կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 10:55
Քաղաքական

Դոշին խփելով` հարցեր չեն լուծում․ Նալբանդյանը՝ Արցախի հիմնահարցում վարած քաղաքականության մասին

Դոշին խփելով` հարցեր չեն լուծում․ Նալբանդյանը՝ Արցախի հիմնահարցում վարած քաղաքականության մասին

ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հաշվետու ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ելույթից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց նրան, թե, օրինակ, նախորդ տարի սահմանին իրավիճակի լարվածությունը մեղմելու համար հստակ ի՞նչ քայլեր են արվել։ «Ո՞նց հասկանանք, որ ամեն օր ունենք զոհեր և վիրավորներ ենք ունենում, և իրավիճակը շարունակում է մնալ լարված»,- հարցրեց պատգամավորը։

Նալբանդյանը պատասխանեց, որ դիվանագիտական աշխատանքն այն աշխատանքն է, որի մասին չեն գոռգոռում և, դոշին խփելով, հարցեր չեն լուծում։

«Տեսեք՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների արդյունքում կայացված որոշումները նույնն էին, ինչ ՀՀ նախագահն էր ասում։ Երբ եռանախագահող երկրների կողմից ասվեց, թե պետք է հետաքննության մեխանիզմ ստեղծվի, դա այն էր, ինչ Հայաստանն էր ասում։ Կարծում եք՝ դա օդի՞ց է լինում, դա համապատասխան աշխատանքի արդյունք է»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ագրեսիվությանը, ապա, ըստ նրա, Ադրբեջանն այդ խախտումներով առաջին հերթին պատասխանատու է միջազգային հանրության առջև։

Էնֆիաջյանի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ունենք այն, ինչ ունենք, քանի որ, ըստ նրա, Նալբանդյանի խոսքից մեր իրականությունը չի փոխվում, նախարարը պատասխանեց, որ ինքը գնահատական տալ չի կարող իրենց կատարած աշխատանքի համար, դա միայն ՀՀ նախագահը պետք է անի։

«Կարելի է փիլիսոփայական պատասխաններ տալ ձեր հարցերին։ Տեսեք՝ շատերը Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման համար էլ ասում են, թե Թուրքիային պետք է ստիպել ոչ թե սահման բացել, այլ ուղղակի ճնշում գործադրել։ Դե, գնացեք՝ ստիպեք, տեսնեմ՝ ոնց եք դա անելու։ Իսկ մենք այնպես ենք անում, որպեսզի միջազգային հանրությունը մեզ միանա, և հասել ենք դրան։ Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, նորից կան մարդիկ, որ ասում են՝ պետք չէ բանակցել Թուրքիայի հետ, բայց կարծում եմ, որ բանակցել պետք է բոլորի հետ, միայն երկխոսության և բանակցության միջոցով է հարց լուծվում։ Պետք է լավատես լինել, ոչ թե հոռետես և ասել՝ վայ, էս ինչ վատ է ամեն ինչ»,- ասաց նախարարը։

Նա հավաստիացրեց, որ իրենց տրամադրվող հնարավորությունների չափով քայլեր են անում։ Ըստ Նալբանդյանի՝ այն քաղաքականությունը, որը տանում են և որն ընդունվել է միջազգային հանրության կողմից, պետք է հավասարակշիռ ձևով, հանգիստ առաջ տանել։