կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-27 13:47
Մշակույթ

Մենք թուրքերի մշակույթն ենք փրկել իրենցից. Մատենադարանում մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» գիտաժողովը

Մենք թուրքերի մշակույթն ենք փրկել իրենցից. Մատենադարանում մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» գիտաժողովը

Այսօր Մատենադարանում մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը, որն այս տարի նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Լրագրողների հետ զրույցում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց, որ դեռ 5 տարի առաջ մեկնարկած ծրագիրն ունեցավ զգալի նշանակություն և այսօր արդեն ավանդույթ է դարձել: «Գիտաժողովն առիթ է ի մի բերելու ձեռագրերի պահպանման, թվայնացման, ուսումնասիրման աշխատանքները: Մենք կարևորում ենք նաև այն, որ գիտաժողովը թեմատիկ սահմանափակում չունի, և յուրաքանչյուր հետաքրքիր նյութ կարող է դառնալ քննարկման առարկա»,- ասաց նա:

Թամրազյանը նշեց նաև, որ շուտով Կալիֆոռնիայի ազգային համալսարանի հետ պետք է պայմանագիր կնքեն և համագործակցեն, քանի որ այնտեղ հայերեն մոտ 100 ձեռագիր է պահվում:

Խոսելով այն մասին, որ գիտաժողովն այս տարի նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին, Մատենադարանի տնօրենն ասաց, որ մեր ամբողջ մշակույթը կարող ենք վերապրած համարել: Ըստ նրա` Ցեղասպանության ժամանակ հայերս ոչ միայն մեր ձեռագրերն էինք փրկում, այլև ղուրաններ: «Մենք իրենց իսկ մշակույթն ենք փրկել իրենցից»,- ասաց Թամրազյանը:

Գիտաժողովի գլխավոր համակարգող Արա Խզմալյանն էլ նշեց, որ այս տարի գիտաժողովին մասնակցում են մասնագետներ ՌԴ-ից, Ավստրիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Լատվիայից, Ղազախստանից և Վրաստանից:

«Մեր այս հինգ տարվա աշխատանքների շնորհիվ էր, որ 2014-ի դեկտեմբերին Մատենադարանին շնորհվեց գրավոր ժառանգության պահպանման ու վերակագնման ոլորտում ԱՊՀ տարածքում բազային կազմակերպության կարգավիճակ: Սա նշանակում է` մենք գրավոր ժառանգության պահպանման համակարգողն ենք ԱՊՀ-ում: Գիտաժողովն էլ իր հերթին ընդգրկում է գրավոր ժառանգության պահպանման բոլոր ոլորտները»,- ասաց նա:

Խզմալյանի հավաստմամբ` գիտաժողովի արդյունքներն արդեն ամփոփվել են մեկ ժողովածուում, հիմա  տպագրության է պատրաստվում երկրորդ ժողովածուն: Գիտական հոդվածների ժողովածուն, ըստ նրա, լուրջ մեթոդական նշանակություն ունի: «Այս տարիների ընթացքում մենք դրսի շուրջ 70 գրադարանների, թանգարանների, վերականգնողական կենտրոնների հետ ենք աշխատել: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ դրսի մասնակիցները գիտաժողովից հետո իրենց երկրում սեմինար են կազմակերպում և փորձի փոխանակում իրականացնում»,- ասաց Խզմալյանը: