, որ հայտնում է: Նախորդ տարվա նոյեմբերի կեսերին, երբ արդեն հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ժամանակավորապես օրակարգից հանում է սահմանադրական փոփոխությունների հարցը, նա հանդիպեց Գագիկ Ծառուկյանի հետ, ինչից հետո սկսվեց, այսպես կոչված, ոչ իշխանական եռյակին ՕԵԿ-ի դանդաղ և հետևողական ինտեգրման գործընթացը: Եթե նրանք կարող էին համաձայնությունների գալ ՕԵԿ-ին աստիճանաբար «նոր քառյակ» մտցնելու հարցի շուրջ, ապա ոչինչ չէր խանգարում համաձայնեցնել նաև մարտավարությունը: Մանավանդ` պրոցեսներն առնվազն մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր սառեցնելը բխում է թե' նրանց, թե' իշխանափոխության խնդիր դնող բոլոր այլ ուժերի շահերից:

 

Նախ՝ առավելագույնը, ինչի ձգտում էին հասնել ԲՀԿ-ն և նրա արբանյակները, նախագահին ստիպելն էր վերանայել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու որոշումը: Այդ հարցը Սերժ Սարգսյանի կողմից ժամանակավորապես օրակարգից հանելը եռյակը հռչակեց իր հաղթանակը՝ համարելով, որ լուծել է մինիմալ խնդիրը: Իշխանության հետ բացահայտ առճակատման մեջ մտնելուց խուսափելու միակ տարբերակը մնում է այդ ժամանակավորությունը որքան հնարավոր է երկար ձգելուն հասնելը: Այսինքն` որքան երկար ստիպեն նախագահին մանևրել սահմանադրական փոփոխությունների անցկացման հարցում, այնքան ԲՀԿ-ն կշահի: Դա նաև ՕԵԿ-ի օգտին է՝ հաշվի առնելով, որ նոր՝ ընդդիմադիրի կարգավիճակում ռեաբիլիտացվելու համար երկար ժամանակ է պետք: ՀԱԿ-ը, չհրաժարվելով ԲՀԿ-ի կցորդի կարգավիճակից, որոշումների կայացման արտոնությունը թողել է Ծառուկյանի միանձնյա հայեցողությանը: Իսկ «Ժառանգություն»-ը փաստացի վաղուց արդեն այդ ձևաչափում, բովանդակային և հայեցակարգային իմաստով, չկա: Այնպես որ` մինչև սեպտեմբեր «հրադադարի» պահպանումը բխում է այդ դաշտում խաղացող բոլոր ուժերի շահերից:

 

Երկրորդ՝ ԲՀԿ-ն երբեք չի թաքցրել, որ գործում է միայն հերթական ընտրությունների տրամաբանությամբ: Արտահերթ զարգացումներ պահանջելու մոտիվներով հոկտեմբեր-նոյեմբերի ամիսներին ԲՀԿ-ի կտրուկ ակտիվացումն իրականում ընդամենը Սերժ Սարգսյանի վրա սահմանադրական փոփոխություններից ետ պահելու նպատակով ճնշում գործադրելու նպատակ ուներ: Բայց խնդիրն այն է, որ հերթական ընտրությունները սկսվելու են 2017-ի գարնանից, և ԲՀԿ-ն կանգնում է  մինչ այդ ընկած ժամանակահատվածն ինչ-որ բանով լցնելու, հանրության քիչ թե շատ մոբիլիզացվածությունը, այսինքն` քաղաքական այդ կապիտալը պահպանելու խնդրի առջև: Այս իմաստով, զուտ քաղաքական առումով, Ցեղասպանության 100-րդ տարելիցի և դրա շուրջ զարգացումների ժամանակաշրջանը փրկօղակ է այս ուժերի համար: Իսկ դրանից հետո գալու է ամառային հանգստի շրջանը, և ստացվում է, որ «իշխանափոխականները» մոտ մեկ տարի այս դադարը պահպանելու հավելյալ հնարավորություն են ստանում միանգամայն բացատրելի և հիմնավորված պատճառնելով: Այդ ընթացքում, իհարկե, ԲՀԿ ղեկավարը ձեռքի հետ դեռ մի քանի անգամ էլ հասարակական շրջանակների հավաքներ կանցկացնի, համաժողովրդական շարժման գրասենյակները «հզորացնելով» և մարդկանց ինչ-որ անհասկանալի հարցաթերթիկներ բաժանելով` իշխանափոխությամբ լրջորեն զբաղված լինելու տպավորություն կթողնի: Իսկ երբ կգա 2015թ. աշունը, հանկարծ կպարզվի, որ արտահերթ ընտրությունների մասին խոսելն ավելորդ է, քանի որ խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը մեկուկես տարի: Եվ քանի որ ընտրությունները նախագահի, հետևաբար` նաև իշխանության փոփոխության տրամաբանությամբ են կայանալու, թեժ ընտրապայքարը մեկնարկելու է դրա համար օրենսդրությամբ սահմանված ժամկետից շատ ավելի շուտ, գուցե հենց 2015-ի սեպտեմբերից: Հետևաբար, կարելի է ասել, որ թե' իշխանությունը և թե' ընդդիմությունը, գոնե ներկա դրությամբ, գնում են նոր «թեժ աշնան» սցենարով, և այստեղ նույնիսկ նշանակություն էլ չունի՝ դա տեղի է ունենում պայմանավորվածությունների՞ հենքի վրա, թե՞ լուռ համաձայնության:

 

Այդ պատճառով էլ, եռյակի գործունեության հետ կապված, իշխանությունն իրեն չափազանց հանգիստ է զգում: Այդ մասին է վկայում փաստը, որ չնայած առաջին պլանում կարծես շարունակում է եռյակը մնալ, բայց իշխանությունը նյարդայնություն է դրսևորում բոլորովին այլ ուղղությամբ, մասնավորապես`  աստիճանաբար գլուխ բարձրացնող և մոբիլիզացման ավելի մեծ պոտենցիալ ցուցաբերող օղակների նկատմամբ, ինչպես, օրինակ, ազատամարտիկների համախմբումն է: Չնայած վերջիններս գործում եմ իրարից անկախ, սակայն նրանց պահանջների, սահմանած նպատակների և դրանց հասնելու համար առաջարկվող մեթոդների նույնականությունը լիարժեք պայմաններ է ստեղծում այդ ուժերի հենքի վրա իշխանության վերահսկողությունից բացարձակապես դուրս քաղաքական նոր, արմատական բևեռի ստեղծման համար: Բռնությունները, որոնք վերջին շրջանում տարօրինակ օրինաչափությամբ հենց այս օղակների ներկայացուցիչների նկատմամբ էին կիրառվում, ինչպես նաև վերջիններիս ուղղված` ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի վերջին կոշտ նախազգուշացումերն ու սպառնալիքներն ուղղակի մատնում են այս բևեռից իշխանության ունեցած լուրջ մտավախությունները: 

 

Գևորգ Աղաբաբյան