Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ ՊԲ ՌՕՈւ-ին պատկանող մարտական ուղղաթիռի խոցումը դատապարտող մի հայտարարություն, որը հեղինակել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Այդ փաստաթղթում նշվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է դիմում` խափանելու համար բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և կրում է իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը:
Այս հայտարարության մեխը, սակայն, ոչ թե դրա բովանդակությունն է, այլ որպես գործողություն արվելու համար ընտրված պահը: ՀՀ ԱԳՆ-ն իրավիճակի սրման մասին խոսում է այն ժամանակ, երբ գոնե այդ պահին գործ ունենք իրավիճակի հարաբերական լիցքաթափման հետ: Հայաստանի արտգործնախարարությանը կա'մ ուշ են տեղ հասնում տեղեկությունները երկրում և նրա շուրջ կատարվող իրադարձությունների մասին, կա'մ մարդիկ երկշաբաթյա խորը քնի մեջ են եղել ու միայն արթնանալուց հետո են հասկացել` բանն ինչումն է: Հակառակ դեպքում `այս փաստաթուղթը պետք է ՄԱԿ-ում շրջանառության մեջ դրվեր ոչ թե հիմա, այլ երկու շաբաթ առաջ` ուղղաթիռի ոչնչացումից և երեք ցավալի զոհ ունենալուց անմիջապես հետո, որին պետք է գումարվեին նաև այլ նախաձեռնություններ: Այդ ամբողջ ընթացքում, սակայն, արտգործնախարարությունից և նախարար Էդվարդ Նալբանդյանից ոչ մի ծպտուն դուրս չէր գալիս: Այնպիսի տպավորություն էր, որ կա'մ բոլորը, պայմանավորված, կոլեկտիվ արձակուրդ էին գնացել, կա'մ անմարդաբնակ կղզում կորպորատիվ ինչ-որ հավաքույթի էին մասնակցում, և այնտեղ այնքան լավ էր, հանգիստ, ապահով, որ ոչ մի կերպ վերադառնալ չէին ցանկանում: Դա այն դեպքում, երբ հանրությունը հուսահատ սպասողականության մեջ էր, իսկ Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունները հայտարարում էին, թե օդաչուներին ուղղաթիռի անկման վայրից հանելու համար նախապատվությունը տրվում է դիվանագիտությանը: Այսինքն` երբ առաջին գծում պետք է լիներ նախարարը` իր ղեկավարած կորպուսի հետ միասին, և չկար:
Ինչպե՞ս բացատրել այս տարօրինակ գործելակերպը, որը, կարծես, դառնում է տխուր օրինաչափություն: Այս տարվա օգոստոսյան ծանր օրերին, երբ շփման գծի ողջ երկայնքով ծավալվել էր աննախադեպ դիվերսիոն պատերազմ, ԱԳՆ-ն` նախարարով հանդերձ, դարձյալ անցել էր ընդհատակ: Եվ չնայած նրանց ուղղված` ակտիվանալու և նախաձեռնողականություն հանդես բերելու կոչերին, քննադատությանը, այս կառույցն սկսեց վերակենդանացման նշաններ ցույց տալ միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին Սոչի հրավիրելուց հետո, այսինքն` երբ լարվածությունը կրկին սկսել էր թուլանալ: Այն ժամանակ թվում էր, թե սա զուտ պատահականություն է կամ տակտիկական ինչ-որ հնարք, որ պետական իշխանությունը դիվանագիտական աշխատանքի կազմակերպման ինչ-որ «հեծանիվ է հորինել», որի արդյունքները պետք է տեսանելի լինեն ապագայում: Սակայն ուղղաթիռի ոչնչացման և դրան հաջորդած իրադարձությունների խորապատկերին նույն պրակտիկայի կրկնությունը պարզ է դարձնում, որ ամեն ինչ սպասվածից ավելի պարզունակ է` գործ ունենք դասական անգործության հետ: Եթե այդպես չէ, ապա սա արդեն ոչ թե մարտավարության, հնարամտության արտահայտություն պետք է համարել,, այլ որդեգրվող պետական քաղաքականություն, որի իմաստը երկրի համար ամենաճակատագրական պահերին արտգործնախարարությանը ողջ կազմով թոշակի ուղարկելն է և նրա գործառույթները պաշտպանության նախարարությանը հանձնելը:
Ստացվում է, որ արտգործնախարարությունը հարկատուների հաշվին պահում ենք միայն ֆուտբոլային կամ «գիշերային» դիվանագիտության նման խայտառակությունները հեղինակելու, ոչ աշխատանքային օրերին եթերներից ու ամբիոններից սկզբունքայնություն և հետևողականություն խաղալու, խրոխտ կեցվածքով հակառակորդի վրա մատ թափ տալու համար: Գուցե սա իսկապե՞ս մի այնպիսի դիվանագիտություն է, որից հասարակ մահկանացուները գլուխ չեն հանում: Այդ դեպքում գուցե արժե՞ր մարդավարի բացատրել դրա էությունը:
Այն հանգամանքը, որ ԱԳՆ-ի այսպիսի` մեղմ ասած, տարօրինակ վարքագիծը ո'չ առաջին և ո'չ էլ երկրորդ դեպքում որևէ գնահատականի չարժանացավ երկրի ղեկավարի, քաղաքական իշխանության կողմից, ինքնին արդեն նշանակում է նման գործելակերպի լեգիտիմացում և արդարացում, ավելին` դիվանագիտական մշակույթի և ավանդույթների ձևավորում: Փաստորեն, այս բազայի վրա է ստեղծվում հայոց դիվանագիտության դպրոցը:
Գևորգ Աղաբաբյան