կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-01 15:51
Հասարակություն

700.000 դրամի դիմաց պետական նմուշի դիպլոմներ են տրվել ուսանողների, որոնք չեն հաճախել դասի․ Շիրակում առերևույթ չարաշահումների գործով հարուցվել են մի շարք քրգործեր

700.000 դրամի դիմաց պետական նմուշի դիպլոմներ են տրվել ուսանողների, որոնք չեն հաճախել դասի․ Շիրակում առերևույթ չարաշահումների գործով հարուցվել են մի շարք քրգործեր

Հանրապետական և Շիրակի մարզի իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի, դրանց շրջանակում կատարվող օպերատիվ հետախուզական միջոցառումների, դատավարական գործողությունների օրինականության նկատմամբ դատախազական պատշաճ հսկողության արդյունքում մարզում իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար՝ պարզվում են ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների նոր դեպքեր, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում անձինք աշխատանքային թույլտվություն ստանալու համար 700.000 ՀՀ դրամ գումարի դիմաց կոնկրետ բուհից ստացել են համապատասխան մասնագիտութան պետական նմուշի դիպլոմներ:  

ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում այս կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր: Ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ «Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկինում՝ Արթիկի թիվ 1 հատուկ դպրոց) 4 աշխատակիցների՝ 3 հոգեբանների  և 1 բաժնի պետի, համապատասխանաբար 2018 և 2019թթ. ընթացքում Գյումրիում գործող «N» արտադրական կոոպերատիվի կողմից տրամադրվել են «Հոգեբանություն» մասնագիտությամբ դիպլոմներ՝ հաստատված պետական քննական հանձնաժողովի նախագահի և ռեկտորի ստորագրություններով: Մինչդեռ, համաձայն նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների, այդ անձինք նշված ուսհաստատությունում ուսումնական գործընթացի չեն մասնակցել:

Փաստի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ ընկերությունում 2020թ.-ի պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցվել են հիվանդանոցում, ինչի միջոցով խաբեությամբ հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել և համադրվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում 2020թ. ընթացքում բուժումներ ստացած շահառուների և ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում առկա հիվանդների վերաբերյալ տվյալները։

Վեց տասնյակից ավելի ծնողներ հաղորդումներ կամ բացատրություններ են տվել այն մասին, որ իրենց երեխաներին 2020թ.-ի ընթացքում տարբեր օրերի, տարբեր գանգատներով բուժօգնության են տեղափոխել նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից երեխային հետազոտելուց և դեղորայքային բուժումներ նշանակելուց հետո, նույն օրը վերադարձել են տուն:

Մինչդեռ, ըստ «ԱՐՄԵԴ» համակարգում առկա տվյալների՝ երեխաները որոշակի օրերի ընդունվել են ստացիոնար բուժման և այն ավարտել օրեր անց և նրանց բուժման համար պետպատվերի շրջանակներում բուժհաստատությունը ստացել է համապատասխան չափի ֆինանսավորում:

Այսինքն, ըստ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալների՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով,  առերևույթ կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրերը, դրանք վճարման են ներկայացվել ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի միջոցով, ինչի արդյունքում ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, առերևույթ խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումար։

Դեպքի առթիվ ևս ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հարկ է փաստել, որ Շիրակի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով, ինչպես նաև պետական միջոցների ծախսման նպատակային, օրինական և իրավաչափ լինելու հանգամանքներն ստուգելու նպատակով դեռևս 2021թ.-ի մարտի 3-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում նախաձեռնվել է ուսումնասիրություն, որը գտնվում է ընթացիկ փուլում։

Մեկ այլ դեպքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա ոստիկանության Անիի բաժնում նյութերի նախապատրասատման շրջանակներում պարզվել է, որ 2012-2017թթ.-ի ընթացքում Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի ավագանու տարբեր նիստերի արձանագրությունների համաձայն՝ նույն գյուղի թվով 9 բնակիչների անուններով, որպես սոցիալական անապահով ընտանիքներին հատկացվող օգնություն, պարբերաբար ելքագրվել են տարբեր չափերի՝ ընդհանուր 75000-ից մինչև 350 000 ՀՀ դրամ գումարներ: Մինչդեռ այդ անձինք կամ ամբողջությամբ, կամ մասնակիորեն դրանք չեն ստացել, շատերը առհասարակ երբևէ չեն դիմել որպես անապահով ընտանիքներ՝ սոցիալական օգնություն ստանալու հարցով, իսկ առանձին դեպքերում թեև դիմել և մեկ-կամ երկու անգամ ստացել են, սակայն իրենց անուններով մի քանի այլ ելքագրումներից ընդհանրապես տեղյակ չեն: Ընդհանուր առմամբ 2012-2017թթ-ի ընթացքում Ձիթհանքովի գյուղապետարանից՝ որպես դրամական օգնություն դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.790.000 ՀՀ դրամ գումար, որը հիշյալ անձանց չհատկացվելով՝ առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացվել է:

Դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշված երեք քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: