Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատախազությունը ստացել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բողոքը՝ իր և ՀՀ նախկին զինդատախազ, ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջև խոսակցության ձայնագրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթը կարճելու որոշման դեմ։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին՝ հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի է ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաեւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հետեւում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։ Ավելին, հայտարարել է, ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ ու ինքը նրա նկատմամբ հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ» տվել։ Աղմկահարույց ձայնագրությունից և առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և ենթարկվել վիրահատության։ Ակնառու էր, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում է հրաժարական տալ, իսկ հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց՝ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է վարույթ, որը դեկտեմբերին կարճվել է՝ հանցանքի բացակայության հիմքով։
Ռուբեն Վարդազարյանը գտնում է, որ քննությունը թերի է իրականացվել, ըստ այդմ, պահանջում է վերացնել կարճելու որոշումը և շարունակել նախաքննությունը։ Ռուբեն Վարդազարյանն ինքը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել էր, որ դատախազության կողմից բողոքը մերժելու դեպքում կդիմեն դատարան։