|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2015թ. հունվարի 1-ից Միացյալ Նահանգները կսկսի վիզաների թողարկումը` Հայաստանի Հանրապետության հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Տուրիստական ու գործնական նպատակներով Միացյալ Նահանգներ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա՝ մինչև 10 տարի վավերականության ժամկետով:
Նաև` մինչև 5 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի F, M, կամ J տեսակի վիզաներ կտրամադրվեն ուսման նպատակով մեկնողներին, փոխանակման ծրագրերի մասնակիցներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց: Իսկ ԱՄՆ քաղաքացիները 2015թ. հունվարի 1-ից կկարողանան Հայաստան մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր:
Ազատականացված վիզային ռեժիմի ներդրումն առաջ էր քաշվել անցյալ տարի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում: Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն այն հարթակն է, որտեղ ամենամյա կտրվածքով դիտարկվում են երկկողմ առևտրին ու ներդրումներին, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումների առաջընթացին առնչվող հարցեր և վերհանվում են հնարավորությունները, որոնց շուրջ աշխատելով, Հայաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան նպաստել երկարաժամկետ տնտեսական զարգացմանը:
Այս համաձայնությունների արդյունքում կավելանան փոխադարձ այցելությունները, ներդրումները, բիզնեսի զարգացման հնարավորությունները, ինչը երկուստեք շահավետ կլինի երկու երկրների տնտեսավարողների, այդ թվում նաև զբոսաշրջության համար: Վիզաների վավերականության երկար ժամկետը կդյուրացնի ուսանողների ու փոխանակման ծրագրերի մասնակիցների հայրենի երկիր այցելելու հնարավորությունները՝ տոների ու արձակուրդների ընթացքում: