Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սուդանի հանրաքվեն ԼՂՀ-ի համար նախադեպ չի կարող լինել»,- այսօրվա մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա, դա ՄԱԿ-ի ապագաղութացման`1960 թվականին ընդունված հռչակագրի ներքո կատարվող գործընթաց է եւ մեզ չի վերաբերում: «Ինքնորոշումը, ՄԱԿ-ի տեսանկյունից, դիտարկվում է որպես ապագաղութացման գործընթացի վերջ: Մեր պարագայում ավելի շատ գործ ունենք Հելսինկյան եզրափակիչ ակտի հետ. բոլոր միջնորդական առաքելություններն արվում են ԵԱՀԿ շրջանակներում եւ մատնանշվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքները: Կոսովոն, Աբխազիան եւ Հվ.Օսիան մեզ համար շատ ավելի ընդունելի նախադեպեր են»,- նշել է Ալ.Արզումանյանը:
Ամփոփելով նախորդ տարին` նախկին պաշտոնյան նկատել է`արտաքին գործերի նախարարությունը զբաղվել է գործառույթներով, որոնք ավելի հարիր են «PR կոմպանիային»: Ըստ նրա, ՀՀ արտգործնախարարությանը հանձնարարված է եղել միջազգային ասպարեզում դրական ներկայացնել երկրում կատարվող բացասական գործընթացները` այդ կերպ դրական իմիջ ստեղծելով Հայաստանի անվան շուրջ: Իսկ Նալբանդյանի վերջին ասուլիսն էլ նախկին պաշտոնյան համարում է ԺԷԿ-ի պետի ասուլիս. «ԺԷԿ-ի պետն էր ասում` ասֆալտապատել ենք այսքան բակ, վերանորոգել ենք այսքան տանիք...»:
Ըստ նրա, արդեն նախորդ տարվա սկզբից բոլոր գործընթացներն սկսեցին նահանջ ապրել` այդքան գովերգված «ֆուտբոլային դիվանագիտությունը» 2010-ի ապրիլին իր վախճանին հասավ, ԼՂ-ի խաղաղ կարգավորման գործընթացում էլ շարունակվեցին իմիտացիոն քայլերը: Արզումանյանը չի հերքում`հանդիպումներ եղան` երկկողմ, եռակողմ, բազմակողմ, բայց արդյունքում մնաց 2009 թ. Աթենքում ընդունված ձեւակերպումը, որով ԼՂ-ի ապագա ինքնորոշման իրականացումը կապվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Նախկին արտգործնախարարը կարծում է`դա ազդակ էր այն մասին, որ միջազգային հանրությունը ԼՂ-ի ինքնորոշումը պատկերացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ըստ նրա, այդ ոգով ընթացան բոլոր հանդիպումներն ու իվերջո Աստանայում ամփոփ ձեւակերպում ստացան:
Ալ.Արզումանյանը նկատել է, որ բոլոր ֆորմատներով Հայաստանի հանդեպ ձեւակերպումները գնալով ավելի են խստանում: Իսկ Ադրբեջանն էլ շարունակում է ջանքեր գործադրել` Մինսկի խմբից բացի, Ղարաբաղյան հարցն այլ ատյաններ ներգրավելու ուղղությամբ: Որպես օրինակ, Արզումանյանը մատնանշում է ՄԱԿ-ում բարձրացրած հայտնի բանաձեւը, որն, ըստ նրա, առկախված է Հայաստանի գլխին` որպես Դամոկլյան սուր: