կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-23 14:57
Քաղաքական

Կարող է՝ կողքի խրամատ է գնում. ՀՀԿ-ականը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին

Կարող է՝ կողքի խրամատ է գնում. ՀՀԿ-ականը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգաավոր Սուքիաս Ավետիսյանը, անդրադառնալով Սեյրան Օհանյանի` ակտիվ քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարությանը, նշեց, որ չի ուզում դեռ կարծիք հայտնել, որովհետև դեռ պարզ չի, որ դիրքերից է հանդես գալու նա:

«Բարով բոլորն էլ մտնեն քաղաքականության մեջ, բայց երբ դիրքորոշում հայտնեն, այդ ժամանակ էլ կխոսենք: Ի՞նչ գիտենք, թե ինչ դիրքերից է հանդես գալու»,- ասաց նա:

Անդրադառնալով Օհանյանի այն հայտարարությանը, թե իրեն բարձր պաշտոններ են առաջարկել, բայց ինքը հրաժարվել է, քանի որ ուզում է առանձին ուժով մուտք գործել քաղաքականություն, Ավետիսյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ` ինչ պաշտոն են առաջարկել Օհանյանին և ինչից է նա հրաժարվել:

Հարցին` նորմա՞լ է համարում, որ Օհանյանը երկար ժամանակ իրենց թիմից էր, հիմա լքում է «խրամատը», Ավետիսյանը կատակեց. «Ի՞նչ գիտեք` լքում է խրամատը, կարող է` կողքի խրամատ է գնում»:

Ասուլիսին ներկա ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն էլ, անդրադառնալով Օհանյանի` քաղաքականություն վերադառնալուն, ասաց, որ դա քաղաքական մեծամասնության ներքին խոհանոցի խնդիր է:

Նա անդրադարձավ առաջիկա ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցության ձևաչափին: Խաչատրյանի կարծիքով` երբ քաղաքական ուժերն իրենց անունից փախչում են, դաշինքով են հանդես գալիս, բայց Գյումրու ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ դա էլ արդարացված չէ: «Ես կողմնակից եմ, որ ամեն մեկն իր անցած ճանապարհով էլ շարունակի,: Ես կողմնակից եմ, որ մենք հանդես գանք որպես ԲՀԿ: Համագործակցության եզրեր միշտ կան, գործընթացները տարբեր են, ընտրությունների կազմակերպման հետ կապված` մենք պատրաստ ենք ցանկացած ուժի հետ համագործակցել, այլ համագործակցության ձևաչափ առայժմ չի քննարկվում»,- նշեց ԲՀԿ-ականը:

Պատգամավորները նաև անդրադարձան ԱԺ-ի կողմից վարկային հերթական համաձայնագրի ընդունմանը: Ըստ Ավետիսյանի`տարին պարտքերով չենք փակում, բայց որոշակի հարկային թերահավաքագրում լինելու է:

Ավետիսյանի այս հայտարարությունից հետո Խաչատրյանը նշեց, որ համաձայն է Ավետիսյանի հետ, որ մենք տարին պարտքով չենք փակում, ապա ավելացրեց, որ մենք դարն ենք պարտքերով փակում:

Հարցին` ո՞ւմ մեղքով էր` նախո՞րդ կառավարության, թե՞ այս, Խաչատրյանը պատասխանեց, որ վերջին կառավարությունների, ապա ավելացրեց, որ վերջին տասը տարվա մեջ 5 միլիարդով ավելացել է մեր պարտքը: Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց` ասելով` մենք 95 թվականից վարկ ենք վերցնում:

Խաչատրյանը նշեց, որ աշխատող վարկը վատ բան չէ, չաշխատող վարկն է վատ բան: Աս մտքի հետ Ավետիսյանը համաձայն էր և նշեց, որ վարկը վատ բան չէ, վարկը պետք է վերցնել, որ այն դառնա հավելյալ արժեք ստեղծող և աշխատող վարկ: