Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր 2015թ. բյուջեի նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իր դիրքորոշումը` ասելով, որ այն արտացոլում է տնտեսության վիճակը` ցածր դիմադրողությամբ, արտաքին անմրցունակությամբ, նվազող ներդրումներով ու բարձր գործազրկությամբ:
Պատգամավորը նշեց, որ ուշադրությամբ հետևել է կառավարության անդամներին, որոնք ներկայացնում էին բյուջեի նախագիծը: Առանձին բացառություններով, բոլորն էլ ներկայացնում էին տնտեսական ցուցանիշներ, բայց ոչ ոք չխոսեց տարվող քաղաքականության մասին:
«Դուք էստեղից պետք է ներկայացնեք քաղաքականությունը, թե որն է լինելու սոցիալական պետության քաղաքականությունը, դրա փոխարեն ներկայացնում են ինչ-որ ֆինանսական ցուցանիշներ»,- ասաց Արծվիկ Մինասյան` հավելելով, որ տեսլականի ու զարգացման մասին խոսք չկար, թե ինչ ուղղությամբ է զարգանում Հայաստանը:
Պատգամավորի համոզմամբ` բյուջեն պետք է կազմվի առնվանզ երեք տարվա կտրվածքով: Բյուջեն չպետք է դիտվի որպես նպատակ, այն պետք է դիտվի որպես միջոց` հայտարարված նպատակին հասնելու համար:
Արծվիկ Մինասյանի կարծիքով` Հայաստանի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի փուլում, և ավելի լավ է` անկեղծորեն խոսվի դրա մասին, որպեսզի հնարավոր լինի այդ ախտորոշման հիման վրա ռազմավարական մոտեցումներ ցուցաբերել, քան թողնել այդ ամենը անտեսանելի ռիսկերի տիրույթում:
«Սոցիալական քաղաքականությունը, որը հիմա վարվում է, ոչ միայն կապ չունի սոցիալական պետության հիմնարար սկզբունքների հետ, այլև հիմնավորումների հետ կապ չունի: Սա անարխիզմն է: Սոցիալական ոլորտը չի կարող պաշտպանել գործատուի կամ օլիգարխի շահերը: Կամ` գյուղատնտեսության ոլորտում ասվել է, և դրա մասին կա 12 կետերի մեջ, որ պետք է վարել միասնական սուբսիդավորման քաղաքականություն, բայց դուք ի՞նչ եք բերել այստեղ, ի՞նչ քաղաքականություն եք վարելու գյուղատնտեսության ոլորտում, երբ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ, ինչպե՞ս են ապահովելու գյուղատնտեսական մթերքների մրցունակությունը այդ շուկայում: Բայց ոչ մի խոսք դրա մասին»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ տարեցտարի գյուղատնտեսությունը վերածվում է անարդյունավետ համակարգի, որովհետև չկա ուղղվածություն:
Որպես թերություն` նա նշեց այն, որ փաստաթղթում հստակ նշված չէ ստվերի չափը:
Պատգամավորն ասաց` որպեսզի անընդհատ իր կողմից քննադատություն չհնչի, առանձնացրել է նաև բյուջեի փաստաթղթի դրական կողմերը: Առաջին անգամ փաստաթղթում ներկայացվում է հարկային ծախսումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչը լավ նախադեպ է: Մյուս դրական կողմը եկամտային հարկով շինարարության ոլորտում որոշակի խթանման քաղաքականությունն է:
Պատգամավորը նշեց, որ պետք է հրաժարվել ԱԱՀ գաղափարից և տնտեսությունը կառուցել իրացման հարկի սկզբունքի հիման վրա: