կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-17 14:30
Քաղաքական

Մայր հայհոյելն ամենամեծ վիրավորանքն է. Արմեն Ռուստամյան

Մայր հայհոյելն ամենամեծ վիրավորանքն է. Արմեն Ռուստամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում երեկ ՀՅԴ նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ելույթը, պատասխանեց. «Թող հասարակությունը գնահատական տա, ես խնդիր չունեմ` ամեն մեկի ելույթը գնահատելու: Պատգամավոր է, իրավունք ունի իր ոճի մեջ և իր տեսակին համապատասխան ելույթ ունենալու, եթե դա իր մեջ վիրավորանք ու զրպարտանք չի պարունակում: Հիմա Սեյրան Սարոյանն այդ կոլորիտի մարդ է, ունեցել է իր ելույթը: Ես այդպիսի ելույթ չէի ունենա, ես ունեցա այն ելույթը, որը ես եմ ունեցել»:

 

Լրագրողների այն դիտարկմանը, որ խոսքը վերաբերում է Սեյրան Սարոյանի ելույթի այն հատվածներին, որոնք, ասես, բացահայտ կերպով հաստատում են այն կասկածները, որ Արամ Մանուկյանը ծեծի է ենթարկվել նախագահին հայհոյելու պատճառով, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ես այդ գնահատումները չեմ ընդունում, բայց այն մասը, որը վերաբերում էր մեր գործընկերոջը` Արամ Մանուկյանին, ում ես շատ հարգում եմ, որ իր խոսքի մեջ վիրավորանք է եղել Աբովյանում հայտնի հանրահավաքի ժամանակ… Մայր հայհոյելը դա մեր ժողովրդի մեջ ամենամեծ վիրավորանքն է: Հարգելինե'րս, մենք էլ պետք է հասկանանք, չի կարելի հայհոյանքներ տեղալ և մտածել, որ դրանք անպատասխան կմնան: Պիտի հասկանանք, որ հայ ժողովրդի մենթալիտետն է այդպիսին: Օրինակ` Ռուսաստանում այդպիսի հայհոյանքը բարևի տեղ է անցնում, բայց հայ ժողովրդի մոտ դա այսպես չէ, բանակում էլ ենք ծառայել, դեպքեր են եղել, որ որևէ հայ մարդու հասցեին հայհոյանքը ինչ վատ հետևանքներ է ունեցել: Եղել է դեպք, որ ռուս մարդը, ով վատ մտքեր էլ չի ունեցել, պարզապես հայհոյել է հային, բայց մինչև բացատրել է, ուշ է եղել»:

 

Պատգամավորը հավելեց, որ Սեյրան Սարոյանի ելույթում ավելի շատ կարևորել է այն, որ նա անկեղծ ասել է իր մտածածը, մինչդեռ կան մարդիկ, որ ավելի վատ բաներ են մտածում, բայց չեն արտահայտվում: