Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր գերատեսչությունների կայքերը լրջորեն ուսումնասիրելիս ամեն օր հետաքրքիր տեղեկություններ կարող ես գտնել: Այնքան հետաքրքիր, որ անգամ մտածում ես` այս և նախորդ կառավարությունն իրականում շատ անկեղծ են ժողովրդի և բյուջեի միլիոնների ծախսման հարցում:
Այս կերպ մտածելու առիթ տալիս է ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մի շատ հետաքրքիր փաստաթուղթ, որում նշված են 2010-ը թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությանը միջազգային տարբեր կառույցների կողմից տրամադրված դրամաշնորհները: Դե, հիմա կմտածեք` ի՞նչ կա որ, բայց երբ տեսնում ես, թե այդ դրամաշնորհների մեջ ինչ տեսակարար կշիռ են կազմում խորհրդատվությունները, անկեղծ զարմանում ես:
Կառավարության հույսը, հավանաբար, այն է եղել, որ շատերը կզլանան մտնել ֆինանսների նախարարության կայքը եւ չեն գտնի ու ուսումնասիրի այդ փաստաթուղթը:
Եվ այսպես` Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհների ու դրանց շնորհիվ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, քանի դեռ չեն ավարտվել, Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցը պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում: Օրինակ` ինչպես եք վերաբերվում նրան, որ դրամաշնորհային ծրագրերից մեկը հատկացվել է Քաղաքացիական ծառայության խորհրդին` ուշադրություն` գիտաստեղծագործական խորհրդատվական ծառայություն իրականացնելու համար, իսկ գումարի չափն էլ կազմում է 14 միլիոն դրամ: Բայց սա դեռ ոչինչ է այն թվերի համեմատ, որ հիմա կհրապարակենք: 170 միլիոն դրամ էլ հատկացվել է առողջապահաության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակին՝ սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնման, խորհրդատվությունների և սեմինարի համար: Պարզվում է, որ խորհրդատվություններ և սեմինարներ անցկացնել ամենաշատը սիրում են գյուղատնտեսության նախարարությունում: Այսպես` գյուղնախարարությանը, որպես դրամաշնորհ, հատկացվել է մոտավորապես 1 միլիարդ 400 միլիոն դրամ՝ համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակում: Հետաքրքիր մի փաստ, որ անպայման պետք է արձանագրել: Եթե, օրինակ, առողջապահության, տարածքային կառավարման և այլ գերատեսչությունների դեպքում փաստաթղթում նշված է, թե այդ ծրագիրը ով է իրականացնում, ապա գյուղնախարարության դեպքում ուղղակի նշված է, որ դրամաշնորհը հատկացված է Սերգո Կարապետյանի ղեկավարած կառույցին, բայց թե ո՞վ է այն իրականացնում, չի նշվում:
Իսկ հիմա հրապարակենք այն ընդհանուր թիվը, որ ծախսվել է խորհրդատվությունների, սեմինարների և այլ ծառայությունների համար: Թիվը մոտավոր է, մեր հաշվարկներով կազմեց 13 միլիարդ դրամ: Հենց այսքան գումար դրսի ընկերությունները, օրինակ` KFW-ն կամ Համաշխարհային բանկը, որպես դրամաշնորհ, հատկացրել են մեր կառավարությանը զուտ դատարկ խոսակցությունների, եվրոպական և ամերիկյան թանկ խորհուրդների համար:
Որպես վերջաբան` իսկ ի՞նչ կարելի էր անել 13 միլիարդ դրամով, եթե չլինեին այդ խորհրդատվությունները: Մոտավոր հաշվարկներով` այդ գումարով մեր կառավարոթյունը կարող էր, օրինակ, աղետի գոտում կառուցել մոտավորապես 650 ընտանիքի համար բնակարան, բայց, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա, և մեր կառավարությունը բարձրաճաշակ եվրոպացիների գումարը նախընտրում է այլ ուղղությամբ վատնել:
Գևորգ Խաչատրյան