կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-17 14:11
Հասարակություն

Ոչ պետական բուհերի շրջանավարտները կարող են ստանալ պետական նմուշի դիպլոմ

Ոչ պետական բուհերի շրջանավարտները կարող են ստանալ պետական նմուշի դիպլոմ

Ոչ պետական բուհերի շրջանավարտների կրթության ավարտական փաստաթղթերի՝ դիպլոմների ճանաչման խնդիրն աշխատաշուկայում և կրթության համակարգում առկա է վաղուց: Հաշվի առնելով ՀՀ ԿԳՆ-ին ուղղված դիմումներն ու հարցումները՝ խնդրին լուծում տալու նպատակով նախարարության նախաձեռնությամբ կատարվել է օրենսդրական փոփոխություն: 2014 թ. մայիսի 19-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, համաձայն որի' ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին իրավունք է տրվել ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ մինչև 2016-2017 ուսումնական տարվա ավարտը հանձնելով ամփոփիչ ատեստավորման քննություններ:

 

Այս մասին ԿԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:

 

 «Կրթության մասին օրենքի համաձայն' պետությունը ճանաչում է պետական և հավատարմագրված մասնագիտությունների համար տրված դիպլոմները: Հետևաբար, ոչ պետական բուհերի չհավատարմագրված մասնագիտությունների դիպլոմները պետության կողմից չեն ճանաչվում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ պետական բուհերի չհավատարմագրված մասնագիտություններով շրջանավարտները մշտապես ունենում են խնդիրներ, հատկապես` պետական համակարգում աշխատանքի անցնելու, կրթությունը շարունակելու՝ ավելի բարձր կրթական աստիճան, օրինակ' մագիստրոսի կոչում ձեռք բերելու և բազմաթիվ այլ դեպքերում: Նախաձեռնելով այս գործընթացը, պետությունն, ըստ էության, ընդառաջում է քաղաքացիներին՝ նրանց տալով հնարավորություն բարձրացնել իրենց մրցունակությունն աշխատաշուկայում և կրթական համակարգում»,- նշել է Սուքիասյանը:

 

Ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու նպատակով շրջանավարտները տվյալ տարվա մարտ ամսից մինչև ապրիլի 15-ը ԿԳՆ են ներկայացնում քննությունների մասնակցության մասին դիմում-հայտ, որը նշված ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ, ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը, անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը, 2 լուսանկար (3 X 4 չափսի):


ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը հատուկ շեշտել է. որ սովորաբար խնդիրներ ի հայտ են գալիս դիպլոմների միջուկների հետ կապված, քանի որ դիմողները երբեմն միջուկ չեն ներկայացնում, ինչը պարտադիր է:
Քննությունները անցկացվելու  են տվյալ տարվա համար ԿԳ նախարարի հրամանով հաստատված պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ համաձայն տվյալ բուհի տվյալ տարվա համապատասխան մասնագիտությամբ գործող ուսումնական պլանի և ամփոփիչ ատեստավորման քննությունների:

 


Ամփոփիչ ատեստավորման քննությունների վերահանձնում կազմակերպվում է մինչև 2016/2017 ուսումնական տարվա ավարտը ու միայն այն առարկաներից, որոնցից նախորդ քննաշրջանում դիմորդները ստացել են «անբավարար» գնահատական: Տվյալ տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցած և քննական առարկայից «անբավարար» գնահատական ստացած շրջանավարտների համար, հաջորդ ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննություններին շրջանավարտի մասնակցության դեպքում, պահպանվում է նախորդ տարվա համապատասխան մասնագիտության գծով մյուս առարկայից ստացած «դրական» գնահատականը:

 


Ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականով հանձնած շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ և ներդիր՝ միջուկ /պահպանելով նախկին դիպլոմի ներդիրի ընթացիկ գնահատականները/ տրվում են'
ա/ տվյալ մասնագիտության կրթական ծրագրով հավատարմագիր ունեցող բուհերի դեպքում' իրենց նախկին բուհի կողմից, համապատասխան մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահի և տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ, վավերացված բուհի պետական զինանշանի կնիքով.


բ/ տվյալ մասնագիտության կրթական ծրագրով չհավատարմագրված բուհերի /կամ բուհի գործունեությունը դադարեցված կամ հավատարմագիրը ուժը կորցրած ճանաչված կամ տվյալ մասնագիտության գծով կրթական գործունեության լիցենզիան կասեցված/ դեպքում' քննությունները կազմակերպած բուհի կողմից, համապատասխան մասնագիտության քննական հանձնաժողովի նախագահի և քննությունն անցկացրած բուհի ռեկտորի ստորագրությամբ, վավերացված այդ բուհի պետական զինանշանի կնիքով:
Մագիստրոսի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին (ավարտական թեզի պաշտպանությանը) կարող են մասնակցել միայն մագիստրոսի ոչ պետական ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և համապատասխան որակավորում ունեցող շրջանավարտները:

 


Մագիստրոսական թեզի պաշտպանությունը իրականացվում է հաջորդ ուսումնական տարում' տվյալ տարվա դիմորդը սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին բուհի հետ /թեզի ղեկավարի/ համատեղ քննարկելուց հետո ընտրում է մագիստրոսական թեզի թեման: