կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-20 18:01
Առանց Կատեգորիա

Ակոսը շատ փորելիս պայքարողի համար խրամատ է դառնում, տկարի համար` գերեզման

Ակոսը շատ փորելիս պայքարողի համար խրամատ է դառնում, տկարի համար` գերեզման

Թատերական ինստիտուտում եմ, սպասում եմ «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին: Զանգում եմ, չի պատասխանում, չեմ պնդում' գուցե ղեկին է: Ու մինչ պարոն Գինոսյանը հետ կզանգահարեր, մուտքի մոտ աստիճաններին հարմար տեղավորված ուսանողներից մեկից ճշտում եմ' կարո՞ղ է եկել է, ես եմ ուշացել: Չէ, դեռ չի եկել: Ուսանողը հարցնում է' Գինոսյանի ուսանո՞ղն եմ, որտեղի՞ց եմ ճանաչում նրան, բա ի՞նչ գործ ունեմ Գինոսյանի հետ:

 

-Հա, լրագրող եք,- ասում է ու մի քիչ կասկածամտորեն ինձ նայում, հետո սկսում է պատմել, որ Գինոսյանն իրենց համար ուղղակի դասախոս չէ:- Ընկեր ա, հասկանո՞ւմ եք, իսկական ընկեր: Դե, չեմ ասում, որ ամեն օր դարդ ու ցավ ենք նրան պատմում, բայց ցանկացած պահի կանգնած է ցանկացած ուսանողի թիկունքին: Հա, ամենակարևորը` ինքը միայն պարել չի սովորեցնում, հայրենիքը, քո ունեցածը սիրել ա սովորեցնում, բայց ոչ թե խրատելով ու մատ թափ տալով: Էդ մենք սովորում ենք իրենից թաքուն' մեզ հետ հասարակ զրույցների ժամանակ:

Հետո էլ կեսկատակ «սպառնում է». «Տե'ս, հա, կարդալու եմ հարցազրույցը, ճիշտ բաներ կգրես»:

***

Yerkir.am-ի զրուցակիցն է «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:

 

Կարինը» ցույց տվեց, որ ազգային երգն ու պարը ոչ թե պահանջարկ չունի, այլ, կարծես, տեղեկացված լինելու, ինքնաճանաչման խնդի՞ր ունենք:

-Դուք կարո՞ղ եք սիրել մի բան, որը չեք տեսել, չեք համտեսել, իհարկե` ոչ, այսինքն' հաճախ մեր մշակույթի և մեր միջև անհասկանալի պատնեշ է հայտնվում: Տձև, անհասկանալի, ժամանցային իբր մշակութային գործերն են մեզ փորձում մատուցել հիմա, բայց ժամանցը երբեք չի կարող մշակույթ լինել: Մշակույթը հոգևոր արժեք է, հոգևոր արժեհամակարգ ու հիմնասյուն, որն ինչ-որ պահի կարող է ցավոտ թվալ, ինչ-որ պահի բարենորոգիչ լինել. նույն այգեպանի գործն է, ով ճիշտ ժամանակին պետք է ծառը տնկի, էտի, խնամի: Մարդիկ հաստ ծառի վրա են պատվաստ անում, և նույնիսկ հասուն ծառի համար պատվաստը ցավ է, քանի որ պետք է պատռել կեղևը և առաջին հայացքից օտար մեկ այլ ճյուղ մտցնել այդ ծառի մեջ: Մյուս կողմից` առանց պատվաստի կատարյալ պտուղ չենք ունենում: Հաճախ այնպես ենք անում, որ նույնիսկ բերքահավաքն էլ չենք վայելում, հետո էլ ասում' ամուլ է մեր ազգը: Ամուլ են ինչ-որ մարդիկ, որոնք իրենց ամլությունը փորձում են տարածել ուրիշների վրա, իրենց տձևությունն ու իրենց հոգևոր չարությունն ուրիշների վրա տարածելով' իրենց չարությունը սքողել: Ազգը երբեք զուրկ չի եղել իր տականքից, և հաճախ պարտվել ենք, տանուլ ենք տվել հենց մեր տականքների պատճառով: «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի ժամանակ, որին ՀՀ վարչապետն էր մասնակցում, մի շարք այլ պաշտոնատար անձինք, փառատոնի մեկնարկը մի քիչ ձգձվել էր, և հանկարծ հայտնվեցին բնակիչներ' փորձելով կասեցնել այդ ամենը: Նրանք եկան ու ոչ թե դիտողություն արեցին կամ խնդրեցին, այլ ոստիկանների հետ եկան' պահանջելով դարարեցնել միջոցառման ընթացքը: Երբ ես, ներողամտություն խնդրելով, ասացի, թե նայեք' բեմում ինչ է կատարվում, սա ազգային մշակույթի վերածնունդն է, մի՞թե դուք հայ չեք, որ նման վերաբերմունք եք դրսևորում, բողոքող մի ծերունի շատ հանգիստ պատասխանեց. «Ես ակադեմիկոս եմ»: Վստահ եմ, որ երբ հայտնի գիտնականներ Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթե Մելքոնյանը, Սիմոն Աչիկգյոզյանը զոհվում էին կռվի դաշտում' հասկանալով, որ այդ պահին իրենց տեղը սահմանի վրա է, մարտի դաշտում, ինչ-որ մարդիկ շարունակում էին այստեղ «ակադեմիկոս» խաղալ և տանուլ տալ հայրենիքը:

 

-Նժդեհն ասում էր' պետք չէ օգնել այն ընկածին, ով ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամք չունի: Մենք էլ  մի տեսակ չե՞նք սպասում, որ կողքից ինչ-որ մեկը ձեռք մեկնի, որ նոր ոտքի կանգնենք:

-Այո, պետք չէ օգնել ընկածին, այն ընկածին, որը չի ուզում վեր կենալ: Պետք է օգնել նրանց, ովքեր ուզում են իրենց տեսակը վերագտնել և ոտքի կանգնել` որպես հայ մարդ: Սա նաև սադրիչ դեր կխաղա նրանց համար, ովքեր այսօր հարմարվել են իրենց հոգևոր ու մտավոր ընկեցիկությանը, համակերպվել իրենց ոչ պատվաբեր կենցաղին, կենսակերպին: Մարդը գնալով կորցնում է իր արժանապատվության գիտակցումը և դառնում կենցաղային հարցեր լուծող տեսակ: Իսկ արժանապատվությունն ամեն օր է պետք վաստակել, և եթե քո ժառանգին ցույց չես տալիս ամեն օրվա տքնաջան, նաև վտանգված ճանապարհով արժանապատվությունը վաստակելու ձևը,  քո ժառանգը նույնպես անարժանապատիվ կյանքի է դատապարտվելու, եթե, իհարկե, նրա ճանապարհին մի հանճարեղ պատվաստ չհանդիպի: Եկող սերունդը հարմարվելու է հարմարվողականությանը, դա նրա համար դառնալու է կենսակերպ, իսկ հետո շատ դժվարությամբ է դուրս գալու այդ հարմարվողական կենսակերպից /եթե, իհարկե, դուրս գա/, քանի որ որքան գութանի ակոսը խորացնում ես, այնքան այդ գութանն ակոսից հանելը դժվար է լինում: Նոր ակոս ստեղծելը դժվար է, ակոսը շատ փորես` պայքարող ոգի ունեցողի համար խրամատ կդառնա, իսկ տկարի համար' գերեզման:

 

-Ասում են' մշակութային դաշտը բաց են թողնում, որպեսզի նա, ում կարիքը կա, զարգանա: Բայց բաց տարածության մեջ մոլախոտի' աճելու ու տարածվելու հնարավորությունն ավելի մեծ չէ՞:

-Այո, բաց թողած դաշտում միայն մոլախոտեր են աճում, ինչն էլ առկա է մեր այսօրվա մշակույթում: Տարիներ առաջ մշակույթի վիճակը շատ ավելի վատ էր, քանի որ իրականում սերմը ցանելուց առաջ անհրաժեշտ է հողը փխրեցնել, իսկ հետո արդեն պետք է քաղհան անել դաշտը: Հայտնի մի դարձվածք կա' պետք է օգնել տաղանդավորներին, միջակներն իրենք իրենց ճանապարհը կհարթեն: Միջակները հենց այդ մոլախոտերն են, որոնք, այո', իրենց ճանապարհը հարթում են` տաղանդներին խեղդելով, որ նրանց ֆոնի վրա չերևա իրենց միջակությունը: Բնականաբար, բլուրը չի կարող պաշտամունքի վերածել Արարատ լեռը, որի շուքի տակ ինքը ստվերում է:

 

-Օրերս Երևանի տոնն էր' «Երևան իմ տուն» խորագրով: Մեզ «մատուցված» տունը որքանո՞վ է մերը:

-Համերգային ծրագիրը, քանի որ մենք Օպերայի բակում պարուսուցման ծրագիր էինք իրականացնում... Իսկ նախորդ տարիներին այնքան էլ տան նման չէր, մանավանդ' նախանցած տարի, երբ ռուսական երգչախումբը հրեական հիթ էր ներկայացնում մեր տան մեջ: Չեմ կարծում' որևէ երկիր իր մայրաքաղաքի տոնին թույլ կտա հայկական հոգևոր երգ ներկայացնել: Յուրաքանչյուր տուն իր կառուցվածքի մեջ ինչ-որ սրբարաններ է պարունակում, քիչ կլինեն տներ, որոնց մի անկյունում սրբապատկեր դրված չլինի: Տունը յուրաքանչյուր մարդու համար սկսվում է այդտեղից: Երևանին նվիրված համերգին պետք է լինեին այնպիսի լուծումներ, որտեղ մեր սրբությունների ամբողջ ծիածանային երանգավորումը կներկայացվեր: Հաճախ տեսնում ենք, որ գերմանացին հազարավոր կիլոմետրեր կտրում-գալիս է, որ Մաշտոցի շարականները լսի Հայաստանում, բայց մենք ինքներս զազրում ենք նման համերգների գնալուց' մտածելով, թե դա արդեն ժամանակավրեպ է: Մշակույթը չի լինում ժամանակակից, լինում է հավերժի մշակույթ և ժամանակավոր մշակույթ: Մեզնից 10 կամ 100 դար հետո էլ, եթե մարդկություն կլինի, հայ մարդու համար Մաշտոցի շարականը ժամանակակից կլինի, իսկ երեկ ու այսօր ստեղծվող ու թիթեռի կյանք ունեցող մշակույթն արհեստական է, մահացումից էլ` ճենճահոտ գցող:

 

-Մոլախոտի պես տարածվող այս հակահայ մշակույթը, ի վերջո, ո՞ր կանգառում է մեզ իջեցնելու:

-Այն ոչ միայն հակահայ է, այլև հակամարդկային: Ասում են' ազգայինը քարոզելով' մենք փակում ենք դեպի համաշխարհային մշակույթ տանող ճանապարհը: Ազգային, իրական, անաղարտ մշակույթը, որը կերտում է հայ մարդու տեսակը, ոչ միայն չի կարող պատնեշել, այլև այն լավագույն կամուրջն է` դեպի համաշխարհային մշակույթ տանող: Հաճախ մեզ պարտադրում են օգտվել ոչ թե Եվրոպայի հացամանից, այլ աղբամանից: Մենք էլ առանց վարանելու նայում ենք' վրան գրված է «Made in Europe», և վերջ, այլևս չենք նայում' դա հոգևոր սնո՞ւնդ է, թե՞ հոգևոր ճահիճ: Այս առումով պետք է զգույշ լինենք, որովհետև, սեփական մշակույթը ծանրակշիռ ձևով իր հոգու խորքում չունենալով, որևէ մի մշակույթ մեզ հասանելի չի լինելու: Մենք մեր ազգային հող վրա պետք է զարգացնենք համաշխարհայինը: Երբ լսում ես Կոմիտասի կողմից վերականգնված «Կռունկը», հասկանում ես, որ դա մարդու ստեղծելիքը չէ, այստեղ Աստծո մատն է խառը, որովհետև այդ մարդիկ ձգտել են ոչ թե դեպի Աստված տանող ճանապարհը գտնել, այլ դեպի ինքն իրեն տանող ճանապարհին հասնել, որովհետև դեպի քեզ տանող ճանապարհի խաչմերուկում կհասցնես տեսնել նաև Աստծուն: Դեպի Աստված տանող ճանապարհին ծնվում է ընդամենը հերթական հավատացյալը, իսկ դեպի քեզ տանող ճանապարհին ծնվում է աստվածամարդ' Կոմիտաս ու Գարեգին Նժդեհ, որոնց ստեղծած արժեքները համաշխարհային են:

 

-Ազգայինը պահպանելու ճանապարհին պետք է նաև երկու ոտքով ամուր կանգնած լինես հողին, գիտակցես, որ այս երկրի քաղաքացին ես: Ինչ-որ մեկը պե՞տք է, ի վերջո, զբաղվի քաղաքացիության գիտակցումը մարդու մեջ բարձրացնելով:

-Ինձ համար ամենամեծ խնդիրներից, որ ես հաճախ բարձրաձայնում եմ, քաղաքացու գաղափարի բացակայությունն է, և ոչ թե քաղաքացի դաստիարակելու ինստիտուտի, անգամ' գաղափարի բացակայությունն է: Այսքան տարիներ ընտրությունների ժամանակ որևէ քաղաքական ուժ չի կարևորել քաղաքացու դաստիարակությունը և ՀՀ քաղաքացի հասկացությունը: Հին հույներն ասում են' լինել քաղաքացի, նշանակում է զոհաբերության մասնակից լինել, իսկ մենք չենք կերտում նվիրումի, ինքնազոհաբերման պատրաստ հային, ինչպիսիք էին Արցախյան հերոսամարտի տղերքը: Ռուբեն Հովսեփյանը օգոստոսին, երբ սահմանին իրավիճակը լարված էր, մի լավ միտք ասաց. «Մեկ օրում երկիրը դարձավ հայրենիք»: Իրոք, տղերքը մեկ օրում երկիրը դարձրին հայրենիք: Մարդիկ պատրաստ էին լքել երկիրը, բայց հայրենիքը պատրաստ չէին լքել: Քաղաքացու տեսլականը պետք է բարձրագույն ատյաններից հնչի: Մեզ պետք է հայի այն տեսակը, որը մշակութապես, գաղափարապես, կրթության մեջ հայ կլինի, ինչպիսին Մերգելյանն էր ու Ալիխանյան կրտսերը: Հպարտություն չէ, որ Հովհաննես Ադամյանը հայ է, քանի որ նա իր հանճարը ծառայեցրեց միայն իր ուռճացված «ես»-ին, ոչ թե ազգի «մենք»-ին: Միգուցե այսօր պետք է գիտնականի հենց այն տեսակը դաստիարակվի, որը պատրաստ է սեփական հանճարը թաղել ազգի տաճարը հառնեցնելու համար, որովհետև հաճախ մենք լծվում ենք օտարի տաճարը հառնեցնելուն, միայն թե մեր տաղանդը ցույց տանք: Այդպես առաջանում են հայերի կողմից կառուցված Սումգայիթներ, Թիֆլիսներ, Բաքուներ... Դրսում գտնվող շինարարն, ի վերջո, Արթուր Մեսչյանի նման պետք է վերադառնա` իր հայրենիքը կերտելու, իր Մատենադարանն ու Կոմիտասի թանգարանը կերտելու, այլ ոչ թե օտարի ճարտարապետությունը զարգացնելու:

 

-Նվիրյալներ, կարծես, շատ ունենք, բայց նրանց համախմբող չկա, մի քիչ շա՞տ չէ անհատի էնտուզիազմի վրա թողած ամեն ինչ:

-Անհատների համախմբողը վաղվա քաղաքացու տեսլականը պետք է լինի: Բայց ես չէի ուզենա, որ որևէ իշխող կամ ընդդիմադիր կուսակցություն կամ քաղաքական ուժ լինի այդ համախմբողը:  Յուրաքանչյուր նվիրյալ այն, ինչ այսօր է անում, տասնապատիկ անգամ ավելի կանի, եթե տեսնի ու վստահ լինի, որ այդտեղ «ես»-ի խնդիր չկա, և, իրոք, պետականաշինության հարց է: Բայց երբ հասկանում ես, որ ինչ-որ մեկը ելնելու է և ինչ-որ մի քաղաքական գործչի փորած անդունդը սկսի գովերգել` ընդամենը վաղվա իր բարեկեցիկ օրն ապահովելու համար, կարծում եմ, որ նման մարդիկ պատմության և մշակութային էջերից պետք է ջնջվեն: Ով գովերգում է օլիգարխիկին, նրա կուսակցությունը և կեղծ փայլը, միևնույն է, վաղվա օրը նրանը չէ: Հողի մեջ թաղված ոսկին ավելի արժեքավոր է,վաղը գտնելու են ոսկին, իսկ նրան դեն են նետելու: Այսօր նմաններին լուսավորում է ինչ-որ մի իշխանիկի ֆինանսական շողքը, և քանի որ նա իր սեփական փայլը չունի, որոշ ժամանակ անց նրանց ուղղակի դեն են նետում:

 

-Վերջին հանրահավաքն ինչի՞ համար էր, մի տեսակ ձևական չէ՞ր ամեն ինչ, արդյունքում` մարդիկ ավելի չհիասթափվեցի՞ն:

-Այդ ձևականությունը գալիս է Սովետական միությունից: Կարծում եմ' կուսակցությունները հորդորել են, որ իրենց կուսակցության անդամները ներկա լինեն հանրահավաքին, և շատերն արդեն գիտեին' ինչ են լսելու: Մարդիկ եկել էին մյուսներին տեսնելու, մի երկու բառ փոխանակելու, «գյալաջի» անելու: Այս դեպքում, բնականաբար, ոչինչ չի փոխվի: Եթե հանրահավաքն ինքնաբուխ չէ, ընդվզում չկա մեջը, ի՞նչ արդյունքի պետք է սպասել: Ի վերջո, Մարտի 1-ը «կառուցող» ճարտարապետը նույն հարթակում էր: Ի՞նչ է, մարդիկ չհասկացան, որ Մարտի 1-ին իրենք մնացին առանց հրամանատար, որը վախենում էր սեփական անձը վիրավորելուց և թողեց' իր ժողովրդին վիրավորեն: Եթե մարդիկ դեռ գնում են նման հրամանատարի հետևից, ի՞նչ ասեմ: Ես տեսել եմ այլ հրամանատարներ, ես տեսել եմ Ալեքսանդր Թամանյան կրտսեր, որը վիրավոր վիճակում 1 շաբաթից ավելի չէր լքում խրամատը, որ մեզ չվտանգի, ես տեսել եմ Լեոնիդ Ազգալդյան, ով խրամատում գտնվող զինվորին ասում էր' գնա, քնիր, ես քո փոխարեն կկանգնեմ, կհսկեմ, ոչ թե փախչում էր տուն և ասում' դուք կռվեք: Գիտե՞ք, վիրավոր Թամանյանին մենք ստիպել ենք, որ հոսպիտալ տանենք, ստիպել ենք' խաբելով, թե իրեն տանում ենք` վիրավոր մի ազատամարտիկի ոգեշնչելու: Նա եկել էր հոսպիտալ առանց գիտակցելու, որ մենք իրեն «թակարդն» ենք գցում, որ վիրահատեն, այլապես վերքն ամբողջովին թարախակալվել էր: Նման դեպքերի համար Նժդեհը մի լավ խոսք ունի, ասում է' հայը սովոր չէ հետևից հրամաններ արձակող հրամանատարի, հայը սովոր է առջևից գնացող և «Իմ հետևից» գոռացող, այլ ոչ թե «Առաջ» գոռացող հրամանատարների: Ես երանի չէի տա այն մարդկանց, ովքեր նորից պատրաստ են գնալ մարտադաշտը լքող հրամանատարի հետևից:

 

-Հասարակական վերջին շարժումները կարծես թե մի կողմից ցույց են տալիս, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է Դեմ եմ պարտադիրին», տրանսպորտի թանկացման դեմ պայքարը/, մյուս կողմից' թվում է, թե մինչև չեն կպչում քո գրպանին, ոտքի չես կանգնում: Ասենք' Սյունիքի մարզպետի նշանակումը որքան անաղմուկ անցավ: Հակասություն չի՞ ստեղծում այս իրավիճակը:

-Մի անգամ, երբ ինձ խնդրեցին ելույթ ունենալ հանրահավաքներից մեկի ժամանակ /իսկ ես, սովորաբար, եթե գնում էլ եմ հանրահավաք' զուտ իրադարձությունների զարգացմանը հետևելու համար եմ գնում/' ելույթիս կեսից խնդրեցին բարձրախոսը փոխանցել մեկ ուրիշին, քանի որ ես ասում էի, թե հույս ունեի, որ ստամոքսի հեղափոխություն չենք անում, այլ' գաղափարի: Ես չեմ կարող լինել այնտեղ, որտեղ ստամոքսի հեղափոխություն է, եթե մենք հեղափոխություն ենք անում, որ յուրաքանչյուրս մի պերաշկի ավելի ուտենք, ես պատրաստ եմ վերջին պերաշկին նվիրել այն մարդկանց, ովքեր դրա համար են գալիս: Ինձ համար կա միայն մեկ հեղափոխություն' գաղափարական և հոգևոր, եթե մենք պատրաստ ենք այդ տձևություններից, արհեստական միտինգավորներից /ինչպես, օրինակ, Փակ շուկայի տիրոջ կողմնակիցներն էին/ մաքրել Հայաստանը, դա ուրիշ հարց է: Քանի դեռ երկրում կան նման «ցուցարարներ», քանի դեռ չենք հասկանում դրա' ողբերգական լինելը, մենք դեռ շատ խոտոր ճանապարհներ ունենք անցնելու: Մի անգամ ակտիվիստներից մեկը հայտարարեց, թե անգամ Կոմիտասի թանգարանը կառուցելու համար չպետք է մեկ ծառ հատվի, հետո ես Արթուր Մեսչյանի հետ կապվեցի, և նա ինձ ասաց, որ ոչ մի ծառ էլ չի հատվելու, ուղղակի ակտիվիստը, Կոմիտասի անունը տալով, փորձել է իր իմիջը բարձրացնել: Ես կասեմ' մի ամբողջ անտառ հատելն էլ քիչ է, որպեսզի մեր մեղքերը քավենք Կոմիտասի նկատմամբ: Երբ հատեցին Հաղթանակի զբոսայգուն հարող անտառի մեծ մասը և սկսեցին օլիգարխիկ շինություններ, մի տեսակ անձայն անցավ այդ ամենը: Իսկ գիտե՞ք, որ այդ անտառը տնկվել էր, որպեսզի Սևանի կողմից  ձմեռային և գարնանային քամիները, որոնք փոշով էին լցնում Երևանը, պաշտպաներ Երևանը: Այսինքն' եթե մենք չենք հասկանում բուն նպատակը և ընդամենը ծառի խնդիր ենք բարձրացնում, թե` դուք իրավունք չունեք ծառ կտրելու,  տգիտություն է, որը դեգրադացնում է պայքարողին: Դիլիջանում հազարավոր ծառեր կան, ծա՞ռ է պետք, գնացեք, այնտեղ ապրեք, բայց եթե դու հասկանում ես այդ մի ծառի առաքելությունը, դու գաղափարական պայքարի ես ելնում, այլ ոչ թե լռում ու վերջում ասում' «սիրուն չէ, մի արեք»: Այստեղ ամենևին էլ գեղեցկության խնդիր չէր:

 

Կարինե Հարությունյան