Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում արդարադատության նախարարությունը ներառել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք կառավարության հաստատմանն արժանանալուց հետո կուղարկվեն ԱԺ` քննարկման:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առկա են կատարողական վարույթի հարուցման և իրականացման ժամկետների հետ կապված անորոշ կարգավորումներ: Առկա են նաև բազմաթիվ ոչ հստակ ձևակերպումներ, ինչպես նաև անհարկի հայեցողական լիազորություններ, որոնք ակնհայտորեն դժվարացնում են դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացը:
Օրինակ, դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց՝ գույքի կամ դրամական միջոցի վրա արգելանք, և հարկադիր կատարողը կարող է որոշել, թե արդյոք արգելանքը դնում է միայն գուքի վրա, թե արգելանքը դրվում է և՛ գույքի, և՛ դրամական հաշիվների վրա: Կամ կատարողական վարույթի համար սահմանված է երկամսյա ժամկետ, հարկադիր կատարողը 10 օր հետո, տեսնելով, որ պարտապանը կամավոր չի կատարում պարտականությունը, կարող է որոշում կայացնել գույքը հարկադիր աճուրդի հանելու վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգում է գույքի աճուրդը՝ մինչև սահմանված ժամկետի ավարտը:
Բացի այդ, օրենքը մի շարք դեպքերում, օրինակ կատարողական վարույթը կարճելու, կասեցնելու կամ վերսկսելու դեպքերի համար, չի նախատեսում հարկադիր կատարողի կողմից համապատասխան որոշումների ընդունման ժամկետներ:
Օրենքը պարտապանի գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա, արգելանք դնելու գործընթացում հաշվի չի առել որպես հայցի ապահովում պարտապանի գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելու առանձնահատկությունները և այդ գործընթացի համար չի սահմանել առանձնահատուկ կարգավորումներ, ինչի արդյունքում գործնականում առաջանում են տարաբնույթ խնդիրներ՝ կապված որպես հայցի ապահովում պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացի հետ, հատկապես այն դեպքերում, երբ արգելադրվում են պարտապանին պատկանող դրամական միջոցները, ինչի արդյունքում վերջինս կարող է կրել անհաչափ վնասներ:
Օրենքը չի կարգավորում նաև որպես պարտապան պետական մարմինների մասնակցությամբ կատարողական վարույթներով պետական բյուջեի միջոցների վրա արգելանք կիրառելու հարաբերությունների առանձնահատկությունները:
Նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև գույքի հարկադիր իրացման կապակցությամբ հարկերի՝ պետական բյուջե մուտքերի պատշաճ ապահովումը: