կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-17 11:33
Արցախ

Արցախի հետ կապված` ֆրանսիական դատարանի որոշումը արտգործնախարարությունը չի մեկնաբանում

Արցախի հետ կապված` ֆրանսիական դատարանի որոշումը արտգործնախարարությունը չի մեկնաբանում

Ֆրանսիայի դատարանների որոշումները, անշուշտ, չենք մեկնաբանի, բայց ակնհայտ է, որ մասնավոր նախաձեռնություն է, դատական դեմարշ. այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, ի պատասխան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցադրմանը, ասաց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը: «Դրա համար չկա հասարակական պահանջ։ Չեմ կարծում, որ դա կարող է ինչ-որ հետևանք ունենալ Ֆրանսիայում Արցախի ու Արցախի ժողովրդի ընկալման վրա։ Կարծում եմ` դա չի կասեցնի ժողովրդավարական հորիզոնական դիվանագիտությունը, և քույր քաղաքների հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն»,- հավելեց նա:

Աբովյանի հարցը վերաբերում էր Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանի որոշմանը՝ Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին:

Արտգործնախարարը նշեց նաև, որ ֆրանսիացի քաղաքական տարբեր գործիչներ ընդվզում են այդ որոշման դեմ, հետևաբար` ՀՀ կառավարությունն այդ հարցում անելիք չունի։ Ավելին` նշեց, որ առկա օրակարգն ավելի է ամրապնդել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները, ինչն էլ նպաստելու է, որ Արցախի արդար դատը շարունակի ադեկվատ ընկալվել Ֆրանսիայում:

ԱԺ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատեց. «Ֆրանսիական դատարանի որոշումները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության անգործության հետևանքն են։ Դատարանների այս որոշումները կանխատեսելի էին, դրան նախորդել են Ադրբեջանի կողմից մեծածավալ աշխատանքներ: Մենք անգործության ենք մատնվել ու հույսն ամբողջությամբ դրել Սփյուռքի ներուժի վրա` ակնկալելով, որ Սփյուռքն այս հարցերի համար պետք է լուծումներ գտնի։ Նրանք էլ կարողացել են միայն փաստաբան գտնել, որը չի կարողացել ըստ արժանվույն ներկայացնել հարցը։ Սա հետևանքներ է ունենալու ԵՄ անդամ մյուս երկրների քաղաքների համար»,- ասաց նա:

Բաբաջանյանի համոզմամբ` Ֆրանսիային պետք է հասկացնենք` սա Սփյուռքի հարցը չէ, սա համահայկական նշանակության հարց է, որովհետև Արցախի հետ կապված ցանկացած հարց մեզ համար համահայկական նշանակություն ունի:

«Խնդիրը լուրջ է,- համաձայնեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:- Գործ ունենք դատական որոշման հետ՝ սրանից բխող տարբեր հետևանքներով։ Համաձայնեք, որ մեզ համար խնդիր կլիներ, որ, օրինակ, որևէ դեսպանատան աշխատող գար ու խոսեր որևիցե հայ դատավորի մասին։ Կարծում եմ՝ չեք վիճարկի, որ Ֆրանսիայում դատական անկախություն կա, չնայած համաձայն եմ` խնդիր կա ու պետք է աշխատել այդ ուղղությամբ համապատասխան օղակներով»։