Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստին ներկա էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ ունի ասելու ֆինանսատնտեսական շուկայում ստեղծված խուճապային տրամադրությունների մասին, պատասխանեց. «Դրամավարկային քաղաքականությունը ԿԲ լիազորությունների մեջ է մտնում, բայց դա բոլորիս խնդիրն է, որովհետև դրամի արժեզրկումը մեծ ազդեցություն ունի տնտեսության վրա: Հիմա համատեղ ջանքերով փորձում ենք դուրս գալ այս վիճակից, ներկա պահին հարցը քննարկվում է կառավարությունում` ամենօրյա ռեժիմով: Ցավոք, կառավարությունն այստեղ մեծ գործիքակազմ չունի»:
Նա նշեց, որ ներկա պահին ԿԲ-ն գնահատում է այն գործոնները, որոնք առաջացրել են այս վիճակը, և փորձում է կայունացնել վիճակը:
Yerkir.am-ի հարցին` ի՞նչ հստակ քայլեր կարող է այս վիճակում անել ֆինանսների նախարարությունը, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ֆինանսների նախարարությունը հարկաբյուջետային քաղաքականության վարողն է, և նման դեպքերում պետք է կոշտ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնի, այսինքն` եկամուտներն ավելացնի ու ծախսերը կրճատի: Բայց մենք կողմ չենք կոշտ քաղաքականությանը, այլ փորձում ենք տնտեսությունը աշխուժացնող քաղաքականություն վարել: Եվ ասեմ, որ ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում: Մենք էլ ԿԲ-ի հետ օպերատիվ փորձում ենք արձագանքել, որ վիճակը կայունանա»:
Խոսելով սպեկուլյացիների մասին` նախարարը նշեց, որ կան օբյեկտիվ ու արհեստական իրավիճակներ, և փորձում են սողանցքերը ծածկել: «Դրամի արժեզրկումը շատ արագ տեղի ունեցավ, և դրանից հետ գալը բավական բարդ պրոցես է և շատ հանգամանքներից կախված: Պետք է հանգիստ ձևով դա տեղի ունենա»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:
Մեր հարցին, թե իրավիճակը գտնվո՞ւմ է կառավարության վերահսկողության ներքո, նախարարը պատասխանեց. «Այո, բնականաբար, կլիներ խուճապային իրավիճակներ, երբ խանութներ կփակվեն, որովհետև տնտեսվարողները հայտնվել են բարդ իրավիճակում: Դրա համար էլ կառավարությունը ԿԲ-ի հետ միասին կկիրառի նոր գործիքներ, որ վիճակը կայունանա»:
Yerkir.am-ի հարցին` նախարարը գո՞հ է ԿԲ-ի վարած քաղաքականությունից, Գագիկ Խաչատրյանը հստակ չպատասխանեց` ասելով. «Այս պահին ԿԲ-ն իր իրավասությունների սահմանում անում է ամեն ինչ, որ վիճակը կայունանա, իսկ ԿԲ-ի` կառավարությանը տված խոստումները հուսադրող են»:
Նախարարը նշեց նաեւ, որ չեն քննարկվում հարկերը նվազեցնելու տարբերակը և նոր արժույթի անցնելու հարցը: