|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այս շաբաթ կառավարության հերթական նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված հայեցակարգը, որը պետք է նպաստի Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, ներդրումային նոր մեխանիզմների ներդրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը և տնտեսական զարգացման ապահովմանը: Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ զրույցում ասել էր նաև, որ եթե չհավատային այդ հայեցակարգի արդյունքներին, ապա չէին կազմի այն:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանից (ՄԱՊ-ի Ալիկ) Yerkir.am-ը հետաքրքրվեց, թե հավատո՞ւմ է, արդյոք, որ կառավարության ընդունած հայեցակարգը կարող է նպաստել ներդրումների աճին: «Կարելի է հավատալ: Եթե կառավարությունն ասում է, որ պետք է հավատալ, ուրեմն կհավատանք, ի՞նչ է եղել: Առանց հավատի ապրելն էլ մի բան չի, ես սիրում եմ հավատալ ու ոչ մի հիմք չունեմ` այսօրվա կառավարությանը չհավատալու»,- ասաց պատգամավորը:
Մեր դիտարկմանը, որ նախկինում էլ բազմաթիվ լավ հայեցակարգեր են մնացել թղթի վրա և արդյունքներ չեն գրանցել, Ալիկ Պետրոսյանն արձագանքեց, որ հիմա ուրիշ կառավարություն է, վարչապետը շատ լավ է պատկերացնում տնտեսության վիճակը, հետևաբար` այս անգամ կարելի է հավատալ:
Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի այն դիտարկման մասին, թե «տնտեսական աճը սպորտային ցուցանիշ չէ, որ անընդհատ աճի», պատգամավորը ոչինչ չպատասխանեց, բայց մի լավ ծիծաղեց այդ ձևակերպման վրա:
Դիտարկմանը, որ այս և նախորդ կառավարությունները շարունակ հայեցակարգեր ու խորհուրդներ են ստեղծում, օրինակ` կոռուպցիայի դեմ պայքարելու համար, սակայն` ապարդյուն, Ալիկ Պետրոսյանը պատասխանեց, որ եվրոպական երկրներ կան` Իտալիա, Իսպանիա, Հունաստան, որտեղ կոռուպցիայի մակարդակն անհամեմատ բարձր է, քան Հայաստանում: Պատգամավորը վստահ է, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարեն ոչ թե միայն իշխանությունները, այլ բոլոր մարդիկ: «Հասարակությունը ինքը պետք է պատրաստ լինի իսպառ հրաժարվել կոռուպցիայից: Չի կարող այնպես լինել, որ 10 մարդ սիրում է կաշառք տալ ու վերցնել, 1 հոգին էլ պայքարի ու արդյունքի հասնի»,- ասաց նա: