կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-28 18:12
Տնտեսական

Իրականում խորհրդատվությունների վրա ավելի շատ գումար է ծախսվել. պարզաբանում

Իրականում խորհրդատվությունների վրա ավելի շատ գումար է ծախսվել. պարզաբանում

Ներկայացնում ենք «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԳԾԻԳ ՊՀ) պատասխանը 2014 թվականի հոկտեմբերի 28-ին yerkir.am էլեկտրոնային կայքում հրապարակված` «13 միլիարդ դրամ` հորհրդատվությունների համար, կամ ինչպես է կառավարությունը վատնում դրամաշնորհները» հոդվածին:

 

«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ի դեմս ԳԾԻԳ ՊՀ-ի, Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ 2011-2016 թվականներին իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) ծրագիրը, որի արժեքն է շուրջ 21,3 մլն. ԱՄՆ դոլար, որից շուրջ 16,7 մլն. ԱՄՆ դոլարը` ՀԲ-ի վարկային միջոցներն են, 3,5 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է և շուրջ 1,1 մլն. ԱՄՆ դոլարը` շահառուների ներդրումն է:

 

Վերոհիշյալ հոդվածում նշված է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը խորհրդատվությունների և սեմինարների համար հատկացված է 1 միլիարդ 400 միլիոն դրամ դրամաշնորհ, որը չի համապատասխանում իրականությանը` նախ խորհրդտվությունների և սեմինարների համար 1,4 միլիարդ դրամ նախատեսված չէ, իսկ ՀԲ-ի կողմից տրամադրված ամբողջ գումարը վարկային միջոցներ են:

 

Հոդվածում նշված 1 միլիարդ 400 միլիոն դրամ գումարը համապատասխանում է ԳԾԻԳ-ի կողմից 2013 թվականին ՀՀ համայնքներում իրականացված աշխատանքների արժեքին: Համայնքների հեռագնա արոտների ջրարբիացման նպատակով 2013 թվականի ընթացքում ՀՀ 13 համայնքի արոտներում կառուցվել է շուրջ 75 կմ ջրագիծ և տեղադրվել է 34 խմոց, որի շնորհիվ ջուրջ 20 հազ. հա չօգտագործվող կամ թերի օգտագործվող արոտներ դարձել են մատչելի արածեցման համար: Նշված ամբողջ աշխատանքներն արժեցել են շուրջ 590 մլն. դրամ:

 

«Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական 48 կոոպերատիվի տրամադրվել է շուրջ 236 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 36 միավոր անիվավոր տրակտոր, 26 միավոր մամլիչ-բարդացիչ և 174 միավոր գյուղատնտեսական այլ տեխնիկա:

 

Նշված ամբողջ գյուղտեխնիկան արժեցել է շուրջ 770 մլն. դրամ: Համայնքներում աշխատանքների ավարտից հետո ՀՀ կառավարության որոշմամբ կառուցված ջրարբիացման համակարգերը սեփականության իրավունքով հանձնվում է համայնքներին, իսկ գյուղատնտեսական տեխնիկան «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին, ինչը համայնքների և կոոպերատիվների համար ձևակերպվում է որպես դրամաշնորհ»: Yerkir.am- Գյուղատնտեսության նախարարության պարզաբանմանը ի հավելումն նշենք, որ այն փաստաթղթը, որը մենք ուսումնասիրել ենք, դրանում հստակ նշված է գումարը և նույնքան հստակ նշված է, որ այդ 520 միլիոն դրամը ծախսվել է խորհրդատվության վրա:

 

Հետաքրքիր է, եթե այդ ծրագրով այդքան աշխատանքներ են կատարվել, ապա ինչու որպես ծրագրի ուղղություն չի նշվել ձեր թվարկվածները: Գյուղնախարարությունը նշում է նաև, որ ծրագիրը իրականացրել է Գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ը, սակայն փաստաթղթում այդ մասին նույնպես որևէ բան չկա նշված: Ավելին նույն փաստաթղթում առկա են ևս մի քանի թվեր համաձայն որոնց, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սննդի անվտանգության կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի շրջանակում 900 միլիոն և 450 միլիոն դրամ ծախսվել է էլի խորհրդատվությունների վրա: Այսպիսով ըստ փաստաթղթի իրականում խորհրդատվությունների վրա ծախսվել է ոչ թե 1.4 միլիարդ, այլ 2.8 միլիարդ: