Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ «Հայկական ժամանակ»-ի` ԵՏՄ-ին անդամակցելու հետեւանքով Հայաստանում բարձրանալու է մսամթերքի և պանրի գինը:
Yerkir.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը մեկնաբանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը` նույն ինքը՝ Պիվի Հակոբը: Նա նշեց, որ ծանոթ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, որը նախատեսում է` ինչ գնով մաքսազերծվում է ապրանքը, այդ գնով էլ վաճառվելու է: «Հիմա կթանկանա, թե` ոչ, դա արդեն պայմանագրի հետ կապ չունի, եթե դրսից բերվում է ապրանքը, եթե տվյալ երկրում, որտեղից ներկրվում է ապրանքը, թանկացել է, ուրեմն` մեր երկրում էլ կթանկանա»,- ասաց պատգամավոր` հավելելով, որ, իր կարծիքով, Հայաստանը գյուղատնտեսական երկիր է, և լավ կլիներ, որ Հայաստանում մսամթերք արտադրվեր:
Հակոբ Հակոբյանի խոսքով` գյուղերում խոտհարքեր կան, որոնք մեծ մասամբ չեն օգտագործվում, այնինչ այնտեղ կարելի էր անասուններ, թռչուններ պահել և միս արտադրել:
Yerkir.am-ի հարցին` ի՞նչ տրամադրություններ ունեն Հայաստանի այն գործարարները, ովքեր ո'չ ՀՀԿ անդամ են, ո'չ էլ` ԲՀԿ, արդյո՞ք նրանք կայուն են զգում իրենց Հայաստանում, պատգամավորը պատասխանեց, որ ինքը բիզնեսի սեփականատեր է և խորհրդատվությամբ է օգնում իր բիզնեսի աշխատողներին: «Աշխատում ենք ու առաջ ենք գնում: Եթե մտավախություններ լինեին, չէինք կարողանա առաջ գնալ»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե ի՞նչ կարծիք ունեն իր ծանոթ գործարարները, որոնք ՀՀԿ անդամ չեն, պագամավորը պատասխանեց. «Որևէ նշանակություն չունի, թե ես որ կուսակցության անդամ եմ, ես հայ եմ ու պետք է ճիշտը խոսեմ: Հանրապետական կուսակցության որևէ անդամ այսօր որևէ արտոնություն չունի: Դուք երևի չեք հավատա` ես, լինելով ՀՀԿ անդամ, իմ բիզնեսներից մեկում վերջերս հարկայինը գրել է խոշոր ակտ: Հիմա գործը գտնվում է դատարանում, դրա համար էլ չեմ ուզում մեկնաբանել: Մենակ ինձ մոտ չէ, շատ շատերի մոտ` լինի պատգամավոր, հանրապետական, թե` ոչ, կապ չունի»:
Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է` անկուսակցական գործարարները հարկային ստուգումների ու տուգանքների արդյունքում փակեն Հայաստանում իրենց բիզնեսները և դրանք արտասահման տեղափոխեն, պատգամավորը պատասխանեեց, որ ոչ ոքի խորհուրդ չէր տա դա անել, որովհետև արտասահմանում շատ հաճախակի են լինում հայ գործարարների սպանություններ:
«Ոչ մի տեղ հայ մարդը ապահովագրված չէ, որքան Հայաստանում: Միշտ հարևանի հարսը գեղեցիկ է թվում»,- ասաց Հակոբ Հակոբյանը: