կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-05 18:25
Առանց Կատեգորիա

Ծառուկյանը Սերժ Սարգսյանին նոր գործարք է առաջարկում

Ծառուկյանը Սերժ Սարգսյանին նոր գործարք է առաջարկում

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը և հատկապես` դրա ընթացքում նրա ելույթի շեշտադրումները բացահայտեցին նրա պլանների հետ կապված և ներքաղաքական հետագա զարգացումների տեսանկյունից չափազանց կարևոր երկու նոր իրողություն:

 

Առաջին՝ ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» եռյակը, որպես այլընտրանքային քաղաքական բևեռի ձևավորման գեներատոր և առաջնորդ, այլևս դադարում է լինել գործոն: Առավելագույնը, ինչ վերապահվելու է եռյակի ձևաչափին, խորհրդարանի ներսում համաձայնեցված գործողություններն են: Այն ավելի շատ նպատակաուղղված կլինի Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի ռեսուրսը չկորցնելուն, Ծառուկյանի գործոնից նրանց կախվածությունը պահպանելուն: Խնդիրը միայն այն չէ, որ խորհրդաժողովը հրավիրվեց, փաստացի Տեր-Պետրոսյանի կարծիքը հաշվի չառնելով, Ծառուկյանի անձնական որոշման հիման վրա: Հիմնական պատճառը որոշումների կայացման մենաշնորհը ստանձնելու, այն եռյակից ու Տեր-Պետրոսյանից խլելու և առավել լայն հասարակական-քաղաքական կոնսոլիդացիայի գնալու` Ծառուկյանի ընտրած նոր մարտավարությունն է: Այս խնդիրը Ծառուկյանն իր ելույթում ձևակերպում է առավել քան որոշակի. «Եկե՛ք կազմենք նոր թիմ, ժողովրդին ներկայանանք նոր ծրագրերով և նոր դեմքերով: Ես ուզում եմ, որ հենց Դո՛ւք գաք իշխանության ու դառնաք Հայաստանի պատմությունը նորովի կերտողներից մեկը»: Սա ոչ միայն համազգային այլընտրանքային լիդեր դառնալու հավակնության, այլև իր տրամադրության տակ ունեցած քաղաքական ռեսուրսներով, քաղաքական թիմով այլևս չբավարարվելու ցուցադրություն է: Եվ առաջին հերթին հենց սա է, որ հարուցում է ՀԱԿ-ի տարակուսանքը, քանի որ Ծառուկյանի այս մարտավարության ներքո տեսնում են պայքարի հնարավոր արդյունքներն իրենց հետ կիսելուց հրաժարվելու, զրոյական հեղինակություն և պոտենցիալ ունեցող ուժերին իրենց հավասարեցնելու, այլ կերպ ասած՝ քաղաքական սուբյեկտից իրենց ընդամենը գործիքի վերածելու միտում:

 

Երկրորդ՝ Ծառուկյանն այդ խորհրդաժողովում ամենակարևոր ուղերձները հղեց ոչ թե իր դրոշի տակ հավաքվող և խորհրդաժողովին ներկայացած մարգինալ ուժերին, այլ իշխանությանը: Եվ այդ ուղերձների իմաստը... իշխանությունը կիսելը, այլ ոչ թե, ինչպես նրանից սպասում էին, իշխանությունը պահանջելն էր: Այս առաջարկը Ծառուկյանը փաթեթավորում է, այսպես կոչված, կոալիցիոն իշխանության ձևավորման, մենաշնորհային բնույթ ունեցող իշխանության մոդելից հրաժարվելու գաղափարներով: «Հայաստանում պետք է լինի իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիոն կառավարություն, լինեն իրական կոալիցիոն ավագանիներ, և ոչ մի վատ բան չկա, եթե նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Երևանի քաղաքապետը, մարզպետները լինեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ»,- ասում է նա և ավելի հստակեցնում իր առաջարկը. «Մենք պետք է լրջորեն պատրաստվենք բոլո՛ր ընտրություններին, որովհետև քաղաքական մենաշնորհը վերանում է ընտրությունների միջոցով...»:

 

Ուշադրություն դարձնենք՝ խոսելով կոալիցիոն կառավարության և իշխանությանը մենաշնորհից զրկելու մասին՝ Ծառուկյանը սահուն կերպով շրջանցում է այն հարցի պատասխանը, թե այդ կոալիցիայում նա տեսնո՞ւմ է նաև ՀՀԿ-ին, թե՞ նկատի ունի, այսպես կոչված, «ԲՀԿ-ՀՀԿ» ձևաչափը: Եթե այս հարցը չի հստակեցվում, նշանակում է նա չի բացառում նաև ՀՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությունը:

 

Երրորդ՝ նա խոսում է «բոլոր ընտրություններին» պատրաստվելու մասին: Իսկ «բոլոր»-ի ներքո նկատի են առնվում համապետական ընտրությունները` նախ՝ խորհրդարանական, ապա՝ նախագահական: Ընդ որում` այստեղ խոսքը բացարձակապես արտահերթ ընտրություններին չի վերաբերում: Որովհետև արտահերթի մասին Ծառուկյանը խոսում է որպես այս առաջարկները չընդունելու այլընտրանք. «Եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ»: Առաջին հայացքից նա նոր բան, կարծես, չի ասում: Այս մոդելի մասին նա խոսել է նաև ավելի վաղ: Բայց այն դեպքում, երբ սա ասվում է հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովելուն ուղղված խորհրդաժողովի ժամանակ, Ծառուկյանն առնվազն պարտավոր էր ներկաներին նաև բացատրել, թե այս սխեմաներում ո՞րն է լինելու նրանց՝ խորհրդաժողովին մասնակցող ուժերի դերակատարությունը` նպաստել ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցությա՞նը: Այսինքն` Ծառուկյանի խոսքից պարզվում է, որ այդ կոնսոլիդացիան ապահովվում է, և մարզերում ու Երևանում հզոր հանրահավաքներ անցկացնելու «սպառալիքները» հնչեցվում են զուտ նրա համար, որ պարտադրեն իշխանությանը` համաձայնել իշխանությունը ԲՀԿ-ի հետ կիսելու տարբերակին: Ընդ որում՝ Ծառուկյանը չի էլ հստակեցնում՝ այդ կիսելու կամ, ինչպես ինքն է ձևակերպում, կոալիցիոն կառավարության ձևավորման դեպքում ինքը որոշումների կայացման հսկի՞չ փաթեթին է հավակնում, թե՞ նրան կբավարարի նաև երկրորդի կարգավիճակը, եթե այդ կարգավիճակը կբացառի ՀՀԿ-ի` բացարձակ մեծամասություն ունենալու հնարավորությունը:

 

Այլ կերպ ասած՝ Ծառուկյանը յուրօրինակ կոդերով իշխանությանն առաջարկում է գործարք` եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի սահմանադրական փոփոխությունների գաղափարից, ապա իրենք պատրաստ են քննարկել ապագա խորհրդարանում ուժերի բաշխվածության, ըստ դրա՝ կառավարության պորտֆելների բաժանման հարցը՝ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն չունենալու պայմանով: Եվ այս գործարքում թե' հանրությանը, թե' Ծառուկյանին շրջապատող ուժերին վերապահվելու է ընդամենը իշխանության պարանոցին փաթաթելիք պարանի դերը:

 

Ահա, թե ինչու նա համառորեն չի խոսում արտահերթ ընտրությունների անայլընտրանքայնության մասին: Ահա, թե ինչու է ակնարկում, որ գնդակը գտնվում է իշխանության դաշտում, և ահա, թե ինչու նա այս առևտուրն անելու համար որևէ կոնկրետ ժամկետով իշխանությանը չի կաշկանդում, ինչը վերջինիս հերթական մանևրումներին գնալու հնարավորություն է տալիս:

 

Եվ դա պատահական չէ, որովհետև կողմերը չեն կարող հիմա պայմանավորվել ու երկու տարի, ձեռքները ծալած, սպասել ընտրություններին՝ դրանով բացահայտելով գործարքի կատարման իրողությունը: Այնպես որ` Ծառուկյանը նաև մտածել է այն մասին, թե ինչպես պետք է մարդկանց մինչև խորհդարանական ընտրությունները մատների վրա պարեցնել այնպես, որ նրանք չզգան իրենց պարելը:

 

Գևորգ Աղաբաբյան